Բացահայտումները շարունակվում են. համերգներ տալու պատրվակով կազմակերպվել է մի շարք քաղաքացիների անօրինական տեղափոխումը Եվրոպա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահ համակարգի կողմից շարունակվում են բացահայտումներ, թե ինչպես է համերգներ տալու պատրվակով կազմակերպվում մի շարք քաղաքացիների տեղափոխումը Եվրոպա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործընթացը անձամբ կազմակերպել են հայտնի պարի խմբի ղեկավարները:
«Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը տեղեկացել է, որ Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե-Կառլո քաղաքներում տեղի է ունենալու պարի միջազգային փառատոն:

Եւ որպեսզի նա կարողանա իր խմբի անդամներին եւս այդ փառատոնին մասնակցելու հնարավորություն ստեղծի, հանդիպել է Շիրակի մարզի «Վահրամաբերդ» համայնքում գործող պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արա Մելիքսեթյանի հետ, առաջարկել երկու պարի խմբերը միացնել իրար եւ գնալ Ֆրանսիայում կազմակերպվելիք փառատոնին մասնակցելու: «Վահրամաբերդ» համայնքում գործող պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արա Մելիքսեթյանը համաձայնել է:
Այսպիսով՝ «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը, ունենալով ներքին պայմանավորվածություն, սկսել է Եվրոպա մեկնել ցանկացողների հավաքագրման գործընթաց: Այնուհետեւ անհրաժեշտ է լինում Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե-Կառլո քաղաքներում կայանալիք փառատոնի կազմակերպիչների մասնակցության հաստատումը լինի: Արմեն Շաբոյանն այդ գործընթացը եւս «հորով-մորով է արել», նա ստացել է Եվրոպայի համաձայնությունը:

Այսպիսով՝ «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը, հընթացս կլորիկ գումար աշխատելով, «Վահրամաբերդ» պարի խմբի ցուցակում է ընդգրկում 9 տարբեր քաղաքացիների, որոնք ըստ էության պարի խմբի անվան տակ կարողանում են արտագաղթել Հայաստանից: 9 տարբեր քաղաքացիների ընդգրկելով «Վահրամաբերդ» պարի խմբի ցուցակում՝ նրանցից պահանջել եւ ստացել է 2.280 եվրո գումար:
Այս արարքի համար «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով` անօրինական միգրացիայի կազմակերպումը, որը կատարվել է՝ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Նկատենք, որ պարի խմբի ղեկավարների կողմից արտագաղթին խթանելու գործընթացի առաջին դեպքը չէ, որ բացահայտվում է: 2017 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել եւս մեկ աղմկահարույց քրեական գործ, որտեղ «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանը, մի խումբ քաղաքացիների հետ համաձայնության գալով, պատրաստել էր Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի անդամ «Հայաստան» ժողովրդական երգի եւ պարի ստուդիայի» ուսման թվով 34 կեղծ վկայականներ: Այդ փաստաթղթերի հիման վրա խմբով մտել էին դեսպանատուն, որպեսզի մեկնեն ԱՄՆ, սակայն գործարքը չի ստացվել. նրանք «բռնվել էին»:
Այսպիսով ստեղծվել է մի իրավիճակ, որ արտագաղթը խթանելու գործընթացին են լծվել նաեւ պարի խմբի ղեկավարները, որոնց համար գլխավորն այն է, որ փող աշխատեն:

Քնար Մանուկյան




Լրահոս