ՈՒԶՈՒՄ ԵՄ «ԵՐԴՎՅԱԼ» ՄՆԱԼ ԻՄ ՈՃՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին պատրաստվում է իր հերթական ձայնասկավառակը թողարկել, տեսահոլովակ նկարահանել: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկա իր ծրագրերի, ինչպես նաեւ դպրոց հիմնելու ցանկության մասին:

-Ռուբե՛ն, ձայնասկավառակ թողարկել եք մոտ մեկ տարի առաջ եւ կարծես թե նոր համերգներով ու տեսահոլովակներով այս մեկ տարվա ընթացքում հանդես չեք եկել: Ինչո՞ւ:
-Վերջին ձայնասկավառակը, որ թողարկվել է, երեւի թվով չորրոդն է: Կոչվում է «Էրկիր հայրենի»: Շուտով կթողարկվի եւս մեկ ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված են այնպիսի երգեր, որոնք մեզ ուղեկցել են մանուկ հասակից: Երգեր, որոնք ստեղծվեցին արցախյան պատերազմում՝ «Արդյոք ովքե՞ր են», «Հայ քաջեր», «Լեռան լանջին» եւ այլն: Հատուկ արվեց այնպես, որ այդ երգերն այսօր ներկայացվեն, որովհետեւ այսօրվա սերունդն էլ է պարտավոր լսել նման երգեր:
-Առաջիկայում ի՞նչ նոր համերգներով եք պատրաստվում ներկայանալ Ձեր երկրպագուներին:
-Համերգային ծրագրերով այս մեկ տարվա ընթացքում մեծ համերգներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում, Ավստրալիայում, Կանադայում եւ այլ երկրներում:
-Շատերի պնդմամբ անիմաստ է դարձել նոր բան ներկայացնելը յութուբյան դարում, երբ հեռուստաընկերություններն ու տեսասկավառակները պարտվել են համացանցին: Մտավախություն չունե՞ք, որ հանդիսատեսը կարող է Ձեզ մոռանալ:
-Ես չէի ասի՝ անիմաստ է դարձել: Երգիչը ինչի՞ համար է երգում, երգում է, որպեսզի հանդիսատեսին ներկայացնի իր երգը: Շուտով նաեւ նկարահանվում է տեսահոլովակ «Կենաց հայերի» երգի ներքո:
-Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, Ձեր դիտարկմամբ` ազգային, հայրենասիրական երգերի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը մեծացե՞լ է, թե՞ հակառակը:
-Եթե այս հարցը տայիք տասը տարի առաջ, բնականաբար կասեի, որ սերը դեպի հայրենասիրական, ազգագրական երգարվեստ այնքան էլ մեծ չէ, բայց ի ուրախություն մեզ՝ այսօր այնպիսի մի ժամանակաշրջան է տիրում, որ, հավատացե՛ք, համերգների ընթացքում մեծամասնությունը երիտասարդներ են, ովքեր քեզ հետ միասին կարողանում են երգել այն երգերը, որը որ մենք ենք ներկայացնում Հայաստանում եւ սփյուռքում:
-Ձեր կարծիքով այդ փոփոխություններն ինչո՞վ են պայմանավորված:
-Ազգասիրությունը միշտ էլ եղել է, ուղղակի մարդիկ կան, ովքեր կարող են դա չգնահատել: Կարծում եմ՝ դա սերնդից է գալիս եւ ծնողների դաստիարակությունից: Մեր սերունդն այդ շրջանում տեսավ Արցախյան պատերազմ, եւ այսօրվա երիտասարդության մեջ հայրենասիրությունն ավելի շատ է սերմանված: Մենք այդ ձեւով կարող ենք մեր հայ տեսակը պահել, թեկուզեւ դրսում:
-Ոճային փոփոխության առաջարկներ երբեւէ ստացե՞լ եք կամ մտածե՞լ եք ազգային երգն ու երաժշտությունը յուրովի ներկայացնել:
-Անկեղծ ասած, կարող է սկզբի տարիներին, երբ առաջին քայլերն էի անում, մտածել եմ այդ մասին, բայց հիմա ոչ, քանի որ, եթե ասում են Ռուբեն Սասունցի, ապա պետք է ներկայացնեմ ազգային-ազատագրական, մեր ֆիդայական երգերը:
-Այնուամենայնիվ, առաջարկներ եղե՞լ են:
-Առաջարկներ եղել են, որ ինչ-որ ռեպեր երգչի հետ ներկայացնեմ, բայց մերժել եմ: Ես ուզում եմ «երդվյալ» մնալ իմ ոճում: Ոճային փոփոխություն չեմ ուզում անել եւ երբեք էլ չեմ անի:
-Գիտենք, որ Դուք հյուրախաղերով հաճախ եք լինում դրսում, Հայաստանի եւ արտերկրի հանդիսատեսի միջեւ ի՞նչ տարբերություն եք տեսնում:
-Ինձ թվում է՝ հայրենասիրությունը կապ չունի բնակավայրի հետ: Հայը հայ է մնում: Ես ինչպես ապրում եմ Հայաստանում, այդպես էլ ապրում եմ արտերկրում: Ինձ ոչ մի բան չի կարող փոխել՝ թեկուզ ապրելով օտար ափերում: Դրսի հայերի մեջ կարոտը դեպի հայրենասիրությունն ավելի շատ է, կարծում եմ՝ դա կապված է հեռավորության հետ: Վերջերս Բեյրութում երկու համերգ ունեցա, ապշած էի այնտեղի երիտասարդների հայրենասիրությամբ: Ինձ հետ միասին պարում էին «Յարխուշտա» եւ միաժամանակ երգում: Կարելի է ասել՝ ամբողջ համերգի ընթացքում եղել եմ դահլիճում հանդիսատեսի հետ եւ երկու ժամ այդպես հետաքրքիր համերգ ունեցա:
-Երբեւէ չե՞ք մտածել ժողովրդական երգարվեստի խմբակ բացել եւ դրանով նպաստել հայ երգարվեստի զարգացմանը:
-Պլաններում շատ են եղել, եւ մինչ օրս համացանցում ինձ գրում են, պարզապես, ժամանակի խնդիր է, ինձ թվում է՝ կգա մի ժամանակ, երբ ես կունենամ իմ դպրոցը, որովհետեւ որոշել եմ հիմնել մի դպրոց, որտեղ նոր սերնդին կսովորեցնեմ ազգային-հայրենասիրական երգեր: Իմ մեջ այդ երգի ցանկն ավելի է սերմանված, ինչպես նաեւ ազգային պարերը: Ես էլ դպրոցական տարիներից սկսել եմ հաճախել տարբեր ազգագրական երգի-պարի համույթների:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս