Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Ստոկհոլմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին և 21-ին Ստոկհոլմում տեղի ունեցան Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ։

Ստոկհոլմի հռչակավոր Վասա թատրոնում, որը երկարամյա վերանորոգումից հետո նոր է բացել դռները հանդիսատեսի առջև, կայացավ «Forceful feelings» հայկական բալետային համույթի ներկայացումը Ստոկհոլմի թագավորական բալետի, Բավարիայի և Բեռլինի պետական բալետների հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ։ Կատարվեցին շվեդ, հայ և համաշխարհային այլ նշանավոր խորեոգրաֆներ Մաթս Էկի, Նաչո Դուատոյի, Արսեն Մեհրաբյանի, Յիրի Բուբենիչեկի, Դասթին Քլայնի, Յոհան Ինյերի և այլոց ստեղծած բալետային համարները։

Ներկայացումից առաջ հայ-շվեդական պատմական առնչությունների և 25-ամյա միջպետական հարաբերությունների վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Նա ներկայացրեց հայ-շվեդական քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի, կրթամշակութային փոխանակումների առաջընթացը դիվանագիտական հարաբերությունների կնքումից ի վեր։

Շվեդական կողմից ելույթ ունեցավ Թագավորական արքունիքի գլխավոր արարողապետ, Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Յոհան Մոլանդերը, ով անդրադարձավ Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությանն ու պատմական անցյալին, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին՝ վստահություն հայտնելով, որ դրանց առավել զարգացմանը խորապես կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և իրագործումը։

Հանդիսավոր արարողությանը և բալետային ներկայացմանը ներկա էին շուրջ երեք տասնյակ դեսպաններ, բազմաթիվ պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:

Թատրոնի նախասրահում հյուրերը ծանոթացան լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի բազմաթիվ լուսանկարների։

Հունիսի 21-ին Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի ամբողջական ցուցադրությունը և հանդիպում նկարչի հետ։ Ցուցահանդեսի բացմանը դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ լուսանկարչի անհատականացված մոտեցումներին նույնիսկ խիստ արարողակարգային իրավիճակներում։ Այնուհետև Դավիթ Հակոբյանը ներկայացրեց որոշ լուսանկարների ստեղծման պատմությունները, պատասխանեց ներկաների հարցերին։




Լրահոս