Նրանք ձևական են աշխատում, նրանց բարեկամներին չեն սպանում. ռուս վերլուծաբանը` Մինսկի խմբի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են այցը տարածաշրջան: Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռիչարդ Հոգլանդն ու Ստեֆան Վիսկոնտին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանիպում են ունեցել Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, իսկ վերջին այցի շրջանակներում հանդիպել են նաեւ Արցախի Հանրապետության ղեկավար կազմի հետ:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Արբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի եւ հնարավոր զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է միջազգայնագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների փորձագետ, ազգությամբ ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկի հետ:

-Պարո՛ն Տրոֆիմչուկ,այս օրերին տարածաշրջանային այց են կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սա կարո՞ղ ենք համարել հերթական այց, թե՞ Ղարաբաղյան հարցում փոփոխություններ կարող են գրանցվել:

-Արդեն լավ է, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ու զբաղվում են իրենց հիմնական գործով: Սակայն լավ չէ, որ շատ դեպքերում դա արվում է ֆորմալ, ձեւական եւ ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, եւ որը պահանջում են իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները: Ինձ թվում է, որ նրանք աշխատում են այնպիսի ռեժիմով, ինչպես 1990-ականների կեսերին եւ 2000-ի սկզբներին, այսինքն` նրանք հաշվի չեն առնում իրողությունը: Օրինակ՝ այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում` սկսած 2014 թվականի օգոստոսից, սահմանում չորս անգամ գերլարված իրավիճակ տիրեց: Պարզ է, որ այս ամենից Մինսկի խմբի համանախագահները պետք է հետեւություններ անեն, քանի որ իրավիճակը շարքայիններից չէ: Մյուս կողմից՝ ինֆորմացիա եկավ այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են, որ պետք է միջազգային յոթ դիտորդ ավելանա սահմանին: Իսկ ես կցանկանայի այսպես արձագանքել. այնպիսի տպավորություն է, որ կոնֆլիկտի տարածքը միկրոշրջան է: Սակայն ապրիլյան պատերազմից եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո պետք է լինի ոչ թե 7, այլ ամենաքիչը` 700 դիտորդ` ձեռք ձեռքի բռնած, որպեսզի հետեւեն իրավիճակին:

-Այսինքն` Մինսկի խմբի համանախագահների այցերն անարդյունավե՞տ եք համարում:

– Ցավոք սրտի, նրանք ձեւական են աշխատում, եւ դա այն պարզ պատճառով, որ նրանք իրենց համար հանգիստ ապրում են, նրանց բարեկամներին չեն սպանում: Ցավոք սրտի, այն չի բերելու խնդրի կարգավորման:

-Իսկ ի՞նչ սպասել առաջիկայում: Կոնֆլիկտը դեռ որքա՞ն երկար կարող է շարունակվել:

-Կոնլֆիկտըը կշարունակի զարգանալ: Ինչու եմ ես այսպես տրամադրված, որովհետեւ իրավիճակը զարգանում է 2014 թվականից հետո, երբ իրադարձությունները փոխվեցին նաեւ միջազգային մակարդակով: Եվ արդեն այդ ամենի համատեքստում պատերազմը հավանական է, եւ մենք ոչինչ չենք անում` դա կանգնեցնելու համար: Այդ պատճառով էլ գեոքաղաքական ֆոնը բարենպաստ չէ, որպեսզի խոսենք կոնֆլիկտի դադարեցման մասին: Ղարաբաղյան կոնֆլիկտը չի սառեցվի, մենք հիմա էլ ենք տեսնում, որ տարբեր փորձագետներ նշում են, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի դրական զարգացում չենք կարող սպասել: Միեւնույն ժամանակ մենք գիտենք նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, երբ նա ասաց, որ չկա այլ որոշում, բացի նրանից, որ իրավիճակը պետք է զարգանա բանակցային գործընթացների շրջանակներում: Լսելով նման հայտարարություններ՝ Ադրբեջանը կարող է մտածել, որ իրավիճակը վերադառնում է 1994-ի դիրքերին: Պետք չէ դրական հետեւություններ անել Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում:

-Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ստատուս-քվոյի փոփոխություն է անհրաժեշտ: Օրեր առաջ նման հայտարարություն եղավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Առաջիկայում կարո՞ղ ենք սպասել նման զարգացումների:

-Ստատուս-քվոն փաստացի 2016 թվականի ապրիլին արդեն փոփոխվել է: Ստատուս-քվոն այն իրավիճակն էր, որում գտնվում էինք 1994 թվականից սկսած: Սակայն 2016 թվականի ապրիլի 5-ից ստատուս-քվոն արդեն փոփոխվել է, քանի որ սահմանային փոփոխություններ են եղել: Հետեւաբար իրավիճակը սրացված է, եւ ասել, որ ստատուս-քվոն պահպանվում է, սխալ է: Հարցն այժմ այլ է. արդյո՞ք հնարավոր է նոր տարածքային փոփոխություններ: Ադրբեջանն ուղիղ եւ հստակ ասում է, որ ստատուս քվո չկա:

Իսկ առաջիկայում ի՞նչ կարող ենք սպասել: Լայնամասշտաբ պատերազմի հավանականություն առկա՞ է:

-Պատերազմը հիմա միշտ հնարավոր է, պրովակացիաները եւս հնարավոր են, եւ հենց դրանք են բերում պատերազմի: Ադրբեջանը հիմա պատրաստ է նոր ծրագրեր մտածել` ղարաբաղյան հակամարտության գործընթացների առումով: Թուրքիան է ակտիվացել եւ ցանկանում է այդ գործընթացների մասին կազմել: Հստակ կարելի է ասել, որ տարածաշրջանը գտնվում է պայթունավտանգ իրավիճակում, եւ պատերազմի հավանականությունը պետք չէ բացառել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս