ՖՈՏՈ. Ի՞նչ էր գրված Արեգ Կյուրեղյանի կողմից փոխանցված թղթի վրա. դատական համակարգն ընկել է փաստաբանների հետևից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանի և ոստիկանների միջև միջադեպը դատարանում սկսվեց այն բանից հետո, երբ Կյուրեղյանը փորձեց գրություն փոխանցել իր փաստաբանին:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը չհերքեց, որ Արեգը փորձել է իրեն թղթի վրա գրված գրություն փոխանցել, և ոստիկանները խլել են թուղթը` չնայած հանգամանքին, որ իր պաշտպանյալն իր հետ գրավոր և բանավոր հաղորդակցվելու իրավունք ունի:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, թե ինչ է գրված եղել այն թղթի վրա, որը խմբավորման անդամները փորձել են փաստաբանների միջոցով իրար փոխանցել: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների` խմբավորման անդամները ցանկացել են դատավարությունն օգտագործել «դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի», «լինել կազմակերպված և պայքարը շարունակել մինչև հաղթանակ», «մեր գաղափարները տարածելու» և այլ նպատակներով:

Մեզ հասած տեղեկություններով` այս հարցով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ով էլ նախագահում է «Սասնա ծռեր»-ի  գործով արտագնա նիստերը, նամակով դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, որտեղ ներկայացրել է իրավիճակը և պահանջել, որպեսզի փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:

Նկատենք, որ արդեն մոտ մեկ տարի է` «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորվածների հարազատները բարձրաձայնում են, որ չեն կարողանում տեսակցել իրենց հարազատների հետ: Ասել է թե` իրավապահ համակարգն արգելանք է դրել խմբավորման անդամների հարազատների այցելությունների վրա:

Ըստ էության, կալանավորվածների միակ հույսը փաստաբաններն են, որոնց միջոցով էլ նրանք ցանկանում են իրենց խոսքը տեղ հասցնել: Եվ ահա, դատական համակարգը վստահ լինելով, որ կալանավորվածները փաստաբանների միջոցով փորձում են ինչ-որ քայլերի դիմել` արդեն տևական ժամանակ է` ինչ-որ գործողությունների են դիմում նաև նրանց նկատմամբ, մասնավորապես, դատական նիստերից առաջ իրականացվող խուզարկությունները: Ուստի, ստեղծվել է մի իրավիճակ, որ դատական համակարգն ընկել է փաստաբանների հետևից:




Լրահոս