Շիրակի մարզի խոշորացված Սարապատում մի շարք հիմնախնդիրներ լուծված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել են Շիրակի մարզի խոշորացված Սարապատ համայնք, հանդիպել համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու, վարչական ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վաչե Տերտերյանն ու Արթուր Խաչատրյանը ներկայացրել են տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի առաջնայնությունները, գործընթացային և առօրյա աշխատանքին վերաբերող կարևոր հիմնահարցեր:
Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը ներկայացրել է անցած ամիսներին իրականացված աշխատանքները, որոնք հնարավոր են եղել իրականացնել միայն բնակավայրերի հնարավորությունների միավորման արդյունքում:

Կարողացել ենք ձեռք բերել երկու տրակտոր, որոնց միջոցով իրականացրել ենք Սարապատ-Գոգահովիտ-Հողմիկ 7 կմ ճանապարհահատվածի, Սալուտ – Բաշգյուղ – Փոքր Սարիար – Կաքավասար – Սարապատ – Ձորաշեն բնակավայրերի 28 կմ, Թորոսգյուղ – Լեռնագյուղ – Բաշգյուղ 5 կմ ճանապարհների հարթեցման և հողային աշխատանքներ, ինչն իրապես կարևոր աշխատանք էր բոլոր այս բնակավայրերի համար,- ասել է Ա. Մանուկյանը:
Համայնքի ղեկավարի տեղակալն էլ, որը մինչ խոշորացումը ղեկավարել էր Փոքր Սարիար համայնքը, նկատել է, որ մինչ խոշորացումը թերահավատորեն էի նայում միավորման արդյունավետությանը, սակայն հիմա դրական տեղաշարժերը երկար սպասեցնել չտվեցին: Նրա խոսքով, Փոքր Սարիարի համար դաշտային աշխատանքների իրականացման անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը երազանքի նման մի բան էր 20 տարի շարունակ, սակայն հիմա Սարապատն ունի 3 միավոր տեխնիկա, որն առավել դյուրացնում է գյուղատնտեսական աշխատանքները:

Ձեր օրինակը լավագույններից մեկն է, երբ համայնքի խոշորացումն արդյունք է տվել, իրականացվել են ծրագրեր, որոնք մինչ խոշորացումը չէին կատարվել,- նշել է Վաչե Տերտերյանը:
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներին: Մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորել է սեփական եկամուտների ժամանակին հավաքագրումը: Հավասարակշիռ թիմ եք ձևավորել, կարող եք աշխատել, մնում է ձեր աշխատանքը լինի թափանցիկ, վստահ եմ հարկերի հավաքագրման ցուցանիշներն առավել կբարձրանան, եթե դուք ապահովեք բյուջետային ծախսերի վերաբերյալ բացարձակ թափանցիկություն,-ասել է Շիրակի մարզպետը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն




Լրահոս