Ղարաբաղյան խնդրում փորձում են փոխել ստատուս քվոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին Ղարաբաղյան հիմնախնդիրն է. շփման գծում վերջին օրերի լարվածությանը երեկ անդրադարձել են միաժամանակ ե′ւ ԱՄՆ, ե′ւ ԵՄ եւ ՌԴ դիվանագետները` հիշատակելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ հետագա լարվածությունից խուսափելու կոչերից բացի նաեւ նշված էր բովանդակային բանակցություններ վերսկսելու, կարգավորման գործընթացում առաջընթացի եւ խաղաղության հասնելու մասին:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը ներկայացրել է նրանց խոսնակը` Հիթեր Նաուերթը` կոչ անելով կողմերին խուսափել սրացումներից ու լարվածությունը թուլացնելու նպատակով քննարկումներ սկսել: «Մեր վաղեմի քաղաքականությունը, որում Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ներառյալ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը, հատկապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հրադադարի խախտումներին անդրադարձել է նաեւ ԵՄ-ն` խոսնակի տարածած հայտարարության մեջ ստատուս քվոն որակելով «անկենսունակ»: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին: Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում թե՛ գործերում և թե՛ խոսքում»,- նշված է այնտեղ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման թեման իրենց օրակարգում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքում հրապարակած հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը»,- ասել է նա:

Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ստատուս քվոյի պահպանումն առավել քան վտանգավոր է դարձել: Ու հիմա միջազգային հանրությունը փորձում է օր առաջ հասնել Ղարաբաղյան խնդրի լուծմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Առավել եւս, երբ Ադրբեջանը չնայած նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում է չկատարել դրանք, դեռ ավելին` շփման գծում պարբերաբար սրում է իրավիճակը: Եւ այս առումով պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների քննադատություններն այլեւս հասցեական բնույթ են կրում եւ ուղղված են կոնկրետ Ադրբեջանին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս