Նոր զարգացումներ են հասունանում. ո՞ւմ է թիրախավորել Արտեմ Ասատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան քաղաքական դաշտը միանշանակ կարելի է նկարագրել հետևյալ կերպ` քանի դեռ Սարգսյանը փակ է պահում ապագայի վարագույրները, մնում է միայն մի բան` սպասել և հուսալ:

Պարզից էլ պարզ է, որ մեր իշխանությունները պատրաստ չեն հասկանալու, որ համակարգի բարեփոխումներով երբեք չեն կարող շարունակել զբաղվել մարդիկ, ովքեր տարիներ շարունակ տապալել են այդ համակարգի արդյունավետ գործառնությունը: Իսկ, օրինակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ժամանակաշրջանն աչքի է ընկել միայն նախարարի մտերիմների ձերբակալմամբ, սկանդալներով, կոռուպցիոն թեմաներով և անարդյունավետ գործունեությամբ:

Այսպես, արդեն տևական ժամանակ է` լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ սրվել են նախարար Արտեմ Ասատրյանի և վարչապետի նախկին օգնական, ներկայիս սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի հարաբերությունները:

Ըստ նույն լուրերի` Մարգարյանի ռեֆորմիստական ծրագրերին ամեն կերպ խոչընդոտում է Արտեմ Ասատրյանը, իսկ վերանշանակվելուց հետո ամբողջ ուժով լծվել է երիտասարդ փոխնախարարին մեկուսացնելու գործին: Նախարարն ամեն կերպ ջանում է ստվերում պահել փոխնախարարին և նրա գործունեությունը:

ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ թիվ մեկ տուն-ինտերնատում տեղ գտած ապօրինություններն ու խայտառակ իրավիճակը բացահայտող տեսանյութերից հետո «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին հաջողվել էր ներկա գտնվել տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթին, որի մասին նախօրոք տեղեկացրել էին նախարարին և ստացել նրա բանավոր թույլտվությունը:

Սակայն, տեղեկանալով դաշինքի ներկայացուցիչների` նախարարությունում անցկացվող մրցույթին ներկա գտնվելու մասին (որի գլխավոր հավակնորդը նախարարի մտերիմ ընկեր Վահան Զուրաբյանն էր), նախարարը մեղադրել է փոխնախարար Մարգարյանին` ԱԺ պատգամավորի մասնակցությունը թույլատրելու համար:

Մեր աղբյուրներից պարզ դարձավ նաև, որ փոխնախարարը թույլատրել է մրցույթին «Ելք»-ի ներկայացուցիչների մասնակցությունը` պնդելով, որ գործընթացը պետք է լինի ամբողջովին թափանցիկ, հիմք ընդունելով նաև նախարարի հետ նրանց պայմանավորվածությունը:

Ըստ երևույթին նախարարին դուր չի եկել փոխնախարարի նախաձեռնողականությունն ու նախարարության խնդիրները լուծողի կարգավիճակում հայտնվելը:

Հիշեցնենք, որ մինչ Ասատրյանի վերանշանակվելը, Մարգարյանը հանդիսանում էր նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդը: Սակայն վարչապետին այդպես էլ չհաջողվեց ստանալ նախագահի հավանությունը Ասատրյանին պաշտոնանկ անելու և նոր նախարար նշանակելու հարցում:




Լրահոս