Ինչ է ասել կալանավորված դատախազը. մանրամասներ Գեղարքունիքի կաշառքի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի պաշպան Սարգիս Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը հրաժարվել է ցուցմունք տալ` օգտվելով իր լռելու իրավունքից. «Նա ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որեւէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ եւ վստահ է, որ նախաքննության ընթացքում կպարզվի իր անմեղությունը»:

Ի դեպ ArmLur.am-ին լուրեր էին հասել, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը ցուցմունք է տվել եւ հայտնելով, որ իր բարեկամը իրեն հարցով է դիմել, թե գումար տանք, մի տղա կա, իրեն չկալանավորեք, նա էլ ասել է՝ այլեւս երբեք իրեն նման հարցով չդիմեն եւ երբեք նման բան չասեն: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք վերջինիս պաշտպան Սարգիս Խաչատրյանի հետ:

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը: Ասել է, թե կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ: Իսկ ինչի համար էին, ըստ նախաքննության, վերոնշյալ անձինք կաշառք վերցրել: Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը:

Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան: Ըստ էության, մեղադրյալի ծնողները՝ տեսնելով, որ չեն կարողանում իրենց երեխային ազատ արձակել, այլ ճանապարհ են գտել: Ըստ ԱԱԾ-ի` Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդի միջոցով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11 միլիոն 343 հազար 373 դրամ` իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այս գործը եւս գլուխ չի եկել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս