ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ Է ՀՐԱՀԱՆԳԵԼ ԿԻԲԵՐՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պարտականությունները, այս երկրի պետակառավարման համակարգը հանգիստ շունչ չի քաշել: Նախագահի ու նրա մերձավոր շրջապատի մասին գրեթե ամեն օր մամուլը մի նոր սկանդալային հրապարակում է ունենում՝ ինչ-ինչ բացահայտումներ անելով: Այս անգամ, սակայն, Washington Post-ը խախտեց ավանդույթը՝ Թրամփի հետ կապված բացահայտումները առնչակցելով արդեն նախկին նախագահ Բարաք Օբամային: Ըստ պարբերականի աղբյուրների՝ նախագահական ընտրությունների շրջանում Օբաման հստակ տեղեկատվություն է ունեցել այն մասին, որ ՌԴ կառավարող շրջանակները ընտրական գործընթացին անմիջականորեն ներգրավելու քայլեր են ձեռնարկել:

Համաձայն ամերիկյան հեղինակավոր լրատվականի՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը 2016թ. ամռանը ծանուցել էր նախագահին, որ ռուսական հաքերային շրջանակների կողմից գործողություններ են ձեռնարկվում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու ուղղությամբ: Ըստ ԿՀՎ-ի հույժ գաղտնի զեկույցի, որը հատուկ ծրարով ուղարկվել էր Սպիտակ տուն եւ թույլատրվել բացվելու հաշված անձանց ներկայությամբ միայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ էր հրահանգել կիբեր հարձակում ձեռնարկել՝ փորձելով հակել ընտրությունները Դոնալդ Թրամփի օգտին: Օբամայի վարչակազմը մտածել է ռուսներին մի շարք պատասխանների արժանացնել, ինչպես, օրինակ, կիբերհարձակումներ գործել ռուսական ինֆրաստրուկտուրաների վրա, հրապարակել ԿՀՎ-ի գաղտնի կոմպրոմատները Պուտինի մասին, ուժեղացնել տնտեսական պատժամիջոցները եւ այլն: Փոխարենը, Օբաման նախընտրել է անձամբ զգուշացնել Պուտինին 2016թ. սեպտեմբերին Չինաստանում կայացած G-20 գագաթնաժողովի ժամանակ նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ միաժամանակ բավարարվելով մի քանի ռուս դիվանագետների արտաքսմամբ ու խորհրդանշական նեղ-թիրախային պատժամիջոցներով: Ըստ էության, ռուսական ակտիվ հարձակումները չեն արժանացել ամերիկացիների համարժեք պատասխանին, ինչի համար այսօր լրջորեն քննադատվում է նախկին վարչակազմը:
Հարկ է նկատել, որ Օբամայի վարչակազմի ուղղությամբ այս հարցում առաջին քարերը նետել էր հենց Թրամփը՝ պնդելով, որ եթե ռուսները միջամտել են ամերիկյան ընտրություններին, ապա դա հնարավոր է եղել միայն նախկին վարչակազմի քաղաքականության արդյունքում: Թրամփը ակնարկել էր, որ Օբաման էր պատասխանատու միջամտության համար, քանզի պատշաճ քայլեր չի ձեռնարկել՝ կանխելու դեպքերի այդօրինակ ընթացքը: Ինչպես հաճախ է պատահում Թրամփի հետ, այս անգամ նա նույնպես խտացնում է գույները եւ ծայրահեղ գնահատականներ տալիս՝ առանց հաշվի առնելու Օբամայի վարչակազմի դժվարին կացությունը: Օբաման նախ անմիջականորեն ներգրավվել էր ընտրապայքարին՝ հանդես գալով իր կուսակից Հիլարի Քլինթոնի պաշտպանությամբ: Նախագահը նույնիսկ մասնակցում էր Քլինթոնի հանրահավաքներին ու Թրամփին քննադատող ելույթներ ունենում: Այս հանգամանքը չափազանց կաշկանդում էր Օբամայի՝ երկրի նախագահի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու հարցում, քանզի նրա ցանկացած գործողություն, որ կբացահայտեր ռուսների ներգրավածությունը հօգուտ Թրամփի, անխուսափելիորեն արժանանալու էր վերջինիս քաղաքական շահարկումներին: Պատահական չէ, որ այդ շրջանում Թրամփը նույնիսկ խոսում էր ընտրությունների կեղծման հավանականության մասին՝ որոշակիորեն սպառնալով, որ իր «շարժումը» չի կարող հաշտվել նման հանցանքի հետ: Թրամփի հայտարարությունները՝ ընտրությունները կեղծելու մասին, արդեն իսկ լուրջ գլխացավանք էին Օբամայի համար: Եվ ահա նման իրավիճակում, եթե Օբամայի վարչակազմը հանդես գար ռուսների միջամտության մասին հաղորդմամբ, անպատկերացնելի է, թե Թրամփը ինչպես էր օգտագործելու իրավիճակը՝ դեմոկրատներին մեղադրելով իր հաղթանակը գողանալու մեջ: Անշուշտ, եթե Օբաման գնար նման բացահայտումների ճանապարհով, Թրամփը հազիվ թե հաղթանակ տաներ, ինչը գուցե եւ կհանգեցներ լուրջ ցնցումների: Հաշվի առնելով Թրամփի խառնվածքը, ինչպես նաեւ Օբամայի՝ Քլինթոնի ընտրարշավին ցուցաբերած ակտիվ մասնակցությունը՝ քաղաքական շահարկումների պակաս չէր զգացվելու: Ահա այստեղ է, որ ԱՄՆ դեմոկրատները իրական բացթողումներ ունեցան: Օբաման պարտավոր էր հանդես գալու արբիտրի կերպարում՝ բավարարվելով Քլինթոնին սատարող հայտարարությամբ: Այնինչ՝ նա խախտեց քաղաքական հավասարակշռությունը եւ ակտիվորեն պաշտպանեց թեկնածուներից մեկին՝ մյուսին ինքնաբերաբար լարելով իր դեմ: Նման իրավիճակում նրա ցանկացած քայլ դիտվում էր Քլինթոնի օգտին՝ ընդդեմ Թրամփի: Ըստ այդմ, որքան Թրամփն է մեղավոր ԱՄՆ-ում ամբոխահաճության ու քաղաքական անպատասխանատվության դրսեւորման բարձր մակարդակի համար, նույնքան էլ կառավարող ընտրախավն ու անձամբ նախկին նախագահ Օբաման:
Ի դեպ, Հայաստանում նման իրավիճակ գրանցվեց 2008թ, երբ իր ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանը անմիջականորեն ներգրավված էր ընտրական գործընթացում եւ անթաքույց աջակցություն էր ցուցաբերում Սերժ Սարգսյանին: Քոչարյանի հեռակա բանավեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ավելի բուռն էր ու սուր, քան Սարգսյանինը: Այնպիսի տպավորություն էր, որ ընտրություններում Տեր-Պետրոսյանի մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ հենց Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս, որպես հեռացող նախագահ, կարող էր առավելագույնը հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին եւ մի կողմ քաշվել՝ մտածելով սոսկ ընտրությունների օրինականության ապահովման մասին: Նա պարտավոր էր ապահովել ընտրական գործընթացի մաքրությունը՝ իշխանության խաղաղ փոխանցումն իրականացնելով: Սակայն Քոչարյանը Սարգսյանի մասին ավելի շատ էր մտածում, քան անհրաժեշտ էր, եւ նման «անձնուրացությունը» չշրջանցեց անգամ Մարտի 1-ի սպանդը: Քոչարյանը, փաստորեն, ճակատագրական սխալ գործեց ոչ այնքան ժողովրդավարությունը բռնաբարելով կամ անփառունակ կերպով ավարտելով իր քաղաքական կարիերան, որքան դաժան նախադեպ սահմանեց, ըստ որի՝ բացառվեց Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը: Մի սխալ, որից ամերիկյան էլիտան հաջողությամբ խուսափեց՝ իշխանությունը հանձնելով Թրամփին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԿԻՆ ՎԱՐՈՐԴԸ` ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌ

Ինչպես հայտնի է՝ հունիսի 25-ին Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ավտոճանապարհին հայկական ավտոբուս էր վթարվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այն պատկանել է «Ալբերտ տուր» ընկերությանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ նշված ընկերությունը մասնակցել է Երեւան-Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում, եւ ըստ նախարարության՝ այն անօրինական ուղեւորափոխադրում է իրականացրել: Մինչ այդ, սակայն, «Ալբերտ տուր» ընկերությունից հակառակն են պնդում` վթարված ավտոբուսը կանոնավոր ուղեւորափոխադրում է իրականացրել: Ավելին՝ ընկերության աշխատակիցը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ տվյալ ավտոբուսը մրցույթին մասնակցել է եւ անցել: Թե ինչու է նախարարությունը ողջ պատասխանատվությունը գցում ընկերության կամ վարորդի վրա, դժվար չէ հասկանալ. այսպես ավելի հեշտ է, եւ բացի այդ՝ տպավորություն է, թե իրենք վերահսկում են ոլորտը, բայց դաշտում, այնուամենայնիվ, ընկերություններ կան, որոնք խախտում են օրենքները:
Նշենք, որ այս ընթացքում ընկերության տնօրենը վթարի մասով քննարկումների մեջ է նախարարության հետ: «Ժողովուրդ»-ը ընկերությունից տեղեկացավ նաեւ, որ ուղեւորներից երկուսը, որոնք հիվանդանոցում էին, դուրս են գրվել, իսկ բոլոր անհրաժեշտ վճարումները կատարվել են ընկերության կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է վրաց կին վարորդը: Բայց ընկերությունից այս մասով խուսափեցին որեւէ տեղեկություն տալ` նշելով, որ քննություն է ընթանում: Բացի այս՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել էր նաեւ, որ գործունեության ընթացքում «Ալբերտ տուր»-ը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար տրանսպորտային տեսչության կողմից այս տարվա մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին` 900 հազար դրամով։ Իսկ այս մասով էլ ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ բոլոր տուգանքները բողոքարկվել են: Այս պահին դրանք բողոքարկման փուլում են գտնվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԾՈՒՂԱԿ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դիլիջան քաղաքի ծայրամասում գտնվող «Հաղարծին» ռեստորանային համալիրից մինչեւ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելում շուրջ 6 կմ ավտոճանապարհի մեջտեղը ներկված է հոծ գծով: Դա նշանակում է, որ այդ հատվածում ավտոմեքենաների վարորդների կողմից վազանցն արգելվում է, այլապես վազանց կատարելու դեպքում վարորդին սպառնում է տուգանք: 2016թ. սեպտեմբերի 14-ից մինչ օրս վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածը: Արտերկրից Բագրատաշենի մաքսակետով Հայաստան բեռներ ներկրող եւ նույն մաքսակետով Հայաստանից բեռներ արտահանող խոշոր բեռնատարները Երեւանից մեկնում կամ Երեւան են հասնում Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհով: Հաճախ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենաների առաջ հայտնվում է բեռնված ֆուռ, որը երթեւեկում է շատ ցածր արագությամբ: Մարդատար ավտոմեքենաների վարորդները կա՛մ պետք է ցածր արագությամբ մոտ 6 կմ հետեւեն խոշոր բեռնատարին, կա՛մ էլ դրան վազանցելով՝ խախտեն հոծ գիծը, ինչը կարող է նկատվել ճանապարհային տեսուչների կողմից: Տավուշի մարզի վարորդները «Ժողովուրդ»-ին բողոքել են այդ իրավիճակից: Նրանք կարծում են, որ 6 կմ հատվածում ճանապարհին միայն հոծ գծի առկայությունը ծուղակ է ավտոմեքենաների վարորդների համար:

 

 

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՆՈՐ ՊԵՏԸ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ԲԱՐԵԿԱՄ
Տավուշի մարզը սպասարկող Իջեւանի տարածքային հարկային տեսչությունում վերջին ժամանակաշրջանում փոփոխություններ են կատարվել: Հարկային տեսչությունը տեղափոխվել է նոր շենք, որը խիստ հսկողության տակ է, եւ մուտք գործողները պետք է ստուգումների ենթարկվեն: Սակայն ամենամեծ փոփոխությունները կադրային ոլորտում են: Տարածքային հարկային տեսչության պետ Կարեն Այվազյանը շատ կարճ ժամանակ աշխատեց: Կ. Այվազյանը գիտեր ու ասում էր, որ ինքն Իջեւանում երկար չի աշխատելու: Բացի նրանից՝ Իջեւանի տարածքային հարկային տեսչությունում աշխատանքից ազատվել է 3 աշխատակից: Իջեւան քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ նրանց աշխատանքից ազատվելու պատճառը եղել է այն, որ Իջեւանի՝ մեծ շահույթով աշխատող սուպերմարկետներից մեկից շատ քիչ հարկ է գանձվել: Մի քանի օր առաջ Կ. Այվազյանին Տավուշի տարածքային տեսչության պետի պաշտոնում փոխարինել է Արթուր Խաչատրյանը: Ըստ իջեւանցիների՝ վերջինս ծագումով Իջեւանի Աչաջուր գյուղից, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի բարեկամն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս