Որքան ունեցվածք ունեն Գագիկ Ծառուկյանի պաշտոնյա փեսաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեք փեսաներն էլ պաշտոնյա են. երկուսը պատգամավոր, մեկը՝ մարզպետ: Ներկայացնում ենք, թե որքան ունեցվածք ունեն նրանք: ԱԺ «Ծառուկյան դաշինք»-ի խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, այս կարճ ժամանակահատվածում հասցրել է բավականին ունեցվածք  կուտակել:

Նա հայտարարագրել է, որ ունի անհատական բնակելի մեկ տուն, հասարակական նշանակության մեկ շինություն, երեք հողամաս եւ արտադրական նշանակության մեկ հողամաս: Նրա ունեցած ավտոմեքենաները երկուսն են`Mercedes-Benz 500 S Range Rover Sport supercharged 5.0: Ի դեպ, երիտասարդ պատգամավորը երեք ընկերություններում ունի 100 հազար դրամի չափով բաժնեմաս եւ երկու ընկերությունում` 2 մլրդ 44 մլն 513 հազար դրամի չափով բաժնետոմս: Արգամ Աբրահամյանի դրամական միջոցները կազմում են 450 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է 612 հազար դրամի չափով աշխատավարձը, վարձակալության դիմաց ստացած 4 մլն դրամը եւ ստացած փոխառությունը, վարկը` 4 մլն 830 հազար դրամ:

Ի տարբերություն Արգամ Աբրահամյանի` Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան`Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ավելի համեստ ունեցվածք ունի: Այսպես, նրա դրամական միջոցները կազմել է ընդամենը 1 մլրդ 344 մլն 950 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ մարզպետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 650 հազար դրամ: Նկատենք, որ մարզպետի փոխառության գումարը անցած տարվա վերջին կազմել է 700 հազար դոլար եւ 1 մլրդ 116 մլն դրամ: Նա ունի անհատական բնակելի մեկ տուն եւ մեկ բնակարան: Մարզպետի տիկնոջ`Ռոզա Ծառուկյանի դրամական միջոցները կազմել են 17 մլն դրամ եւ 44 հազար դոլար:

Գագիկ Ծառուկյանի մյուս` երրրորդ փեսան Դավիթ Մանուկյանը, ով նույնպես նույն խմբակցության պատգամավոր է, ունի երկու հատ հողամաս եւ երեք հատ ավտոմեքենա` Lexus LS 600HL, Mercedes-Benz S 600 L, Range Rover 4.6 HSE:

Նորընտիր պատգամավոր Դավիթ Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 2.3 մլն դոլար, 25 մլն դրամ եւ 300 հազար եվրո: Ի դեպ, նշենք, որ Դավիթ Մանուկյանի հայրը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն է:




Լրահոս