ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ. ՈՒՐ ԷՐ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի եւ եւս երկու անձի կալանավորումներից: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, թե ով է իր մոտ եկել գումարի հարցով, եւ ինչ է ինքը ասել:

Պաշտոնական
Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը: Ասել է, թե կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ: Իսկ ինչի համար էին, ըստ նախաքննության, վերոնշյալ անձինք կաշառք վերցրել: Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան: Ըստ էության, մեղադրյալի ծնողները՝ տեսնելով, որ չեն կարողանում իրենց երեխային ազատ արձակել, այլ ճանապարհ են գտել: Ըստ ԱԱԾ-ի` Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդի միջոցով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11 միլիոն 343 հազար 373 դրամ` իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այս գործը եւս գլուխ չի եկել:

Աղմկահարույց կաշառքի խորը արմատները
Այս պատմության մեջ կա մեկ ուշագրավ հանգամանք, որը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Բանն այն է, որ կաշառքի դրսեւորումները եղել են դեռեւս 2014 թվականից, սակայն դեպքը բացահայտվում է 2017 թվականին: Եւ ահա «Ժողովուրդ»-ին կաշառքի մութ պատմության մասին մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին գրել էինք, որ Հայաստանի իրավապահ համակարգում նոր «ռումբ է պայթելու», քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշմամբ` որոշ դատախազների նկատմամբ քրգործ է հարուցվել համակարգում առկա բացթողումների մասով: Բանն այն է, որ նրան դեռեւս 2014 թվականին տեղեկություններ են հասել Գեղարքունիքի մարզի դատախազությունում տիրող իրավիճակի մասով: Եւ նա հրահանգել էր ստուգումներ անցկացնել, սակայն, ըստ էության, բավարար ապացույցներ չէին ստացվել, որպեսզի հնարավոր լիներ պատասխանատվության կանչել պաշտոնյաներին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանից փորձեց հետաքրքրվել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ինչին ի պատասխան՝ դատախազը հայտնեց, որ ինքը այդ ժամանակ մարզի դատախազը չի եղել եւ այլ հարցերի չի կարող պատասխանել: Նկատենք, որ նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց վերը նշված տեղեկությունները:
Կաշառքի գործով առերեսում
«Ժողովուրդ»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին առերեսում է տեղի ունեցել Վարդենիսի պետական քոլեջի ղեկավարի եղբոր՝ Հայկ Կարապետյանի եւ կաշառք տվող, Վարդենիս քաղաքի բնակիչներ Գալստյանների միջեւ: Երբ ՀՔԾ քննիչները հարցրել են կաշառք տվող Գալստյաններին, թե ում են նրանք տվել գումարը, վերջիններս պնդել են, թե տվել են Հայկ Կարապետյանին: Քննիչները Կարապետյանին հարցրել են, թե ինչ կասի նա այդ մասին, Կարապետյանը ասել է, որ ասելու բան չունի եւ լռել է:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Գոռ Գալստյանի ծնողները այս ընթացքում, բացի Հայկ Կարապետյանից, այլեւս ոչ ոքի հետ չեն առերեսվել: Նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ ո՛չ դատարանի նախագահին, ո՛չ նրա վարորդին, ո՛չ դատավոր Վարդանյանին, ո՛չ էլ դատախազ Շմոյանին չեն ճանաչում եւ երբեք գումար չեն տվել: Նրանք ցուցմունք են տվել, որ իրենց որդուն՝ Գոռ Գալստյանին ազատելու համար գումար են տվել Հայկ Կարապետյանին, որ նա էլ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի վարորդի միջոցով պետք է այն տար դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին:
Հետաքրքիրն այն է, որ Գոռ Գալստյանի ծնողները քննիչներին տեղեկացրել են, որ իրենց երեխային ազատելու համար գումար են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի բարեկամին՝ ոմն Մարատին, որպեսզի նա տաներ, տար դատախազ Շհոյանին՝ խնդրելով իրենց երեխային չկալանավորել, սակայն այդ գումարը տեղ չէր հասել:
Նշենք, որ դատախազի բարեկամ Մարատը, որը ըստ ցուցմունքների՝ գումարը վերցրել է Գալստյաններից, այն չի տրամադրել իր դատախազ ազգականին, մահացել է:

Դատախազը ցուցմունք է տվել
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ցուցմունք է տվել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը՝ հայտնելով, որ իր բարեկամը իրեն հարցով է դիմել, թե գումար տանք, մի տղա կա, իրեն չկալանավորեք, նա էլ ասել է՝ այլեւս երբեք իրեն նման հարցով չդիմեն եւ երբեք նման բան չասեն: Ահա թե ինչեր են կատարվում աղմկահարույց գործի նախաքննության ընթացքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍՏՈՒՄ Է
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը որդուն փրկելու համար իրավապահ համակարգին սխալ է հանում: Բայց այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ պաշտոնյան ստում է:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի էր ենթարկել Վալերի Թորոսյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր: Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, եւ գործը տեղափոխվել էր ՀՀ քննչական կոմիտե: Ավելի ուշ իրավապահներին էր ներկայացել քաղաքապետի վարորդ Ռաֆայել Օհանյանը եւ հայտնել, թե ինքն է եղել մեքենայի ղեկին, սակայն իրավապահները պարզել են, որ նա չի եղել ղեկին, այլ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը՝ քաղաքապետի որդին: Ասել է, թե քաղաքապետի առաջին քայլը՝ որդուն փրկելու համար, ձախողվեց:
Նկատենք, որ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտնել էր, որ բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկել եւ դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության: Պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս, որ քաղաքապետի որդին մարդուն գցել է մեքենայի տակ եւ փախուստի է դիմել, իսկ իրավապահներին ներկայացրել է, թե ինքնազգացողությունը վատացել է, դիմել բուժօգնության: Սակայն, ի հեճուկս այս ամենի, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտնում է. «Այո՛, իմ տղան է եղել, ինքն առաջին օրվանից էլ ընդունել է: Իմ երեխան է տուժողին ճանապարհ դրել հիվանդանոց, առաջին օգնությունն ինքն է ցուցաբերել»: Ավելին՝ քաղաքապետը հերքեց նաեւ ոստիկանության տվյալները, թե սկզբում 32-ամյա տղամարդ է ներկայացել եւ հայտնել, որ վրաերթի հեղինակն ինքն է եղել. «Այդպիսի բան չի եղել»: Ասել է, թե Հրազդանի քաղաքապետը դուրս է եկել իրավապահ համակարգի դեմ:
Այսպիսով՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը փորձում է որդու կատարած արարքի հետքերը մաքրել՝ մոռանալով, որ կատարվածի արդյունքում մարդ է մահացել: Մինչդեռ Արամ Դանիելյանը առնվազն պետք է հրաժարական տար՝ այդ կերպ ընդունելով որդու կատարած արարքի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ 2004 թվականին Երեւանի «Տրիումֆ» սրճարանում հնչեցին կրակոցներ. քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Արա Արամյանի որդին էր կրակել երեք անձի վրա, ինչի արդյունքում դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ ահա որոշ ժամանակ անց հայրը որդու արարքի համար հրաժարական տվեց:
Իսկ 2012 թվականին «Հարսնաքար» ռեստորանի դիմաց ԱԺ նախկին պատգամավորի թիկնազորի կողմից ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, թիկնազորի կատարածի պատասխանատվությունը իր վրա վերցնելով՝ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից:

Ք. Մ.

 

 

 

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները շարունակվում են, եւ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում: «Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է մնում բանակցությունների սեղանին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները եւ համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,-նշել է ադրբեջանցի նախարարը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Տարիներ առաջ Բելգիայում ապաստան ստացած քաղաքական ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը երեկ բողոք-նամակ հանձնեց հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին։ Նրա պնդմամբ՝ հենց Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ 2004 թվականին Արտաշատի ոստիկանությունում իրեն ծեծի ենթարկած ոստիկանները, այդ թվում՝ Երեւանի՝ արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ «Քանի որ մեր երկրում բոլոր օրենքների երաշխավորը, ըստ Սահմանադրության, հանրապետության նախագահն է եւ ինքն էլ կայացնում է քաղաքական որոշում, եւ համոզված եմ, որ իմ գործով ինքն էլ կայացրել է քաղաքական որոշում ոստիկաններին չպատժել, ես այսօր հայցադիմում եմ ներկայացրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ իմ իրավունքները չպաշտպանելու եւ Եվրադատարանի վճիռը չկատարելու համար», – «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Վիրաբյանը:




Լրահոս