Երևանի ավագանու արտահերթ նիստին ներկա էին ոչ պատշաճ վարքագծով անձինք. «Երկիր Ծիրանի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ նիստին ներկա էին ոչ պատշաճ վարքագծով անձինք: Այս մասին նշված է Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումում, որով նա դիմել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանին:

Նա, դիմումում մի շարք հարցեր է բարձրացրել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն  Մակարյան,

16.06.2017 թվականի Երեւանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում դահլիճում ներկա էին ոչ պատշաճ վարքագծով անձինք: Չէր աշխատում էլեկտրոնային համակարգը, նիստերի դահլիճում արգելափակված էր հեռահաղորդակցությունը եւ համացանցային կապը, իսկ Երեւանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am) չէր իրականացվում առցանց ուղիղ հեռարձակումը, ինչը  Երեւանի ավագանու կանոնակարգի մի շարք դրույթների խախտում է (հոդվածներ 108,114,120):

Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ մանրամասն տեղեկատվություն տրամադրել հետեւյալի վերաբերյալ.

● Հաշվիչ էլեկտրոնային համակարգ

1. Որքա՞ն ժամանակ է (նշել ամիսը, ամսաթիվը եւ տարեթիվը)  քաղաքապետարանում ներդրված հաշվիչ էլեկտրոնային համակարգը։

2. Ի՞նչ քանակությամբ ու տեսակի տեխնիկայից է այն կազմված։

3. Որքա՞ն գումար է հատկացվել այն ձեռք բերելու համար:

4. Որքա՞ն  տարեկան գումար է  հատկացվում դրա սպասարկման համար։

5. Կա՞ արդյոք վիճակագրություն, թե քանի անգամ է նախկինում անխափան գործարկվել այս համակարգը։

6. Ինչո՞ւ այն չէր աշխատում 16.06.2017 թվականի Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ։

7. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդիրը լուծելու համար։

● Արգելափակված հեռահաղորդակցություն եւ համացանցային կապ

1. Ի՞նչ հիմքով եւ պատճառաբանությամբ էր 16.06.2017թ. Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ նիստերի դահլիճում արգելափակված հեռահաղորդակցությունը եւ համացանցային կապը:

2. Տրամադրել տեղեկատվություն տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որոնց պատճառով yerevan.am կայքի ուղիղ եթերում չէր հեռարձակվում Երեւանի ավագանու  16.06.2017թ. արտահերթ նիստը:

● Նիստին ներկա անձանց վերաբերյալ տեղեկատվություն

Մանրամասն ներկայացնել Երեւանի ավագանու նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պաշտոնները եւ նշել, ո՞ր իրավական ակտի հիման վրա են նիստերի դահլիճ հրավիրվում (ներկա գտնվում) նրանք»:




Լրահոս