Ինչպե՞ս Արտակ Շաբոյանը մոռացավ կարևորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, թե բանանի, շաքարավազի եւ մի շարք այլ ապրանքատեսակների շուկայում մենաշնորհ չկա, այլ մրցակցային պայմաններ են: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ շուկայում գնանկում չի արձանագրվել, Շաբոյանը պատասխանել է. «Ցանկացած ապրանքի գնագոյացումը կատարվում է ելնելով այդ ապրանքի ինքնարժեքից եւ շահութաբերության աստիճանից: Այսինքն, եթե մրցակիցները շատացան, դա չի նշանակում, որ անպայման դա ապահովելու է գների նվազում: Մեզ համար կարեւոր է, որպեսզի մուտքի խոչընդոտներ չլինեն շուկաներ»:

Տնտեսագիտության տեսության տեսանկյունից Արտակ Շաբոյանը ճիշտ է, ապրանքի գնագոյացման հարցում դեր է խաղում ապրանքի ինքնարժեքը, շահութաբերության աստիճանը: Շաբոյանը գիտի նաեւ, որ գնագոյացման հարցում ազդեցություն ունեն ծախսերը, աշխատուժի վարձատրությունը եւ այլն:

Բայց արի ու տես, որ շուկայում իրական մրցակցությունը եւս կարող է ազդել գնագոյացման վրա, նվազեցնելով սակագները:

Մինչդեռ, տնտեսագիտության կանոնները Հայաստանի տնտեսության հետ կապ չունեն, եւ այստեղ ներկրվող ապրանքների գինը թելադրվում է իշխանությունների կամ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից:

Ավելին, իշխանությունները որոշել են շատ ավելի հնարամիտ գտնվել, ու Հայաստանում հատկապես լայն սպառման ապրանքների շուկայում մրցակցության տպավորություն ստեղծելու համար մի քանի ընկերությունների թույլատրված է ազատորեն զբաղվել ներկրմամբ, բայց` որոշակի պայմաններով. պետք է ներկրվի նշված չափաքանակով, վաճառվի սահմանված գնով:

Այլապես, դժվար է բացատրել փաստը, թե ինչպե՞ս կարող են համաշխարհային շուկայում պարենի գները կտրուկ նվազել, իսկ Հայաստանում, ընդհակառակը, գնաճ լինի: Դժվար է բացատրել նաեւ հարեւան Վրաստանում մի շարք ապրանքների անհամեմատ ցածր գինը, եւ այսպես շարունակ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս