Արգենտինացի մասնագետների հետ քննարկվել են գյուղոլորտում խորհրդատվական համակարգի զարգացման հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև «Գիտասփյուռի և գյուղատնտեսական մեխանիզացման համակարգի ամրապնդում» տեխնիկական ծրագրի համառոտ ներկայացումն էր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ այդ ուղղությամբ իրականացվող աջակցության համար:
«Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով Հայաստանի Հանրապետությունում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարին տեղեկացվել է, որ հունիսի 26-30-ն Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում, Ամերիկա կորպորացիայի համագործակցությամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի ներդրման նպատակով Ագրարային տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) և CREA խմբերի արգենտինական ասոցիացիայի (AACREA) փորձագետները հանդիպումներ են ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և Գեղարքունիքի ու Արարատի մարզերի Գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների տնօրենների, խորհրդատուների և ֆերմերների հետ:
Ծրագրով ընթացիկ տարում նախատեսվում է խորհրդատուների այց Արգենտինա՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և միջազգային փորձին տեղում ծանոթանալու նպատակով: Բացի այդ, 2018 թվականի ընթացքում նախատեսվում է Արգենտինայում կազմակերպել դասընթացներ ուսուցանողների համար, ինչպես նաև վիդեոկոնֆերանսների միջոցով վերապատրաստման դասընթացներ անցկացնել Հայաստանում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատանքային խմբերի ուսումնասիրություններից և քննարկումներից հետո ամփոփել արդյունքները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս