Սուտ մատնության նոր փաստեր. քննիչներն ու ոստիկանության աշխատակիցները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով` սուտ մատնություններ կատարելու և պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ:

Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռոզա Զուլալյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու` կաշառք ստանալու մեջ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ահազանգել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին` հայտնելով ամուսնու կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ արտահանելու նախապատրաստության մասին: Սակայն իր ահազանգին օրինական ընթացք չտալու և այդ կերպ ամուսնու մեկնելուն չխոչընդոտելու համար ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները նրանից 2000 ռուսական ռուբլի կաշառք են ստացել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ և վկաների ցուցմունքերով հերքվել են Ռ. Զուլալյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, դժգոհ լինելով ամուսնու ՌԴ մեկնելու առիթով, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ինչպես վերջինիս գործողությունների, այնպես էլ ոստիկանների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:

Մյուս քրեական գործը հարուցվել է Դիլիջան քաղաքի բնակիչ Արման Հովսեփյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Վերջինս, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քննիչին և ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Այսպես, Ա. Հովսեփյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննություն կատարող քննիչը կեղծել է իր և գործով հարցաքննված այլ անձանց ցուցմունքները` արձանագրությունների մեջ ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, հայտնել է, որ նախկին կնոջ ահազանգով իր բնակության վայր ժամանած ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները ծեծել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն:

Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նշանակված փորձաքննությունների, ինչպես նաև իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Ա. Հովսեփյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձանց կողմից չկատարված հանցագործությունների մասին:

Վերը նշված երկու դեպքերի` ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Եվս մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Հակոբյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր վերաբերյալ քննած քրեական գործը դատարան ուղարկելուց հետո այցելել է ՔԿՀ ու պահանջել, որ դատարանում իրեն մեղավոր ճանաչի իր կողմից չկատարված խարդախությունների և գողությունների մեջ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել իր մորը` նույն քրեական գործով ամբաստանյալ Ա. Հակոբյանին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` դատապարտյալի անձնական գործի զննությամբ և հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ քննիչը դատապարտյալի մատնանշած ժամերին ՔԿՀ չի այցելել, և վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործության մասին` քննիչին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Սուտ մատնություն կատարելու հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:




Լրահոս