Պատահական չէր, որ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական տեխնիկան չաշխատեց. ի՞նչ ազդեցություն ուներ ՌԴ-ն

Պատահական չէր, որ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական տեխնիկան չաշխատեց. ի՞նչ ազդեցություն ուներ ՌԴ-ն

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը: Հետաքրքիրն այն է, որ ռուսական զենքի նախորդ խմբաքանակն Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ` ապրիլին:
Սպառազինության նոր խմբաքանակի ֆոնին Հայաստանում վերսկսվեցին ՌԴ-ի կողից Ադրբեջանին զենքի վաճառքը դատապարտող հայտարարությունները:

Մասնավորապես օրերս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած սպառազինության մատակարարման: «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել պատասխանել այս հարցին: Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Եթե որեւէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ շատ ոգեւորված է, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ` նա անկեղծ չի լինի»:

Հետաքրքիր է, որ հայ պաշտոնյաների պես ոգեւորված չեն նաեւ ռուս քաղաքագետներից մի քանիսը, ովքեր կարծում են, որ սպառազինություն չպետք է տրվի ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին: Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ ՌԴ-ն ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:

-Պարո՛ն Սկակով, օրեր առաջ Ադրբեջանը սպառազինության հերթական խմբաքանակն է ստացել ՌԴ-ից: Արդյո՞ք դա հուշում է իրավիճակի սրման հավանականության մասին:

-Դուք գիտեք, որ Ադրբեջանը մշտապես սպառազինվում է, դա նրա մշտական զբաղմունքն է, որի վրա ծախսվում է նրանց բյուջեի մեծ մասը: Նոր սպառազինություն ձեռք բերելը ոչինչ չի նշանակում: Կարող ենք միայն փաստել, որ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել պատերազմի, ոչ թե խաղաղ ճանապարհով: Սակայն չեմ կարծում, թե հիմա հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի նման քայլի, սակայն այն, որ այդպիսի ցանկություններ մշտապես առկա են, գաղտնիք չէ:

-Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի դիմի նման քայլի:

-Քանի որ հիմա անհրաժեշտ հանգամանքներ չկան: Այժմ ուժերի բալանսավորում է առկա շնորհիվ Հայաստանին մատակարարված սպառազինության. դա ցուցադրվեց, եւ բոլորը տեսան: Երկրորդ հետ պահող հանգամանքն այն է, որ հիմա լավ են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիան չի ցանկանա դրդել Ադրբեջանին` դիմելու ռազմական գործողությունների: Բացի այդ՝ այժմ Ադրբեջանի ներսում իրավիճակը սրված չէ: Երբ ներսում դժգոհությունները շատանան, կարող են դիմել արկածախնդրության, սակայն հիմա հարաբերական հանգիստ է: Այդ պատճառով ես հիմա չեմ տեսնում ֆակտորներ, որոնք կստիպեն պատերազմել: Ալիեւը հիմար չէ եւ հիմա չի սկսի պատերազմել:

-Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի կողմից սպառազինության վաճառքը մշտապես դժգոհություններ է առաջացրել Հայաստանում: Օրեր առաջ դա չթաքցրեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը:

-Իհարկե, դա սպասելի է: Ինձ էլ դա դուր չի գալիս, սակայն կան պայմանագրեր, որոնց հիման վրա էլ կատարվում է սպառազինությունների մատակարարումը: Պայմանավորվածությունները պետք է կատարել, հակառակ դեպքում այլ պարտավորվածություններ կառաջանան: Սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի վրա ազդեցություն է առկա: Եկեք չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմի օրերին այդ տեխնիկան նաեւ չաշխատեց. կարծում եմ՝ դա պատահականություն չէ: Ես կարծում եմ, որ այժմ ճիշտ չէ սպառազինություն մատակարարել Հարավային Կովկասի երկրներին` ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Վրաստանին: Ամեն դեպքում, Մոսկվայի համար շահեկան չէ հերթական էսկալացիան: Ռուսաստանն աջակցելով Հայաստանին եւ մյուս կողմից զենք մատակարարելով Ադրբեջանին՝ փորձում է պահպանել կողմերի միջեւ հավասարակշռությունը: Դեռեւս Ռուսաստանը փորձում է հանդարտեցնել Ադրբեջանին, քանի որ վերջինս գործընկեր է: Այս մատակարարումները նաեւ երկարաժամկետ հարաբերություն է: Իսկ հայտնի է, որ ում որ զենք է վաճառում որեւէ երկիր, նրան դնում է կախվածության մեջ: ՌԴ-ի հաշվարկը հիմնված է հենց այս մտքի վրա: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի, ապա մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է գնում նաեւ Իսրայելից եւ շատ ու շատ այլ երկրներից:

-Բազմաթիվ փորձագետներ տեսակետ են արտահայտում, թե իրավիճակի սրման կարող ենք սպասել աշնանը: Իսկապես, նման անհանգստության համար հիմքեր առկա՞ են:

-Նախ պետք է ապրել մինչ աշուն: Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կարող ենք սպասել աշնանը: Շատ կարեւոր հանգամանք է հանդիսանում առհասարակ աշխարհում տիրող իրավիճակը: Պետք է դիտարկել, թե աշնանն ինչպիսի իրավիճակ կլինի գլխավոր խաղացողների` ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Հիմա դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ կարող է լինել աշնանը: Սակայն փաստ է մեկ բան, որ հիմա պետք չէ սպասել ռազմական գործողությունների վերսկսման: Այժմ փորձ է կատարվում կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ` գործընթացի թվացյալ շարունակականությունն ապահովելու համար: Այս իրավիճակում կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար գործադրվող ջանքերն անհամեմատ ավելին են, քան այդ հանդիպումներից ակնկալվող արդյունքները: