Արտառոց դեպք Սյունիքի մարզպետարանում. երևանցի տաքսիստը մարզպետից օգնություն չստանալով` դիմել է այլ «մեթոդի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի մարտի 16-ին Սյունիքի մարզի բնակիչ Աշոտ Քարամյանը մի հարցի հետ կապված գնացել է մարզպետարան: Տեսնելով, որ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի թիվ 510 աշխատասենյակում մարդ չկա և այնտեղ դրված են վերոնշյալ բաժնի աշխատակիցների պայուսակները` գործի է անցել: Ասել է, թե Աշոտ Քարամյանը տեսնելով աշխատակիցների պայուսակները` մոռացել է` ինչ համար է գնացել մարզպետարան:

Այսպիսով, պարզեցինք, որ նա մարզպետարանի աշխատակցուհուն պատկանող պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, դրանում եղած 41 հազար դրամը, 5 հազար ռուբլին եւ 50 դոլարը:

Նախաքննության ընթացքում Աշոտ Քարամյանը ցուցմունք է տվել որ աշխատում է «Ջրվեժ 16» տաքսի ծառայությունում` որպես վարորդ: 2017 թվականի մարտի 9-ին Երևանից իրեն ամրակցված տաքսի ավտոմեքենայով ուղևոր է փոխադրել Կապան: 2017 թվականի մարտի 10-ի առավոտյան Կապանում վթարի է ենթարկել ավտոմեքենան, որի հետևանքով այն վնասվել է: Մարտի 16-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից ֆինանսական օգնություն ստանալու նպատակով գնացել է մարզպետարան և սպասել 5-րդ հարկում գտնվող տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի աշխատասենյակի դիմաց:

Որոշ ժամանակ անց նկատելով, որ տվյալ աշխատասենյակի դուռը բաց է և ներսում մարդ չկա, մտել է ներս, աթոռին դրված պայուսակից վերցրել դրամապանակ և դուրս եկել շենքից:

Գողացված գումարով վերանորոգել է ավտոմեքենան, ապա ուղևորվել է Երևան: Ճանապարհին ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին, իսկ այնտեղից` ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարած հանցանքը, ինչպես նաև ներկայացրել դրամապանակը և իր մոտ եղած 21 հազար դրամը:

Նկատենք, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները բավականին հարուստ են եւ մեծ «օգուտ» են տվել Աշոտ Քարամյանին:

Ըստ էության, եթե մարզպետ Վահո Հակոբնյանը ժամանակին տեսներ Աշոտ Քարամյանին, միգուցե, նա այսօր չհայտնվեր մեղադրյալի աթոռին: Հավելենք, որ այս գործով վճիռը արդեն հրապարակվել է եւ Աշոտ Քարամյանը ազատազրկման է դատապարտվել 3 տարի 4 ամիս ժամկետով :




Լրահոս