ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության հավակնոտ ծրագրի տխուր հեռանկարը. խաղի կանոնները չե՞ն փոխվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա նիստում հաստատեց 2017-22թթ. գործունեության ծրագիրը: Անգամ հասցրին այն անվանակոչել «հավակնոտ»:
«Կառավարության ծրագիրը բավականին ամբիցիոզ խնդիրներ է դրել իր առջեւ, մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ուզում հասնել ե՛ւ տնտեսական աճի վերաբերյալ, ե՛ւ գործազրկության վերաբերյալ, ե՛ւ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ, ե՛ւ արտահանման ծավալների, ինչպես նաեւ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: Բացի այդ, ըստ ոլորտների՝ հստակ ձեւակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները, անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարենք այդ նպատակներին հասնելու համար»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը 122 էջանոց ծրագրին, իրոք, լավ բնորոշում է տվել. խոստումները շատ հավակնոտ են. «ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը եւ երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի եւ աշխատավարձի մեդիանայի համամասնությունը»,- ասված է ծրագրում:

Նկատենք, սակայն, նման խոստումներ հնչել են նաեւ նախկինում, բայց ծրագրերն այդպես էլ մնացել են թղթի վրա:
Հիմա հերթը Կարեն Կարապետյանի կառավարությանն է. դժվար է պատկերացնել, թե նրանք ինչպես են ապահովելու ծրագրի իրականացումը, եթե Հայաստանում չեն փոխվել արդեն 20 տարի շարունակ գոյություն ունեցող խաղի կանոնները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս