Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին. Հովհաննես Բաչկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք, հարցազրույց տվեց ՀԱՕԿ լրատվականին.

– Հովհաննես, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

– Անկեղծ ասած, ինքս էլ մինչեւ վերջ չեմ գիտակցում` ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ` մարզիչների հետ կատարած մեծ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

– Ամենաբարդը անգլիացու հետ եզրափակիչ մենամա՞րտն էր:

– Բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, եւ ես հատուկ որեւէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն, Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրացավ:

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս ընթացավ քո «ոսկե» պայքարը:

– Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր անցնում: Սակայն, երկրորդ եւ երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը եւ հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի եւ նրա մարզչական շտաբի արձագանքից էր երեւում, բայց ես, մինչեւ վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում:

– Անհաջող առաջին ռաունդից հետո մարզիչներն ի՞նչ ասացին քեզ:

– Դավիթ Թորոսյանն անհրաժեշտ ճշգրտումներն արեց եւ նաեւ ասաց. «Նա քոնն է: Նվագիր դուդուկդ եւ նա թող պարի»: Ինչպես կարող էի պարտվել նման խոսքերից հետո (ծիծաղում է):

– Ինչ որ մեկին նվիրեցի՞ր հաղթանակդ:

– Իմ բոլոր հաղթանակները ես միշտ նվիրում եմ հայ ազգին:




Լրահոս