Կառավարության անդամները սխալ են հանում Սերժ Սարգսյանին

Կառավարության անդամները սխալ են հանում Սերժ Սարգսյանին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրելյանը երեկ հայտարարել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան եվրոասոցացումը: Նրա խոսքերով՝ կառավարությունը համեմատական վերլուծություն է իրականացրել մի կողմից՝ ԵՏՄ անդամ Հայաստանի, մյուս կողմից՝ եվրոասոցացման գործընթացում գտնվող Վրաստանի եւ Մոլդովայի միջեւ՝ գնահատելու համար հավանական էֆեկտները, եւ հանգել է հետեւյալ եզրակացության. «Մեզ մոտ ԵՏՄ-ին միանալը ավելի մեծ արդյունք տվեց, որովհետեւ, միեւնույն է, ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի բոլոր երկրների վրա կար, եւ դրանով մենք տարանջատում էինք միացման էֆեկտները տնտեսական վիճակի էֆեկտներից: Տնտեսական վիճակի էֆեկտները բոլոր տեղերում կա՝ անկախ նրանից՝ դուք գնում եք ԵՏՄ, թե եվրոասոցացման: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամակցությունը դրական է»:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ երեկ ասել է, թե ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում շատ ավելի ցածր տնտեսական աճ կունենայինք: «Երբ կայունացավ Ռուսաստանի տնտեսությունը, մեր տնտեսվարողները հարմարվեցին նոր խաղի կանոններին, անմիջապես այնտեղ աճ գրանցվեց, եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք ունենք դրական էֆեկտներ ԵՏՄ-ին անդամակցությունից»,- ասել է նա:

Տպավորություն է, թե կառավարության անդամները երեկ որոշել էին օգտագործել բոլոր հնարավոր առիթները՝ գովերգելու ԵՏՄ-ն, ներկայացնելու վերջինիս առավելություններն ու այդպես սիրաշահել ՌԴ-ին: Ու սա մի իրավիճակում, երբ Ռուսաստանը, չնայած ղարաբաղա-ադրբեջանական սահմանի միջադեպերին, չնայած ե՛ւ ՌԴ ԱԳՆ-ի, ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ պաշտոնական Բաքվին ուղղված հասցեական քննադատությանը, զենքի հերթական խմբաքանակն է վաճառում Ադրբեջանին:

Իշխանությունները կարող են արդարանալ, թե տնտեսական բաղադրիչ մասին խոսելը, ԵՏՄ-ի օգուտները ներկայացնելը որեւէ կապ չունեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի հետ: Դիցուք, ընդունենք, որ առաջին հայացքից կապ չունեցող խնդիրներ են:

Բայց այս դեպքում էլ արձանագրենք՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015թ.-ից, եւ երկու տարին բավական ժամանակ է՝ նման եզրակացություններ անելու համար: Եւ հետո, Հայաստանում ամբողջությամբ չեն կիրառվում ԵՏՄ-ում գործող բոլոր օրենքները. Վաչե Գաբրիելյանն ինքն է երեկ ասել, որ ԵՏՄ-ում տարիֆներն ավելի բարձր են, քան Հայաստանում, բայց 700 անուն ապրանքի վերաբերյալ Հայաստանի համար տարիֆները դեռ չեն բարձրացվել. «Այլ արել ենք աստիճանաբար, որ դա անմիջապես չազդի մեր տնտեսական սպառման վրա, որպեսզի մեր տնտեսվարողներն ու սպառողները կարողանան կամաց-կամաց անցնել այդ նոր տարիֆներին, եւ ազդեցությունը միանգամից չզգացվի»,- նշել է նա:

Այսինքն՝ դեռեւս հայտնի չէ, թե ԵՏՄ-ում գործող տարիֆները Հայաստանում ամբողջովին կիրառելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կլինեն: Եւ հետո, մի հանգամանք էլ՝ Հայաստանն այդպես էլ ԵՄ-ի հետ չկնքեց ասոցացման, ինչպես նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որպեսզի հնարավոր լիներ գնահատել դրա արդյունքները:

Բայց մի կողմ թողնենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական բաղադրիչը: Իր այս հայտարարություններով Վաչե Գաբրիելյանն ըստ էության սխալ է հանել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հինգ տարիներին վարած քաղաքականությունը: Ինչպես հայտնի է՝ 2008-2013թթ. ընթացքում Սերժ Սարգսյանը բռնել էր եվրոինտեգրացիայի ուղին: Հայաստանը բավական ինտենսիվ բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ ասոցացման, ինչպես նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի վերաբերյալ: Իսկ Սերժ Սարգսյանը հինգ տարի շարունակ առիթը բաց չէր թողնում ԵՄ-ի հետ բանակցվող փաստաթղթերը գովերգելու եւ դրանց վավերացման դեպքում Հայաստանին սպասվող պայծառ ապագայի մասին խոսելու համար: Եթե մոռացել եք, մի քանի մեջբերում Սերժ Սարգսյանի հայտարարություններից.

26.05.2010. «Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շարունակական խորացումը… Այն նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ է՛լ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով՝ ներառյալ ասոցացման համաձայնագրի եւ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարները»:

26.05.2010. «Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է ե՛ւ ասոցացման բանակցությունների, ե՛ւ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով… Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու միասնական շուկայի հնարավորություններից»:

30.09.2011. «Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը եւ այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան»:

17.10.2012. «Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է ե՛ւ ասոցացման բանակցությունների, ե՛ւ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը միասնական շուկայի վերաբերյալ: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու միասնական շուկայի հնարավորություններից»:

Հետաքրքիր է՝ եթե ԵՄ-ում շատ ավելի վատ էր լինելու Հայաստանի վիճակը, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը հինգ տարի շարունակ «առաջամարտիկի դիրքերից» բանակցում եվրոպացիների հետ, եւ ինչո՞ւ էր նախկին վաչապետ Տիգրան Սարգսյանի թիմը, որի առանցքային անդամներից էր նաեւ Վաչե Գաբրիելյանը, գովերգում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն ու քննադատում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարը, իսկ այսօր, ընդհակառակը, միանգամայն հանդես գալիս բացարձակապես հակառակ դիրքերից: Ի դեպ, մոռացանք ասել՝ նույն Տիգրան Սարգսյանն այսօր բարձր պաշտոն ունի ԵՏՄ-ում. նա ԵՏՄ կոլեգիայի հանձնաժողովի ղեկավարն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ