ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ` ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կրթական դիպլոմներ վաճառելու աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմի վաճառքի նոր դեպք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դիպլոմները վաճառվել են ՀՀ ՊՆ զինվորականներին, որպեսզի դրանք ՊՆ-ին ներկայացնելով՝ կարողանան զինվորական բարձր կոչումներ ստանալ:

Տեղեկացնենք, որ դեռեւս այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կեղծ դիպլոմներ վաճառելու աղմկահարույց մի քանի դեպքեր: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիմպոլմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաեւ օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրեւ թե եկել են Հայաստան եւ իրավաբանի, բժշկի կրթություն ստացել: Բայց իրավապահները բացահայտել էին, որ քաղաքացիներին տրամադրված դիպլոմները կեղծ էին եղել եւ ռեկտորներն էլ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Բայց պարզվում է՝ Հայաստանի պետական բուհերի պաշտոնատար անձինք եւս դիպլոմներ են վաճառում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղամ Բադալյանը, ով եղել է ՀՀ ՊՆ զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ-էլէկտրիկ, իսկ կոչումով` եֆրեյտոր, կեղծ դիպլոմ է գնել:
Ըստ էության նրա առաջ խնդիր են դրել` եթե ցանկանում ես զինվորական կոչումդ բարձրացնել, ապա պետք է պետական բուհի դիպլոմ ներկայացնես ՀՀ ՊՆ: Եվ ահա եֆրեյտոր Բադալյանը իր նպատակը իրականացնելու համար ոմն Արամից ութ հարյուր դոլար գումարի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմ: Ըստ այդ դիպլոմի` Գեղամ Բադալյանը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը եւ ստացել է արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի աստիճան: Այնուհետեւ նշված դիպլոմի վավերացված պատճենը ներկայացրել է ՊՆ զորամասի համալրման բաժանմունքի պետ մայոր Արման Գեւորգյանին:
Ահա թե ինչ ուժ է ունեցել 800 դոլարով ձեռք բերված դիպլոմը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եֆրեյտոր Գեղամ Բադալյանը, ներկայացնելով դիպլոմը, անցել է որակավորում, հանձնել քննությունները եւ ստացել զինվորականի լեյտենանտ կոչում, ապա աշխատանքի անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար: Բայց կարճ ժամանակ չանցած բացահայտվել է իրողությունը: Իրավապահները դիպլոմի օրինական լինելը պարզելու համար վերցրել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի կնիքի դրոշմի նմուշները, որոնք ճանաչվում են որպես ապացույց, որ դիպլոմը օրինական տրամադրված դիպլոմ է եղել:
Այս պատմության մեջ առեղծված է մնում, թե, ի վերջո, ով է այն անձը, որը համալսարանի դիպլոմներ է շռայլում զինվորականներին՝ նրանց համար ապահովելով բարձր կոչումներ:
Տեղեկացնենք, որ այս պատմության համար Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ հոդված 325. փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը 1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը, կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Անցած տարվա ապրիլի 3-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով սպանվեցին Թալիշի բնակիչներ Վալերա Խալափյանն ու նրա կինը` Ռազմելան: Հակառակորդը կտրել էր նրանց ականջները, գնդակահարել նաեւ Վալերա Խալափյանի մորը` 1924թ. ծնված Մարուսյա Խալափյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թալիշ համայնքի բնակիչ Մարտիրոս Վարդանյանը պատմեց, որ ինքն առաջինն է եղել, որը դեպքից հետո Խալափյանների տուն էր մտել եւ տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները սպանել ընտանիքին: Մարտիրոս Վարդանյանի խոսքով՝ գիշերը Խալափյանների ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել` նա, իր վեց երեխաները, տարեց ծնողները, տատիկը, որը անկողնային հիվանդ էր: «Գիշերը երեքին զանգահարեց ինձ. իմ տունը դյուզ զորոմասի տակ է, ու առաջին ակերը, որ կրակել են, հենց զորանոցի վրա են կրակել: Գագիկը իմ մտերիմ ընկերն է: Զանգեց, ասեց` ի՞նչ է կատարվում, ասեցի` կրակում են, ընտանիքի անդամներին վերցրու, իջի ներքեւ: Երկուսս էլ մեր երեխաներին տարանք մեր ընկերոջ տուն, ու երբ մի քիչ, մի քիչ արանք անցավ, ուզում էր հետ վերադառնար տուն, որ ծնողներին իջեցներ: Իր հայրը երրորդ կարգի հաշմանդամ էր, մինչեւ շոր հագցներ, երկար կտեւեր: Այդ պահին չէր կարող երեխաներին թողնել, դրա համար շուտ երեխաներին սկզբից տանից հանեց, հետո նոր անցավ: Ախր մենք չէինք պատկերացնում, որ կարող էին հասած լինել այստեղ: Այդ ժամանակ թումբի հետեւից Գարիկը լսում է խոսակցության ձայներ, կանչում է իր մորը, թե` մա՛մ ջան, մի հատ լսի` սա ինչերեն են խոսում, մայրը ասում է` թուրքերեն է»:
Ինքը` Գագիկը, այդ թեժ պահին հանել էր իր զենքը ու տվել մորը, ասել` պապային հագցրա, այս զենքը տուր իրեն, մինչեւ օգնություն կանչեմ: Այդ ժամանակ Հայաստանի հատուկ ջոկատայինները եկել էին արդեն Ղարաբաղ: Անմիջապես Գագիկը հատուկ ջոկատայիններին ասել է, թե որտեղ է իրենց տունը, նաեւ որ ադրբեջաներեն են այդ հատվածում խոսում, հավաքվել են այնտեղ: Այսպիսով, հատուկ ջոկատայինները գալիս են Խալափյանների տուն, եւ այդտեղ նրանց ու ադրբեջանցի զինյալների միջեւ սկսվում է կռիվ:
«Մենք ապրիլի երկուսի առավոտյան մտանք տուն, ժամը 9-ն էր, ու արդեն տեսանք` բոլորը սպանված: Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էին տարեց տատիկի ականջը կտրել, ի՞նչ է արել նա իրենց: Հետո անօգնական մարդիկ կային, բայց տանը սաղ կրակոցի հետքեր էին, ինչո՞ւ էին այդքան շատ կրակել: Ես հասկացա, որ Գագիկի մոր ձեռքը զենք է եղել, ու երբ մտել են տուն, նա զենքը պահել է նրանց վրա, դրա համար հսկայական կրակահերթ են բաց թողել նրանց վրա: Սա ողջ այն իրողությունն է, որին մենք ականատես եղանք: Գագիկը դեռ ճանապարհին լացում էր, ասում էր` ծնողներս արդեն չեն լինի: Եթե Գագիկը մի փոքր ուշացներ, ապա նրա 6 երեխաները եւս չէին լինի, բայց այդ պահին ընտանիքի անդամներին ասել է, թե պատրաստվեք, միչեւ երեխաներին, կնոջը իջեցներ ու գար ծնողներին ու տատիկին էլ տաներ, ուշացավ»,- դառնորեն հիշեց մեր զրուցակիցը:
Բազմանդամ ընտանիքի հետ Երեւան տեղափոխված թալիշցի Գագիկ Խալափյանն այսօր ապրում է Ալաշան համայնքում: Ընկերները պատմեցին, որ հաճախ գնում է տուն, տան դռները բաց են, ամեն ինչ տեղում է, բայց ծնողները չկան:
«Երկու օր առաջ էի գնացել գյուղ, տունը կանգուն է, միայն ապակիներն են ջարդված, ու կրակոցների հետքեր կան, բայց ո՞նց գնամ, ապրեմ էն տանը, որում իմ ծնողներին սպանել են, ո՞նց տանեմ իմ երեխաներին էդ տուն, եթե անընդհատ տատ ու պապին են հիշում, եթե գիտեն՝ ինչ է կատարվել»,- ասում է Գագիկ Խալափյանը:
Ավելի քան մեկ տարի առաջ կատարվածի մասին այսօր էլ Խալափյանների ընտանիքը սարսուռով է հիշում:
«Հետ եկա գյուղ, 20 մետրի վրայից ադրբեջանցիների խոսակցություն լսեցի, ասի` իջնեմ գյուղապետարան, զգուշացնեմ, որ թուրքերը գյուղ են մտել: Գնացի, զգուշացրի, ու էլ չկարողացա հետ գնալ: Էդ ընթացքում մտել, իրենց սեւ գործն արել էին»,- ասում է Գագիկ Խալափյանը:
Այժմ Գագիկը կնոջ ու 6 անչափահաս երեխաների հետ հորաքրոջ տանն է ապրում՝ Երեւանում: 3-ամյա որդին՝ Մարատը, պատերազմի ողջ դաժանությունը դեռեւս չի գիտակցում, բայց տատից ու պապից հաճախ է հարցնում, պատասխանը՝ թե նրանք գյուղում են, երեխային չի գոհացնում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի փոխանցմամբ՝ Արցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է, եւ հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն: Նրա խոսքով՝ զինծառայողները եղել են վերահսկողությունից դուրս: Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: Աշխատանքից ազատվածները կտեղափոխվեն այլ ծառայության:

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից եւ նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար կալանավորվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վ. Ա.-ն առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել նաեւ այլ դրվագներով: Կաշառք վերցնելու փաստեր են ձեռք բերվել հիշյալ քրեակատարողական հիմնարկի այլ աշխատակցի կողմից եւս: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐԵԼ
Pastinfo.am-ը գրում է, որ հունիսի 3-ին լոռեցի մի երիտասարդ ինքնասպանության փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղիղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ եւ նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին: Լոռեցի 22-ամյա երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել եւ միեւնույն ժամանակ նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, սակայն չի կարողացել այն ավարտին հասցնել: Երիտասարդը գտնվել է խիստ հուզական վիճակում:

 

 

ԿԿԱՅԱՆԱՆ ԱՇՆԱՆԸ
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան այս տարվա աշնանը: Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ. եւ փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատրաստակամություն է հայտնել օգնել ԵՄ անդամ երկրներին ահաբեկչության դեմ պայքարում: Նա իր խորին ցավակցությունն է հայտնել. «Մենք պատրաստ ենք օգնել, խորհուրդներ տալ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, քանի որ մեր երկրում մենք այն արդեն հաղթահարել ենք»:




Լրահոս