ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ՝ ԻՐ ԻՍԿ ԼԱՐԱԾ ԾՈՒՂԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնվել է իր իսկ փորած փոսում: Բանն այն է, որ ԵՄ-ն դեռ 2015թ. ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկացնել 12 մլն եվրո՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար:

Այդ գումարի շրջանակներում Հայաստանում պետք է ընդունվի «Խտրականության մասին» օրենքը, որով կարգավորվելու են նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքները: Բացի այդ՝ ԵՄ համաձայնագրում նաեւ կոնկրետ պահանջ կար՝ ստեղծել սեռական փոքրամասնությունների հարցով զբաղվող հատուկ մարմին կամ հանձնաժողով: Նկատենք, որ հիմա կա երեխաների, զինծառայողների, փախստականների իրավունքների պաշտպան, եւ օրենքի ընդունումից հետո պետք է ստեղծվի նաեւ սեռական փոքրամասնությունների օմբուդսմեն: Ու վերջապես, ծրագրի երկրորդ փուլից արդեն պետք է կազմակերպվեին սեռական փոքրամասնությունների վերաբերյալ իրազեկումներ, նրանց նկատմամբ հանդուրժողականության քարոզչություն:
Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության անունից ԵՄ-ի հետ բանակցություններում ներգրավված է եղել այն ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Սկզբում ԵՄ-ն առաջարկել է Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններին կից ստեղծել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ, որն էլ պետք է զբաղվեր այդ հարցերով: Բայց քանի որ գումարները փոշիացվելու մտավախություն է եղել, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը պնդել է, որ այդ հարցերով զբաղվի ՄԻՊ-ը. ի վերջո, այն անկախ մարմին է, եւ հետո հենց ՄԻՊ-ն է կոչված պաշտպանելու մարդկանց, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները: Բացի այդ՝ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նկատմամբ կար ընդգծված բացասական վերաբերմունք:
ԵՄ-ն էլ ընդունել է առաջարկը, որ ՄԻՊ-ին կից ստեղծվի սեռական փոքրամասնությունների պաշտպան: Բանակցություններում նաեւ որոշվել է ՄԻՊ-ի վրա դնել մեկ այլ պարտականություն եւս՝ ծրագրի արդեն երկրորդ փուլում պետք է անցկացվի իրազեկում, այսինքն՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ քարոզվի հանդուրժողականություն:
Եթե հաշվի առնենք Հայաստանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ մերժողական վերաբերմունքը, միանգամայն պարզ է, թե կառավարության առաջարկով հանուն այդ 12 մլն եվրոյի, ՄԻՊ-ի վրա ինչպիսի ծանր բեռ էր դրվել: Միայն թե, ճակատագրի հեգնանքով, այսօր ստացվել է այնպես, որ ՀՀ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է նույն Արման Թաթոյանը, եւ հիմա հենց նրան է «բախտ վիճակվել» զբաղվելու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ ու նրանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզելով: Գործողություն, որի իրականացումը նա ժամանակին բարդեց իր կողմից չսիրված Անդրեասյանի վրա, սակայն ողջ կուժն ու կուլան կոտրվեցիր գլխին:
Ի դեպ, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ նրանց նկատմամբ հանդուրժողականության քարոզչությունն արդեն իսկ սկսվել է. օրերս Երեւանի փողոցներում այդ թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ են փակցվել: Բայց մի քանի օր անց քաղաքապետարանի որոշմամբ դրանք հանվել են. պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գովազդային պաստառները փակցվել են ապօրինի՝ առանց համապատասխան որոշման: Իրականում, իհարկե, պաստառները հանելու պատճառներն այլ են, պարզապես հայ հասարակությունն անհանդուրժող է սեռական փոքրամասնությունների նկատմամբ, հետեւաբար քաղաքապետարանը զգուշացել է ավելորդ աղմուկից: Բայց նկատենք, որ այս հարցում, այնուամենայնիվ, պետք է դիրքորոշում հայտնի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Առավել եւս, որ հենց ՄԻՊ-ի վրա է դրված սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ նրանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզելու իրավասությունը:
Միջադեպից անցել է մի քանի օր, բայց Արման Թաթոյանը ձայն չի հանել, լռում է, ինչպես ձուկը: Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից մեկնաբանություններ ստանալ, սակայն ողջ օրվա ընթացքում Թաթոյանի հեռախոսահամարն անհասանելի էր: Ավելի ուշ տեղեկացանք, որ Թաթոյանը մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպմանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից մեկն էլ եղել է խտրականությունների դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը: «Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցությունը շարունակելու եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ ուշագրավ փաստ էլ. դեռ 2015թ. ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել էր «Խտրականության մասին» օրենքի նախագիծը: Սակայն հասարակական ճնշման տակ այս նախագիծն անորոշ ժամանակով մի կողմ դրվեց: Բայց երկար չի մնա դարակներում, եւ բրյուսելյան այս այցի ժամանակ արդեն ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որ «երկնագույնների իրավունքների պաշտպանությունը» Հայաստանում եւս սկսվի:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ՕԾԱՆԵԼԻՔԸ` ՀԱՏՈՒՑՈՒՄ
Աշտարակի քաղաքապետարանը բյուջեի միջոցներով կանացի օծանելիք է գնել՝ վճարելով մոտ կես միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ գնվել է 23 հատ «Սենշուալ Կարմիր» անունով կանացի օծանելիք` 50 մլ տարողությամբ: Իսկ յուրաքանչյուր օծանելիքի համար վճարել է 19 հազար դրամ: Ստացվում է, որ քաղաքապետարանի բյուջեից 23 հատ օծանելիքի համար ծախսվել է 437 հազար դրամ: Ում համար են գնվել այդ օծանելիքները հարցին Աշտարակի փոխքաղաքապետ Գեւորգ Եղիազարյանն ասաց. «Համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող օբյեկտների` մանկապարտեզների դայակների, երաժշտական դպրոցների մանկավարժների, ինչպես նաեւ` քաղաքապետարանի աշխատակազմի լավագույն աշխատակիցների համար: Օծանելիքները նվիրվել են ապրիլի 7-ի առիթով»: Ի դեպ, բացի օծանելիքից՝ կանանց ապրիլի 7-ի առիթով նվիրվել են նաեւ ծաղկեփնջեր, որոնք, ինչպես Եղիազարյանը շտապեց տեղեկացնել, գնվել են տղամարդկանց միջոցներով: Չի բացառվում, որ օծանելիքները նվիրվել են այն աշխատակիցներին, որոնք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մեղվի պես աշխատել են ՀՀԿ-ի համար:

 

 

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ
Հաջորդ ամիս կլրանա Բաղրամյան պողոտայում «էլէկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողների գործով նախաքննության երկու տարին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ քննիչները բողոքի ակցիայի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողներին կանչում են հարցաքննության, սակայն վերջիններս հրաժարվում են ներկայանալ՝ պատճառաբանելով, որ չեն հավատում, թե իրավապահները կարող են պատժի ենթարկել որեւէ մեկին: Հիմա քննիչները գործով տուժողներին համոզում են՝ ասելով, որ առաջիկայում ավարտվելու է նախաքննությունը, ուստի ցուցմունքները անհրաժեշտ են:

 

 

ԴԺՈԽՔ ՉԵՆ ԴԱՐՁՆԻ
Երեկ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե պատրաստվում են վերցնել իրենց հասանելիք Երեւանի ավագանու մանդատները: Ասել է, թե Փոստանջյանը պատրաստվում է դժոխքի վերածել Տարոն Մարգարյանի կյանքը, ինչպես եւ խոստացել էր. «Դուք կտեսնեք, թե Տարոն Մարգարյանը աշխատելու է Զարուհի Փոստանջյանի մոտ որպես բռնազավթիչ քաղաքապետ»,-հայտարարել է Փոստանջյանը: Արդյո՞ք Երեւանի ավագանու նորընտիր «Ելք» խմբակցությունը եւս այսպիսի տրամադրվածությամբ է պատրաստվում մասնակցել ավագանու նիստերին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց, որ իրենց դաշինքին հետաքրքրում է միայն երեւանցիների կյանքը` հարազատ քաղաքում ապրելու, աշխատելու, հանգստանալու հարմարավետության առումով. «Մենք քաղաքացիներից 14 մանդատ չենք ստացել՝ ինչ-որ մեկի կյանքը դժոխք դարձնելու համար։ Մեր ընտրողները սպասում են իրենց խնդիրների լուծմանը եւ մեր արդյունավետ աշխատանքին»:

 

 
ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ
Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության երեք պատգամավորների՝ Հարություն Ղարագյոզյանի, Խաչիկ Մանուկյանի եւ Արտյոմ Ծառուկյանի լիազորությունները դադարեցվել են: Համապատասխան արձանագրությունն Ազգային ժողովի նախագահը երեկ ստորագրել է եւ պատճեններն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, որ հրաժարականի դիմումներ ներկայացրած այդ երեք պատգամավորները դեռեւս մայիսի 2-ին էին ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել ԿԸՀ՝ հրաժարվելով մանդատներից, սակայն հաջորդ իսկ օրը գնացել էին եւ պահանջել իրենց մանդատները: Թե ինչու նրանք կրկին ինքնաբացարկի դիմում ներկայացրին, մինչ օրս չեն պարզաբանել:

 

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ¬ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ։ Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը: «Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսվում է ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում: Դրանք կոչնչացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում. դրա համար նախատեսվել է 1.3 մլն եվրոյի ներգրավում»,¬ նշել է Իսրայելյանը՝ հավելելով, որ ծրագրի երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը եւ սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանը Միքայել Սողոմոնյանին նշանակել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

 

 

ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ Է
Ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների հավասարակշռությունը անխախտ է։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը haqqin.az-ին։ «Այո՛, Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է ու ակտիվ աշխատում է այդ եռյակում։ Եվ այսպես, եթե չեմ սխալվում՝ 2013-ին, ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների նախագահները հայտնել են, որ պատրաստ են աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց կարգավորման հասնելու հիմնական խնդիրը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ուսերին է։ Մենք մեր կողմից կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է Կարասինը։

 

 

ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ
Հայաստանն ու Կիպրոսը համաձայնագրեր են ստորագրել ռազմական համագործակցության ծրագրի մասին ու պայմանավորվել են գաղտնի տեղեկությունների փոխանակության ու պաշտպանության մասին։ Համաձայնագրերը ստորագրվել են ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի՝ Կիպրոս կատարած այցելության ժամանակ։ Վիգեն Սարգսյանի ու Կիպրոսի Պնախարար Քրիստոֆորոս Ֆոկաիդեսի միջեւ բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։

 

 

ԿԱՅՑԵԼԻ
Մայիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: ԱԳՆ հաղորդմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի հանրապետության նախագահը։




Լրահոս