ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ 4 ՄԼՆ ԲՆԱԿԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշո՞ւմ եք նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի խոստումը. «Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասել էր Սերժ Սարգսյանը` մատնանշելով ուղղությունները, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել նշված ցուցանիշը.
1. արտագաղթի դադարեցում,
2. ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում եւ
3. արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ելույթի` տնտեսական ոլորտի վերաբերյալ լուրջ վերլուծություններ անելը միանգամայն անիմաստ զբաղմունք է, քանի որ նրա ներկայացրած ծրագրերը միշտ հեռու են եղել իրականությունից, իսկ խոստումներից շատ-շատերը պարզապես մնացել են անկատար: Եւ այսօր դժվար է գտնել մեկին, որ լուրջ ընդունի նաեւ այս խոստումը, կհավատա, որ, օրինակ, 2040 թվականին Հայաստանի բնակչությունը երբեւէ կարող է հասնել 4 միլիոնի: Որեւէ մեկը չի հավատա, քանի որ չկան եւ չեն էլ նշմարվում Հայաստանում առաջիկա տարիներին արտագաղթի դադարեցման, ծնելիության ավելացման կամ ներգաղթի նախադրյալներ: Ընդհակառակը, ժողովրդագրական առումով իրավիճակը գնալով էլ ավելի է վատթարացել. Հայաստանից արտագաղթը շարունակվում է անդադար:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում երկրից արտագաղթել է 14 հազար 984 մարդ: Ճիշտ է՝ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ՝ այս տարի արտագաղթողների թիվը պակասել է. 2016թ. արտագաղթել էր 16 հազար մարդ, բայց միայն փաստը, որ արտահոսքը շարունակվում է, ինքնին մտահոգվելու տեղիք է տալիս: Բացի այդ՝ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը, որն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 981.5 հազար հոգի, մինչդեռ այն մեկ տարի առաջ 12.9 հազարով շատ էր:
Բայց ներկայացված թվերը միայն այսբերգի երեւացող մասն են: Իրականությունը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Եւ Հայաստանից արտագաղթի ծավալների մասին պատկերացում կազմելու համար կարելի է վերլուծել տարբեր ոլորտների ցուցանիշներ: Վերցնենք, օրինակ, աշակերտների թվաքանակի դինամիկան կամ հացի արտադրության ծավալները: Սրանք այն հիմնական ցուցանիշներն են, որոնք անուղղակի, սակայն, միանգամայն ճշգրիտ արտացոլում են ժողովրդագրական վիճակը:
Եւ այսպես, ԱՎԾ տվյալներով՝ 1997-1998 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորել է 597.8 հազար աշակերտ: 2005-2006թթ. արդեն աշակերտների թիվը դարձել է 477.9 հազար, 2008-2009թթ. այդ թիվը էլ ավելի է նվազել` 414.8 հազար: 2011-2012թթ. դպրոցներում սովորողների քանակը դարձել է 386.4 հազար, իսկ արդեն 2015-2016թթ. Հայաստանի դպրոցներում սովորել է 364.4 հազար աշակերտ: Ուշադրություն դարձրեք այս դինամիկային. 18 տարվա ընթացքում աշակերտների թիվը պակասել է 233.4 հազարով կամ 40 տոկոսով, իսկ միայն վերջին տասը տարիներին` 113.5 հազարով կամ 24 տոկոսով:
Հայաստանում այս տարիներին նվազել են նաեւ հացի արտադրության ծավալները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1998թ. Հայաստանում արտադրվել է 373 հազար տոննա հաց, 2006թ. հացի արտադրության ծավալները կազմել են 295 հազար տոննա, 2009-ին` 298 հազար տոննա, 2015-ին` 297 հազար տոննա եւ վերջապես` 2015թ. արտադրվել է 284 հազար տոննա, իսկ նախորդ տարի` 277.9 հազար տոննա հաց: Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է նաեւ հիմա. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին այն պակասել է 2.4 տոկոսով: Գաղտնիք չէ` հացը այն մթերքներից է, որ օգտագործվում է բոլոր ընտանիքներում անխտիր, եւ հացի արտադրության ծավալներն ուղիղ համեմատական են բնակչության թվին: Իսկ հանրահաշվական պարզ գործողությունների միջոցով կարելի է բնակչության թվի վերաբերյալ բավական ճշգրիտ պատկեր կազմել (ըստ այդմ, այսօր մոտ 1.7-1.8 մլն մարդ է ապրում Հայաստանում):
Այնպես որ, իշխանությունները նախ եւ առաջ պարտավոր են կտրուկ քայլեր անել` իրավիճակը շտկելու, արտագաղթը դադարեցնելու ուղղությամբ, որից հետո նոր կարելի է խոսել բնակչության թիվը ավելացնելու մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿԱՐՄԻՐ ԽԱՉՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Կարմիր խաչի միջազգային կազմակերպության արցախյան գրասենյակը որոշել է ընդլայնել առաքելությունը: Մասնավորապես, ըստ նույն տեղեկությունների` ավելանալու են աշխատատեղերը, բաժինները համալրվելու են նորեկներով:

 

 

ԾԱՆՈԹ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: Պետք է համակարգից հեռացվեն մոտ 480 աշխատակիցներ, ՊԵԿ-ում նաեւ վարչություններ կկրճատվեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, եւ տեւական ժամանակ է, ինչ աշխատակիցները, դռնեդուռ ընկած, ծանոթ-բարեկամ են փնտրում` կրճատման տակ չընկնելու համար: Իսկ մի մասն էլ լուրն իմանալուն պես դիմում է գրել եւ ինքնակամ հեռացել:

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԳԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հերթական որոշումն է կայացրել ընդդեմ Հայաստանի: 2006 թվականին ոստիկանների կրակոցներից մահացած Սեյրան Այվազյանի քույրը, հանդիսանալով տուժողի իրավահաջորդ, դիմել էր ՄԻԵԴ՝ պնդելով, որ նախաքննական մարմինը ապօրինի կերպով կարճել է քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով: Այս անգամ գործադիրը պարտավոր է 15 հազար եվրո փոխհատուցում վճարել տուժողին: Նկատենք, որ կառավարությունը հաճախակի է ստիպված լինում պետբյուջեից գումարներ հատկացնել արդարադատության նախարարությանը փոխհատուցումները վճարելու համար: Ամենաթարմ օրինակը երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ կայացրած որոշումն էր:
Ըստ այդ որոշման՝ արդարադատության նախարարությանը կհատկացվի 3 հազար 600 եվրո՝ Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանին վճարելու համար: Ասել է, թե դեռ մեկը չմարսած, մյուսն է հայտնվում: Հետո էլ զարմանում ենք եւ հարցնում, թե ինչո՞ւ է անընդհատ մեր բյուջեն ճեղքվածք տալիս: Ինչեւէ: Դեռեւս ամիսներ առաջ այնժամ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հայտնել էր, որ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հիմնական պատճառը մեր դատական համակարգում առկա խնդիրներն են: Տեսնենք, թե Հարությունյանը ինչ քայլեր է իրականացնելու այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, երբ արդեն ինքն է ՀՀ արդարադատության նախարարը:

 

 
ԸՆԴԴԵՄ ԳՐԱՆՏՆԵՐԻ
Հայաստանի կառավարությունը կուժեղացնի պետական դրամաշնորհների ծախսման վերահսկողությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հիմա դրամաշնորհներ ստացողները ստիպված կլինեն ոչ միայն հրապարակել իրենց կազմակերպությունների անունները, այլեւ ծրագիրը, որի համար դրամաշնորհ են ստացել, իսկ ծրագրի ավարտից հետո՝ արված աշխատանքի հաշվետվությունը:

 

 

ԷԼԻ ՍԱԴՐԵԼ ԵՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ՝ նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ եւ տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երեւակայության հերթական արգասիք: Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:

 

 

3.2 ՏՈԿՈՍ ԱՃ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեեւ այս տարի նախատեսել են 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն ջանքեր են գործադրելու, որ մի փոքր ավելի բարձր լինի, ինչը լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին: «Տնտեսական աճի գործոնները գալու են ե՛ւ ներքին տնտեսությունից, ե՛ւ արտաքին տնտեսության զարգացումից»,-ասաց նա: Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ Վարդան Արամյանն ասաց, որ առաջին եռամսյակի ուղղակի ներդրումների ցուցանիշը հրապարակվել է, եւ ունեն շուրջ 30 տոկոսանոց աճ:

 

 

ՀԻՄԱ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆ
ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համեմատությամբ՝ Ադրբեջանում տիրող դեգրադացիային զուգահեռ Արցախի Հանրապետությունում վեջին տասը տարիներին տնտեսական աճը տասը տոկոսից պակաս չի եղել: «Արցախում տեղի են ունենում բավականին լուրջ տնտեսական գործընթացներ, քաղաքական կայուն իրավիճակ է»,- ասել է պարոն Իսագուլյանը: Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ սկսել են օբյեկտիվ հայտարարություններ անել, ինչը ՀՀ-ում տարբեր պետական պաշտոնյաների կողմից սխալ է մեկնաբանվում. «Հայտարարում են, թե տեսնում եք՝ հասանք նրան, որ հակաադրբեջանական հայտարարություններ են անում, հակաադրբեջանական չէ, պարզապես հիմա տալիս են օբյեկտիվ գնահատական: Մեզ մոտ նման հայտարարությունները տեղին չեն»:

 

 

ԱՐՑԱԽԻ ԱՃԸ
Արցախում այս տարվա մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), 2016թ. մարտի համեմատ, աճել է 7.8 տոկոսով, 2017թ. փետրվարի համեմատ` 6.2 տոկոսով, իսկ 2017թ. հունվար-մարտին (աճողական) , 2016թ. հունվար-մարտի համեմատ` 11.5 տոկոս: Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից ArmLur.am-ին հայտնում են, որ 2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 8.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 4.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 297.1 հազ. դրամ, 611.6 ԱՄՆ դոլար կամ 573.5 եվրո:




Լրահոս