ՓԵՍԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանության ներսում նոր դասակարգ է ձեւավորվում՝ փեսաների դասակարգը: Սովորաբար պաշտոնյաներն առաջ են մղում իրենց զավակներին՝ կարիերայի ճանապարհներ հարթելով: Բայց հիմա որդիներից բացի՝ իշխանական օղակներում տեղավորում են նաեւ փեսաներին, որոնք փորձում են իրենց տիրապետությունը հաստատել պետական կառավարման համակարգի այս կամ այն ոլորտում:

Սերժ Սարգսյանի հայտնի փեսայի՝ Միքայել Մինասյանի մասին շատ է խոսվել: Ու թեեւ հիմա նա Վատիկանում Հայաստանի դեսպանն է, սակայն շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ իշխանության ներսում, հաճախ՝ որոշումների կայացման վրա: Հիմա նույն ուղին է բռնել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը: Առայժմ, իհարկե, վարչապետի փեսան գործում է միայն կառավարության ներսում՝ իրեն երկրորդ վարչապետ ձեւացնելով:
Նշենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալն է: Այս պաշտոնը նա ստանձնել է դեռ մինչեւ Կ. Կարապետյանի վարչապետ նշանակվելը՝ 2014թ. օգոստոսին, 28 տարեկան հասակում: Հարությունյանին սկզբում կարիերա անելիս օգնել է հայրը՝ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը (վերջինս, հիշեցնենք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է):
Իսկ արդեն Կարապետյանի վարչապետության օրոք վերջին կես տարվա ընթացքում Հարությունյանը հայտնվել է արտոնյալի կարգավիճակում ե՛ւ նախարարությունում, ե՛ւ ողջ կառավարությունում: Ասում են՝ 49-ամյա Աշոտ Մանուկյանը 31-ամյա Հայկի մոտ նախարար է աշխատում: Այդ փաստն այնքան նկատելի է, որ նախարարության քննարկումների հիմնական թեմաներից մեկն է դարձել: Եւ, ընդհանրապես, նախարարությունն իրականում ղեկավարում, կադրային եւ այլ հարցերը լուծում է ոչ թե Աշոտ Մանուկյանը, այլ հենց Հայկ Հարությունյանը: Հայկ Հարությունյանի անվան հետ է կապված նաեւ Էներգետիկայի նախկին փոխնախարար Արեգ Գալստյանի պաշտոնանկությունը. նա ոլորտի քաջատեղյակ մասնագետներից էր, բայց արդեն այս տարվա հունվարին վարչապետի որոշմամբ ազատվեց աշխատանքից, եւ արդյունքում ավելացան Հայկ Հարությունյանի լիազորությունները: Հիմա Հայկ Հարությունյանը համակարգում է ե՛ւ նախարարության, ե՛ւ վերջինիս կազմում գտնվող առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները, վերահսկում նրանց:
Հայկ Հարությունյանի արտոնյալ լինելը երեւում է նաեւ մեկ այլ առումով. նա մշտական գործուղումների մեջ է, ավելի շատ է շրջագայում, քան որեւէ այլ փոխնախարար: Ընդ որում, վարչապետը Հարությունյանին հիմնականում ուղարկում է կա՛մ Եվրոպական հիմնական երկրներ, կա՛մ էկզոտիկ երկրներ՝ հոգալով, որ փեսայի գործուղումները համատեղվեն հանգստի ու ճամփորդությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն մայիս ամսվա ընթացքում Հայկ Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ, ընդ որում, նա այդ ընթացքում եղել է Ֆիլիպիններում՝ Ասիայի մաքուր էներգետիկային նվիրված 12-րդ համաժողովին մասնակցելու նպատակով, Ֆրանսիայում՝ տարածաշրջանային ԻՅՈՒ 4 Էներջի (EU4Energy) ծրագրի առաջին ղեկավար կոմիտեի հանդիպմանը մասնակցելու համար, Գերմանիայում՝ էներգետիկ եւ բնապահպանական քաղաքականությանը նվիրված հանդիպումներին մասնակցելու համար: Հայկ Հարությունյանը նախորդ ամսվա մեջ եղել է նաեւ Թուրքմենստանում եւ Վրաստանում: Ավելի վաղ նա եղել էր Ճապոնիայում, Թաիլանդի Թագավորությունում եւ այսպես շարունակ:
Հանուն արդարության նշենք, որ այդ գործուղումների հիմնական ծախսերը կատարվել են ոչ թե պետական բյուջեի, այլ հրավիրող կողմի հաշվին: Բայց, փաստորեն, այդ գործուղումներին մեկնել է նախարարի երեք տեղակալներից հենց վարչապետի փեսան:
Մեկ ուշագրավ փաստ եւս. 31-ամյա Հայկ Հարությունյանը հսկայական կարողության տեր է: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է 19 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 20 հազար եվրո, ունի բաժնետոմսեր երեք ընկերություններում: Բացի այդ՝ հայտարարագրել է հողամաս, անհատական բնակելի տուն:
Կարճ ասած, իսկական փեսա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵՆ ՏՆՕՐԻՆԵԼ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչները բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Երեկ նրանք այս առիթով նույնիսկ բողոքի ակցիա անցկացրին: Բանն այն է, որ Սոթքի բնակիչները դեմ են, որ իրենց գյուղը միանա Մեծ Մասրիկին. «Ես ոնց միանամ, երբ որ ինձ գյալմա են ասում, իմ թեւին Չակորի դաջվածքն ա»,- «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին բողոքել է սոթքեցի մի կին: Նշենք, որ նախագծի արդյունքում Մեծ Մասրիկը դառնալու է խոշորացված համայնքների կենտրոնը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանց մեծ մասը հայտարարեցին, որ պահանջում են՝ Սոթքը լինի խոշորացված համայնքի կենտրոնը: Սակայն իրականում սոթքեցիները դեմ են Մեծ Մասրիկ գյուղին միանալուն, քանի որ խոշորացվելուց հետո համակարգը կառավարվելու է հենց Մեծ Մասրիկի գյուղապետի կողմից: Հետեւաբար գյուղերին հատկացվելիք ֆինանսական միջոցները նույնպես տնօրինվելու է Մեծ Մասիրկի գյուղապետի կողմից: Իսկ սոթքեցիները դեմ են սրան: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ, ով ասաց, որ ինքը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի եւ խոշորացման ենթակա համայնքների ղեկավարների հետ հանդիպել են, քննարկել: Նկատենք, որ սոթքեցիների երեկվա բողոքից ժամեր անց խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացումը ենթադրող նախագիծը:
 

ԱՆՀԱՋՈՂԱԿ ՉԵ՞Ն
Ինչպես հայտնի է՝ օրերս ծխողների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել էր, թե ծխում են անհաջողակները: «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության անդամներից փորձեց պարզել, թե ծխո՞ւմ են եւ իրենց անհաջողակ համարո՞ւմ են: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնեց, որ ծխում է: Մեր այն հարցին, թե առողջապահության նախարարը հայտարարել էր, որ անհաջողակներն են ծխում, իսկ Դուք Ձեզ անհաջողակ համարում եք, նախարարը նշեց՝ իհարկե ոչ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը եւս հայտնեց, որ ծխում, բայց ծխում է էլեկտրոնային ծխախոտ: Մեր այն հարցին, թե ինքը իրեն անհաջողակ համարո՞ւմ է, փոխնախարարն ասաց. «Չգիտեմ, դա պետք է դատել կողքից, 50 տարուց ավել ծխում եմ, այն մարդկանցից եմ, որ չեմ կարծում, թե դա լավ բան է, խորհուրդ չէի տա՝ ծխեին, համենայնդեպս, ծխում եմ, բայց կիկնում եմ՝ կարծում եմ, որ ճիշտը չծխելն է»:
 

ԷԼԻ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն կրկին հրավիրել են հարցաքննության վերջերս տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի գործով: Նա հերքել է ծեծկռտուքի փաստը, սակայն գործով անցնող վկաները տարբեր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, ինչն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները Ս. Ղուկասյանին կրկին կանչեն հարցաքննության:

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հորդորում է Հայաստանի՝ Կատարի հետ վիզաների ազատականացումը չդիտարկել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ 7 պետության ու Կատարի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման շուրջ: Նրա խոսքով՝ Կատարի հետ վիզաների ազատականացումը կապված է զբոսաշրջության խթանման եւ ՀՀ կառավարության՝ տարբեր պետությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման քաղաքականության հետ, որը շարունակական է լինելու: Ընթացիկ տարվա հունիսի մեկին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Կատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու նախագծին:

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հռոմում Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոյի հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Նալբանդյանն ու Ալֆանոն քննարկել են տարբեր ոլորտներում երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք քայլերը: Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իտալական զորախմբի կազմում հայ խաղաղապահների մասնակցությունը: Կողմերն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիի, Հայաստանի հարցերով պատասխանատու Թեդ Մասիի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռաֆիկ Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարներին:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԻՍՏԻՆ
Երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ: Տերունական աղոթքից հետո նիստը բացվել է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով, որից հետո ժողովի հոգեւորական եւ աշխարհական պատգամավորներին ողջունել եւ 6-րդ ժողովին հաջողություններ է մաղթել Ս. Սարգսյանը՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը:

 

 

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Մեջլիսի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների եւ դրանց հետեւանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:




Լրահոս