ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԻ ՏԽՈՒՐ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա նիստում հաստատեց 2017-22թթ. գործունեության ծրագիրը: Անգամ հասցրին այն անվանակոչել «հավակնոտ»:

«Կառավարության ծրագիրը բավականին ամբիցիոզ խնդիրներ է դրել իր առջեւ, մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ուզում հասնել ե՛ւ տնտեսական աճի վերաբերյալ, ե՛ւ գործազրկության վերաբերյալ, ե՛ւ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ, ե՛ւ արտահանման ծավալների, ինչպես նաեւ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: Բացի այդ, ըստ ոլորտների՝ հստակ ձեւակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները, անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարենք այդ նպատակներին հասնելու համար»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը 122 էջանոց ծրագրին, իրոք, լավ բնորոշում է տվել. խոստումները շատ հավակնոտ են. «ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը եւ երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի եւ աշխատավարձի մեդիանայի համամասնությունը»,- ասված է ծրագրում: Նաեւ խոսք կա ներդրումների ներգրավման մասին. «ՀՀ կառավարությունը նախատեսում է զգալիորեն եւ շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը»: Բացի այդ՝ քիչ չեն կենացներ կամ բարի ցանկություններ հիշեցնող խոստումները. «Ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար խելացի եւ նորարար տնտեսություն ունենալն այլընտրանք չունի: Խելացի կառավարման հիմքում դրված է առկա միջոցներով առավելագույն արդյունքի հասնելու սկզբունքի կիրառումը», «ՀՀ կառավարության առաջիկա տարիների գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման եւ ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությանը եւ Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը», «ՀՀ կառավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների թվի շարունակական բարձր աճ եւ համաչափ բաշխվածություն ամբողջ հանրապետությունում», «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը եւ աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»:
Նկատենք, սակայն, նման խոստումներ հնչել են նաեւ նախկինում, բայց ծրագրերն այդպես էլ մնացել են թղթի վրա: Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2012-17թթ. ծրագրում խոստանում էր շատ ավելի մեծ տնտեսական աճ: «Զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թվի ավելացում 30-50 հազարով, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչեւ 1.8-ի»,- նշված էր իրենց փաստաթղթում: Այդ կառավարությունն էլ մատնանշել էր քայլերը, որոնց միջոցով պետք է հասնեն իրենց նպատակների իրագործմանը: Բայց հիշո՞ւմ եք` ինչ անկում գրանցեց Հայաստանի տնտեսությունը Տ. Սարգսյանի կառավարության օրոք:
Գեղեցիկ խոստումների շարան ներկայացրել էր նաեւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը. «ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամի, աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»: Չիրականացվեց նաեւ այդ ծրագիրը:
Հիմա հերթը Կարեն Կարապետյանի կառավարությանն է. դժվար է պատկերացնել, թե նրանք ինչպես են ապահովելու ծրագրի իրականացումը, եթե Հայաստանում չեն փոխվել արդեն 20 տարի շարունակ գոյություն ունեցող խաղի կանոնները: Դժվար է պատկերացնել, թե կառավարությունն ինչպես է ապահովելու իր ծրագրի իրականացումը, եթե չեն վերացել տնտեսության զարգացմանը խոչընդոտող քաղաքական պատճառները. մենաշնորհներ, իշխանությունների կամայականություններ, կոռուպցիա, արդարադատության բացակայություն, երբ չկան անկախ դատարաններ, Արցախյան հիմնախնդիր, որն ամեն րոպե սպառնում է վերածվել պատերազմի եւ այսպես շարունակ: Համենայն դեպս, տարբեր ռազմավարական ծրագրեր կազմելով, գրավիչ անվանումով հայեցակարգեր ընդունելով, տարբեր ծառայություններ թվայնացնելով՝ տնտեսությունը չի զարգանում: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանը վաղուց գերազանցել էր ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ Չինաստանին, ե՛ւ Ճապոնիային, ե՛ւ եվրոպական երկրներին. նախկին կառավարությունների ծրագրերում եւս պերճախոսության եւ նման խոստումների պակաս չկար: Այնպես որ, «ամբիցիոզ» կամ «հավակնոտ» անունը ստացած այս ծրագիրը եւս դատապարտված է նախորդների ճակատագրին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԲՀԿ-ԱԿԱՆԻՆ «ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ»
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղվա նիստում «Ամրիտամ» ընկերության «Գնդեվանք-1» ՓՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում կընդունի: Բանն այն է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում վերոնշյալ ընկերությանը «Գնդեվանք-1» ՀԷԿ-ի կառուցման նպատակով դեռեւս անցած տարվա հունվարի 13-ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը բնապահպանության նախարարի 2017 թվականի մարտի 9-ի հրամանով կասեցվել է: Եւ հաշվի առնելով հանձնաժողովի՝ 2013 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ հաստատված կարգի 47-րդ կետը՝ ՀԾԿՀ-ն եւս կկասեցնի էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողությունը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ այս ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն, ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանին: Ստացվում է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Սեդրակ Առուստամյանի գործերը սկսել են վատանալ:

 

 

ՆՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ
Առաջիկայում ԱԺ-ն եւս մեկ արտահերթ նիստ կգումարի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները: Դրանք կտեւեն մինչեւ հուլիսի 3-ը: Իսկ արդեն հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ էլ օրենսդիրը լիագումար նիստում կքննարկի ու կհաստատի բյուջեի կատարողականը:

 

 

ԲԱԲԱՅԱՆԻ ԳՈՐԾԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել եւ ուղարկվել է դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը. «Նախաքննության ավարտի մասին ԱԱԾ-ն հայտարարել է: Մենք դեռ գործի նյութերը չենք ստացել: Ստանալուց հետո նոր կարող ենք գնահատական տալ»: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի թեժ պահին` մարտի 25-ին, այս գործով ձերբակալվել էր նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին մեղադրում են «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի տեղափոխումը կազմակերպելու մեջ: Ընդ որում, այդ ընթացքում թափանցիկ ակնարկներ էին հնչում այն մասին, որ «Իգլայի» տեղափոխումը հետընտրական զարգացումների ժամանակ խժդժություններ հրահրելու եւ այդ ժամանակ կիրառելու նպատակ է հետապնդել, առավել եւս, որ Բաբայանը ՕՐՕ դաշինքի ստվերային ղեկավարն էր: Սակայն քրեական գործի ողջ ընթացքում այդպես էլ ապացույցներ չէին գտել, եւ գործը կառուցվել էր Բաբայանի ու կալանավորված մյուս անձանց հեռախոսների գաղտնալսումների հիման վրա:

 

 

ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, որոնց թվում են` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հունիսի 19-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային Ժողովի ընտրությունները, ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանը ուղղված քայլերի անհրաժեշտությունը եւ այդ ենթատեքստում Հայաստան-ԵՄ հետագա համագորածակցությանը եւ անելիքներին վերաբերող հարցեր:

 

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Նշենք, որ կարճատեւ աշխատանքային այցով Նալբանդյանը եղել է Կատարի մայրաքաղաք Դոհայում, հանդիպել է Կատարի արտաքին գերատեսչության ղեկավար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:




Լրահոս