Անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալու ենք թիրախային և անհամարժեք պատասխան. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը,  մեր հարվածի թիրախը եղել և լինելու են միայն ու միայն ռազմակայանները: «Ինտերֆաքսի» հետ զրույցում այս մասին նշել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը` մեկնաբանելով երեկ տեղի ունեցած իրադարձություններն ու ադրբեջանական կողմի մեղադրանքները:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը եւ դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ: »,-հայտարարել է Մնացականյանը:

Նա արձանագրել է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան:

«Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միեւնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու են լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային եւ անհամարժեք պատասխան: Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից եւ հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»:

 




Լրահոս