Ինչ են ՀՀԿ-ականներն ակնարկում վարչապետին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականներն այլեւս չեն թաքցնում, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ իշխանության ղեկին նաեւ 2018թ. ապրիլից հետո, երբ լրանա նախագահական լիազորությունների ժամկետը: Այդ մասին բավական թափանցիկ ակնարկներ եղան կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ: Ճիշտ է, ՀՀԿ-ականներն առայժմ չեն կոնկրետացնում Սերժ Սարգսյանի պլանների մասին, չեն մանրամասնում` արդյո՞ք նա շարունակելու է իշխանավարել որպես վարչապետ (որը նոր Սահմանադրությամբ լինելու է պետության ղեկավարը), թե՞ որպես իշխող կուսակցության նախագահ (ԽՍՀՄ տարիներից հայտնի գենսեկի ոճով):

Բայց որ Ս. Սարգսյանը մտադիր է երկարացնել իր անձնական իշխանությունը, փաստ է:

Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանի` 2018թ. հետո երկրի դե ֆակտո ղեկավարը լինելու մասին խոսակցությունները «համընկան» կառավարության ծրագրի քննարկումների հետ, երբ ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրել էին, թե արդյո՞ք 2018թ. ինքն է լինելու գործադիրի ղեկավարը, Կարեն Կարապետյանն էլ նշել էր, թե ինքն այդ հարցին բազմիցս պատասխանել է ու կրկնել էր հայտնի խոսքերը. «Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը ձեզ բավարա՞ր է», նաեւ ասել էր. «Այն հանգամանքը, որ մենք կառավարության ծրագիրը ֆիքսել ենք 2017-2022 թվականների համար, ինչ-որ առումով պատասխանում է ձեր հարցին»:
Եւ, ահա, Կարեն Կարապետյանի այս հայտարարություններին հաջորդեցին ՀՀԿ-ականների մեկնաբանությունները: «Անկախ 2018 թվականի վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բացի այդ՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն է խոսել իշխանության ապագայի թեմայով. «Այս ծրագիրը մեր կուսակցության եւ մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, եւ 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է մեծամասնության համար»:

Ուշադրություն դարձրեք` երկու օր է՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձում են «սթափեցնել» իրենց նորելուկ թիմակցին` հասկացնելով, որ իր ցանկությունները, վարչապետ աշխատելու պատրաստակամությունը դեռ բավարար չեն, եւ ապագա վարչապետի հարցը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի որոշելիքն է:

Այս համատեքստում պատահական չեն ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, որ կարեւոր չէ վարչապետի անձը: Այսպես ՀՀԿ-ականները հասկացնում են, որ ով էլ լինի կառավարության ղեկավար, միեւնույն է, իրականացնելու են իրենց թիմի եւ Սերժ Սարգսյանի որոշումները: Եւ որ ամենակարեւորն է` այս մասին նրանք հայտարարում են ոչ մեկ անգամ. նախկինում էլ ՀՀԿ-ականների կողմից հնչել են նման ակնարկներ:




Լրահոս