ԽՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Թեեւ ըստ նրա՝ ընտրատեղամասերում ընտրություններն արդար են անցել, բայց խնդիրները եղել են դրսում. «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին,- շեշտել է նա` ելույթի վերջում ընդգծելով,-հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության»:
Իշխանությունները միանգամից արձագանքել են ԵՄ դեսպանի այս հայտարարություններին` մեղադրելով նրան Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ. նման միտք հայտնել են ե՛ւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ե՛ւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Միայն թե, նկատենք, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ընտրական գործընթացների հետ կապված ահռելի ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանին եւ, ըստ այդմ, ունեն բոլոր իրավունքները` հետեւելու, կարծիք հայտնելու, թե որքանո՞վ նպատակին ծառայեցին իրենց միջոցները: Բացի այդ՝ եթե իշխանությունները ԵՄ դեսպանին մեղադրում են Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ, ինչո՞ւ էին ընտրական բարեփոխումների համար նրանից գումարներ աղերսում: Մի փաստ էլ. անկախ գնահատականներից՝ բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

 

 

«Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում: Եւ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից եւ նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»: Չի բացառվում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը եւս լքի իր պաշտոնը եւ աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում: Մինչ այդ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանին հանձնարարվել է այդ ոլորտում տիրող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ խիստ եւ լուրջ աշխատանքներ տանել:

 

 

 

Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով. նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաեւ ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ` դառնալով ցրտահարությունների պատճառ. վնասվեցին խաղողի որթերը եւ ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը: Դրան գումարվեց նաեւ օրերս տեղացած կարկուտը, որն էլ մի շարք մարզերում լուրջ վնասներ է հասցրել ե՛ւ ցանքատարածություններին, ե՛ւ պտղատու այգիներին: Ու հիմա առանց այն էլ վարկային բեռի տակ կքած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում. նրանց սպասած եկամուտը հարցականի տակ է: Հատկանշական է, որ իշխանությունները կատարվածին բարեհաճել են անդրադառնալ կարկտահարությունից օրեր անց նոր միայն. գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը միայն երեկ է բարեհաճել այցելել կարկտահարված համայնքներ, այն էլ` ոչ թե ինքնակամ, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո միայն:

 

 

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խուսանավում է համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ տալուց: Բանն այն է, որ նախորդ ամիս Երեւանում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին: «Ժողովուրդ»-ը երեկ Թաթոյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում քաղաքապետարանի քայլը: «Մեզ որեւէ հարցով որեւէ մեկը չի դիմել, եւ այդ առումով քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատական չեմ կարող տալ»: Թաթոյանը հստակ պատասխան չտվեց նաեւ հարցին` այդ ամենը լա՞վ էր, թե՞ վատ: «Այդպիսի գնահատական նույնպես չեմ կարող տալ, քանի որ մեզ մոտ որեւէ քննարկում, ընթացակարգ չի եղել»:

 

 

 

ԵՐԿՈՒՍՏԵՔ ՁԵՌՆՏՈՒ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ խնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակն առաջընթաց է պահանջում, ինչի պատճառով վերջերս տարբեր ձեւաչափերում կոնտակտներն ավելի հաճախակի են դարձել: «Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սակայն գոյություն ունի խնդրի կարգավորման գործող ձեւաչափ, որը ենթադրում է կոմպրոմիսների փնտրտուք»,- ասել է նա եւ հավելել, որ փոխզիջումների փնտրտուքը ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում, որքան էլ դրանք երբեմն հակասեն իրար: «Սա միջազգային պրակտիկա է, գտնել շփման կետեր՝ առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերում: Իրավիճակն առաջընթաց է պահանջում, ուստի վերջին ժամանակներում տարբեր ձեւաչափերում կոնտակտներն ավելի ինտենսիվ են դարձել»,- ասել է Զախարովան եւ ընդգծել, որ ՌԴ-ն ամեն հնարավորն անում է, որպեսզի կողմերը հասնեն փոխզիջման. «Իհարկե, կցանկանայինք, որ փոխզիջումը գտնվեր, որքան հնարավոր է, շուտ, սակայն դա չպետք է տեղի ունենա ի վնաս երկու ժողովուրդների, իհարկե, նաեւ այն մարդկանց, որ ուղղակի ապրում են Լեռնային Ղարաբաղում»:
Հատկանշական է փաստը, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր խոսել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ՌԴ դերի մասին` շեշտելով, որ բարձր է գնահատում նրանց միջնորդական ջանքերը: «Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խափանելու շարունակական փորձերին, այդ թվում նաեւ անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ միասին շարունակում է ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ հակամարտությանը՝ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է նա:
Եթե հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ-ի եւ ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կոնկրետ քայլերը նկատելի են, ապա անհասկանալի է` ի՞նչ են անում կոնկրետ հակամարտության կողմերը: Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խուսափում են ձեռք բերված պայմանավորվածություններից՝ հընթացս պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը: Իսկ ահա Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդամենը միջազգային հանրության մոտ Ադրբեջանի հասցեին դժգոհություններ հնչեցնելով ու նեղսրտվելով, որ նրանք այդպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ քայլեր չեն անում: Ասել է, թե Հայաստանի իշխանությունները պարզապես թույլիկի կեցվածք են ընդունել ու զբաղված են «նվնվալով»: Ու հետաքրքիրն այն է, որ ե՛ւ ՀՀ, ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին ուղղակի ձեռք է տալիս այս իրավիճակը. չէ՞ որ սա իշխանությունը պահելու հրաշալի միջոց է:




Լրահոս