Քանի գրադարան է փակվել Վանաձորում, և քանի մարդ է գործազուրկ դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր համայնքի ավագանու ապրիլի 18-ին կայացած նիստում որոշվեց օպտիմալացնել քաղաքի գրադարանային համակարգը: Առաջարկն ընդունվեց ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ավագանիների կողմից, ինչի արդյունքում այսօր արդեն Վանաձորում անաշխատանք մնացին շուրջ 34 աշխատակիցներ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին աշխատանքից ազատվել է թվով 34 աշխատակից:

Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգը մինչ ավագանու վերոնշյալ նիստը իր մեջ ներառում էր 8 գրադարան: Այսօր արդեն ակտիվ գործունեություն է ծավալում դրանցից 4-ը: «Դիմաց» թաղամասում գործող գրադաանը փակվել է ամբողջությամբ՝ շենքային խայտառակ ու անմխիթար պայմաններից ելնելով: Մյուս երեք գրադարնները շրջանառվող տեղեկությունների համաձայն` նախատեսվում է կցել դպրոցներին, քանի որ դպրոցների շենքերում են տեղակայված: Իսկ ահա ծայրամասային Տարոն 4 թաղամասի խնամքի կենտրոնում տեղակայված գրադարանի հարցն ամենից անորոշն է: Խնամքի կենտրոնում ներկայումս իրականացվում են նորոգման աշխատանքներ: Գրքերը կապվել ու պարկերն են լցվել: Նորոգումից հետո էլ անգամ հնարավոր է գրադարանը այլևս չգործի նշված շենքում: Նախատեսվում է տանել մոտակա դպրոցներից մեկում տեղակայել, իսկ թե որքան ժամանակ կտևի գործընթացը՝ անորոշ է: Փաստն այն է, որ ներկայումս նշված գրադարանի ամբողջ կոլեկտիվը գործազուրկ է դարձել գրչի մեկ հարվածով:

Տարիներ շարունակ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգը ունեցել է 57.5 դրույք ՝ շուրջ 62 աշխատակցով: Այսօր արդեն գործում է 4 գրադարան՝ 21 դրույքով՝ 28 աշխատակցով: Ինչպես նկատվեց՝ դրույքների քանակն ու աշխատակիցների քանակը տարբեր են: Նպատակը՝ իբր թե ցույց տալ, թե հնարավորինս քիչ կրճատումներ են արվել:
Թե ինչպես և ում կողմից է ընտրվել գրադարանային համակարգում աշխատանքին մնալու հարցը, պաշտոնական մեկնաբանությամբ կանդրադառնանք առաջիկա օրերին: Մինչ այդ սակայն, մեզ հասած տեղեկություններով, հաշվի են առնվել աշխատանքային փորձը, մասնագիտական ու բարձրագույն կրթությունը, ինչպես նաև աշխատակցի սոցիալական վիճակը: Հերթական անգամ աշխատել է նաև «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը»: Մեզ հայտնի դարձավ, որ որոշ աշխատակիցներ իրենց աշխատանքին են մնացել իրենց իսկ հովանավորների զանգերի ու միջնորդությունների շնորհիվ:

Մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքը կոցրել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր շուրջ 45 տարվա աշխատանքային փորձ են ունեցել՝ լինելով պարզապես նվիրյալներ իրենց աշխատանքին: Գրադարաններում մնացած աշխատակիցներն ասում են, որ ցավով են ընդոնում այս փաստը, միևնույն ժամանակ հիշեցնելով, որ եղել են անգամ այնպիսի աշխատակիցներ, ովքեր ասել են, որ համաձայն են, որ իրենք մնան գործազուրկ, միայն թե գրադարանը չփակվի:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս