«Ծառուկյան» եվ «Ելք» դաշինքները դարձան ընդդիմություն. «Ժառանգությունը» մտափոխվել է

«Ծառուկյան»  եվ «Ելք» դաշինքները դարձան ընդդիմություն. «Ժառանգությունը» մտափոխվել է

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին դեմ քվեարկելը «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները ընդդիմադիր են «դարձել» «Ժառանգություն» կուսակցության համար: Չնայած ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգության» եւ «Ելք»-ի հեռակա բանավեճերին ու մեղադրանքներին՝ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կուսկացությունը մտքափոխվել է:

Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ներկայացնում է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, հայտարարեց, թե այդ երկու խմբակցություններն ընդդիմադիր են, քանի որ դեմ են քվեարկել կառավարության ծրագրին:

-Պարո՛ն Մարտիրոսյան, օրեր առաջ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքն է եղել «Ելք» դաշինքի հիմնադիրն ու նախահայրը, սակայն վերջիններս հերքում են՝ նույնիսկ ասելով, թե միգուցե վատ երազ է տեսել:

-Եթե պարոն Հովհաննիսյանը ցանկանա երբեւիցե փակագծեր բացել, ինքը դա շատ հանգիստ կարող է անել: Նա իր հարցազրույցում էլ նշեց, որ եթե դրա կարիքը լինի, կանի դա: Ես ինքս եղել եմ այդ ամբողջ պրոցեսում, այն ամենը, ինչ մենք գիտենք, ավելի լավ է մնա մեր մեջ: Ես դեմ եմ, որ ինչ-որ փակագծեր են բացում, դրա համար կարծում եմ՝ ճիշտ է` ամեն մեկը շարունակի իր գործունեությամբ զբաղվել:

-Բոլորն են հիշում, որ ընտրություններից հետո միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրիք: Շատերը նույնիսկ բարձրաձայնեցին, թե «Ժառանգությունը» նախանձում է «Ելք» դաշինքին:

-«Ժառանգությանը» որեւէ մեկը չի կարող մեղադրանքներ հնչեցնել, քանի որ չի եղել մի քաղաքական գործընթաց, որն իշխանափոխությանն է միտված եղել, եւ «Ժառանգությունը» հետ քաշված է եղել: Չի եղել մի քաղաքական պրոցես, որ մենք չաջակցենք, եթե մենք չգլխավորենք: Դրա համար ոչ ոք չի կարող մեղադրել, առավել եւս «Ժառանգությունը» երբեւէ գործարքների չի գնացել: Ինչի՞ համար նախանձենք «Ելք»-ին, որ խորհրդարան են անցե՞լ: Մենք որ խորհրդարան էինք անցել, իրենք դեռեւս չէին ստեղծվել, եւ խորհրդարանում ինչ-որ էքստրաօրդինար վիճակ չկա: Համենայնդեպս, խորհրդարանից ո՛չ հարստացել եմ, ո՛չ իմ առողջությունն ավելի ամրապնդվել է:

-«Ելք»-ին ընդդիմություն համարո՞ւմ եք:

-Քանի որ ես այս պահին կուսակցության համար եմ պատասխանատու, ներկայացնեմ պաշտոնական տեսակետը, որ մենք «Ելք» դաշինքին տեսնում ենք ընդդիմություն, դրա համար էլ նախանձելու բան չկա: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ լավ են աշխատում: Նա ասել է՝ նրանք, ովքեր կառավարության ծրագրին դեմ են քվեարկում, ընդդիմություն են: Ընդդիմություն է նաեւ «Ծառուկյան» դաշինքը, դրա համար պետք չէ խոսել նախանձի մասին: «Ժառանգությունը» նեղ, անձնական հարցերով չի զբաղվել, այլապես կարող էր հանգիստ խորհրդարանում լինել:

Այդ դեպքում ընտրություններից հետո ինչո՞ւ էիք այլ կերպ արտահայտվում, ի՞նչ փոխվեց:

-Ես կրկնում եմ կուսակցության պաշտոնական տեսակետը. կառավարությանը դեմ քվեարկած խմբակցությունները մեզ համար ընդդիմություն են: