ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁՈՆՆ ԱՌ ԵՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ հայտարարել է, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան եվրոասոցացումը: Նրա խոսքերով՝ կառավարությունը համեմատական վերլուծություն է իրականացրել մի կողմից՝ ԵՏՄ անդամ Հայաստանի, մյուս կողմից՝ եվրոասոցացման գործընթացում գտնվող Վրաստանի եւ Մոլդովայի միջեւ՝ գնահատելու համար հավանական էֆեկտները, եւ հանգել է հետեւյալ եզրակացության. «Մեզ մոտ ԵՏՄ-ին միանալը ավելի մեծ արդյունք տվեց, որովհետեւ, միեւնույն է, ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի բոլոր երկրների վրա կար, եւ դրանով մենք տարանջատում էինք միացման էֆեկտները տնտեսական վիճակի էֆեկտներից: Տնտեսական վիճակի էֆեկտները բոլոր տեղերում կա՝ անկախ նրանից՝ դուք գնում եք ԵՏՄ, թե եվրոասոցացման: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամակցությունը դրական է»:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ երեկ ասել է, թե ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում շատ ավելի ցածր տնտեսական աճ կունենայինք: «Երբ կայունացավ Ռուսաստանի տնտեսությունը, մեր տնտեսվարողները հարմարվեցին նոր խաղի կանոններին, անմիջապես այնտեղ աճ գրանցվեց, եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք ունենք դրական էֆեկտներ ԵՏՄ-ին անդամակցությունից»,- ասել է նա:
Տպավորություն է, թե կառավարության անդամները երեկ որոշել էին օգտագործել բոլոր հնարավոր առիթները՝ գովերգելու ԵՏՄ-ն, ներկայացնելու վերջինիս առավելություններն ու այդպես սիրաշահել ՌԴ-ին: Ու սա մի իրավիճակում, երբ Ռուսաստանը, չնայած ղարաբաղա-ադրբեջանական սահմանի միջադեպերին, չնայած ե՛ւ ՌԴ ԱԳՆ-ի, ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ պաշտոնական Բաքվին ուղղված հասցեական քննադատությանը, զենքի հերթական խմբաքանակն է վաճառում Ադրբեջանին:
Իշխանությունները կարող են արդարանալ, թե տնտեսական բաղադրիչ մասին խոսելը, ԵՏՄ-ի օգուտները ներկայացնելը որեւէ կապ չունեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի հետ: Դիցուք, ընդունենք, որ առաջին հայացքից կապ չունեցող խնդիրներ են:
Բայց այս դեպքում էլ արձանագրենք՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015թ.-ից, եւ երկու տարին բավական ժամանակ է՝ նման եզրակացություններ անելու համար: Եւ հետո, Հայաստանում ամբողջությամբ չեն կիրառվում ԵՏՄ-ում գործող բոլոր օրենքները. Վաչե Գաբրիելյանն ինքն է երեկ ասել, որ ԵՏՄ-ում տարիֆներն ավելի բարձր են, քան Հայաստանում, բայց 700 անուն ապրանքի վերաբերյալ Հայաստանի համար տարիֆները դեռ չեն բարձրացվել. «Այլ արել ենք աստիճանաբար, որ դա անմիջապես չազդի մեր տնտեսական սպառման վրա, որպեսզի մեր տնտեսվարողներն ու սպառողները կարողանան կամաց-կամաց անցնել այդ նոր տարիֆներին, եւ ազդեցությունը միանգամից չզգացվի»,- նշել է նա: Այսինքն՝ դեռեւս հայտնի չէ, թե ԵՏՄ-ում գործող տարիֆները Հայաստանում ամբողջովին կիրառելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կլինեն: Եւ հետո, մի հանգամանք էլ՝ Հայաստանն այդպես էլ ԵՄ-ի հետ չկնքեց ասոցացման, ինչպես նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որպեսզի հնարավոր լիներ գնահատել դրա արդյունքները:
Բայց մի կողմ թողնենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական բաղադրիչը: Իր այս հայտարարություններով Վաչե Գաբրիելյանն ըստ էության սխալ է հանել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հինգ տարիներին վարած քաղաքականությունը: Ինչպես հայտնի է՝ 2008-2013թթ. ընթացքում Սերժ Սարգսյանը բռնել էր եվրոինտեգրացիայի ուղին: Հայաստանը բավական ինտենսիվ բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ ասոցացման, ինչպես նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի վերաբերյալ: Իսկ Սերժ Սարգսյանը հինգ տարի շարունակ առիթը բաց չէր թողնում ԵՄ-ի հետ բանակցվող փաստաթղթերը գովերգելու եւ դրանց վավերացման դեպքում Հայաստանին սպասվող պայծառ ապագայի մասին խոսելու համար: Եթե մոռացել եք, մի քանի մեջբերում Սերժ Սարգսյանի հայտարարություններից.
26.05.2010. «Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շարունակական խորացումը… Այն նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ է՛լ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով՝ ներառյալ ասոցացման համաձայնագրի եւ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարները»:
26.05.2010. «Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է ե՛ւ ասոցացման բանակցությունների, ե՛ւ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով… Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու միասնական շուկայի հնարավորություններից»:
30.09.2011. «Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը եւ այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան»:
17.10.2012. «Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է ե՛ւ ասոցացման բանակցությունների, ե՛ւ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը միասնական շուկայի վերաբերյալ: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու միասնական շուկայի հնարավորություններից»:
Հետաքրքիր է՝ եթե ԵՄ-ում շատ ավելի վատ էր լինելու Հայաստանի վիճակը, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը հինգ տարի շարունակ «առաջամարտիկի դիրքերից» բանակցում եվրոպացիների հետ, եւ ինչո՞ւ էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմը, որի առանցքային անդամներից էր նաեւ Վաչե Գաբրիելյանը, գովերգում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն ու քննադատում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարը, իսկ այսօր, ընդհակառակը, միանգամայն հանդես գալիս բացարձակապես հակառակ դիրքերից: Ի դեպ, մոռացանք ասել՝ նույն Տիգրան Սարգսյանն այսօր բարձր պաշտոն ունի ԵՏՄ-ում. նա ԵՏՄ կոլեգիայի հանձնաժողովի ղեկավարն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱՆԼՐՋՈՐԵՆ
«Ժառանգություն» կուսակցության՝ նախօրեին տեղի ունեցած համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտարարեց ընդդիմության համախմբման անհրաժեշտության մասին: Միայն թե, նկատենք, որ սա Ր. Հովհաննիսյանի առաջին նման հայտարարությունը չէ. նախկինում եւս հանդես է եկել այսպիսի առաջարկներով՝ մեծ պաթոսով կոչ անելով միավորվել, պլատֆորմ ստեղծել: Վերջին նախաձեռնությունն էլ եղել էր այս տարվա մայիսին: Բայց հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի հեղհեղուկ բնավորությունը, քաղաքականությամբ՝ նրա ժամանակ առ ժամանակ զբաղվելու սովորությունը՝ քաղաքական դաշտում նրա առաջարկները որեւէ մեկը վաղուց լուրջ չի ընդունում եւ չի էլ արձագանքում: Պատահական չէ, որ այս անգամ էլ ընդդիմադիր ուժերից որեւէ մեկն այդպես էլ ուշադրության չարժանացրեց «Ժառանգություն» կուսակցության նախագահի խոսքերը: Մեկ փաստ եւս. ընդդիմության միավորման կոչեր են անում այն ժամանակ, երբ ուրիշ որեւէ անելիք չկա:

 

 

ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ ԱՎԱԳԱՆԻՆ
2008 թվականից Ճամբարակի ավագանու անդամ Վազգեն Ադամյանը ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Հիշեցնենք, որ ընտրախախտումը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի 20/24 ընտրական տեղամասում, ուր քվեարկելու էր գնացել Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանը: Վազգեն Ադամյանը ցանկացել է իմանալ, թե համաքաղաքացին ում օգտին է քվեարկում: Քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով նա մոտեցել է Ղուլյանին, ու չնայած վերջինիս մերժումներին՝ Ադամյանը նրան հանգիստ չի թողել, հետեւից քայլելով մոտեցել է քվեախցիկին եւ հսկել: Այդքանից հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել՝ ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բայց, դե, դատարանը շատ մեղմ պատժի արժանացրեց՝ կեղծարարին ընդամենը տուգանելով:

 

 

ԱՅԼԵՎՍ ՏՆՕՐԵՆ ՉԷ
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը երեկվանից այլեւս Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի տնօրենը չէ: «Ժողովուրդ»-ի հարցին` ինչն է տնօրենի պաշտոնից ազատման պատճառը, Սամվել Թորոսյանը պատասխանեց. «70 տարեկան եմ, բա ինչ անեմ: Թող երիտասարդները շարունակեն: Ոչ մի խնդիր չկա: Նորմալ գործընթաց է»: Մենք տեղեկացանք նաեւ, որ Թորոսյանին փոխարինելու է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Նշենք, որ Միրիջանյանը այժմ «Նորք» հոգեբուժական կլինիկայի տնօրենն է: Ի դեպ, այս ընթացքում առողջապահության նախարարությունում քննարկվում է նաեւ հոգեբուժական կլինիկաներն իրար միացնելու հարցը: Ենթադրվում է, որ Նուբարաշենի եւ «Նորք» հոգեբուժական կլինիկաները առաջիկայում կմիանան: «Այդ գործընթացը ուժի մեջ է, թե որը որին կմիացնեն, այդ մասին տեղյակ չեմ: Խոսակցություններ կան, բայց թե դրանք որ մակարդակում են, տեղյակ չեմ»,- ասաց Սամվել Թորոսյանը:

 

 

ԿՍԿՍԵՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի առաջին օրը ԵԽԽվ փոխնախագահն անջատել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսափողը: Վերջինս «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դա տեղի է ունեցել ելույթի վերջում: «Մենք այսօր հավանություն տվեցինք ստեղծել անկախ հետաքննող մարմին: Երբ որ իմ ելույթում հույս հայտնեցի, որ այդ հանձնաժողովը կզբաղվի Միլիսա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմություններով, նախագահողն իմ խոսափողն անջատեց», – նշեց նա: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ իրեն այս նստաշրջանում այլեւս չեն տեսնի: «Առավոտ բյուրոյի նիստում ինքն ասել է, որ չի նախագահի նիստերը, բայց չի պատրաստվում հրաժարական տալ: ԵԺԿ խմբի անդամներն անվստահություն հայտնեցին նրան, բայց ԵԽԽՎ կանոնադրությունը չունի հետկանչի իրավունք: Բայց այսօր Մարի Պասկեի զեկույցի ընդունման դեպքում կամրապնդվի հետկանչի դրույթը, որից հետո կսկսվի Ագրամունտի հրաժարականի իրավական գործընթաց», – հավելեց նա:
Հ.Գ. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:

 

 

ՀԱՆԳԻՍՏ Է
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը ներկայումս հանգիստ է: Հիշեցնենք՝ նախանցած շաբաթվա վերջին իրավիճակը ղարաբաղյան շփման գծում սրվել էր, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 4 զինծառայող զոհվեց, եւս 3-ը վիրավորվեցին:




Լրահոս