Ինչ վիճակում է Լուիզա Ղամբարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի հիվանդության պատճառով վերջերս հետաձգվել էր Սուրեն Շահվերդյանի «Սեւ դառը շոկոլադ» ներկայացումը:
«Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհի Լուիզա Ղամբարյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նրա առողջական վիճակը: «Ես ինձ շատ լավ եմ զգում: Առողջական վիճակս լավ է, իսկ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է: Փա՛ռք Աստծո»,-շտապեց տեղեկացնել նա:

Դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չի հասկանում, թե ինչը կարող էր հանրության մեջ նման աղմուկի պատճառ դառնալ. «Ես ընդհանրապես զերծ եմ մնում նման երեւույթներին արձագանքելուց, պարզապես ունեի առողջական, նորմալ, օրինաչափ, մրսածության հետ կապված խնդիրներ, ինչեւէ… վատառողջ էի, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»:

Հարցին, թե այս պահին ինչ գործունեություն է իրականացնում դերասանուհին, ասաց. «Զբաղված եմ իմ առօրյա գործունեությամբ, ներկայացումներ Դրամատիկական թատորնում, նոր ներկայացման փորձեր, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությունում «Կյանքն ափի մեջ» հաղորդման նկարահանումներով»:

Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ շատ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնեն «Տրամվայ ցանկություն» ներկայացումը, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ: Գլխավոր դերերում հանդես կգան դերասանուհին եւ Արամոն:
«Եվ էլի մի ներկայացման վրա ենք աշխատում, որը դեռ հստակ չէ»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս