Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում հնաբնակների եւ նորեկների հակամարտությունը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երիտթեւի ներկայացուցիչ, ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին թիրախավորել է իր համար անցանկալի դատարաններին եւ դատավորների:

Իրավիճակ է փոխվել
Դեռեւս 2016 թվականից լուրեր են պտտվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հնարավոր հավակնորդը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին է, որը ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մտերիմ ընկերն է:
Այս կարգավիճակով ոգեւորված՝ Ռշտունին անկաշկանդ գործելու նորանոր հնարավորություններ է նվաճում: Դատական համակարգին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները պատմում են, որ Վազգեն Ռշտունին իրեն պահում է դե ֆակտո Վճռաբեկ դատարանի նախագահի կարգավիճակում. նա համակարգի արտոնյալն է:
Գրել էինք, որ 2016 թվականին մարզային մի քանի դատավորներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմում էին ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ եւ անցել էին բոլոր փուլերը, որ պետք է Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվեին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, բայց քանի որ շատերը Ռշտունու սրտով չէին, հրաժարվեցին իրենց դիմումներից:
Անցանկալի դատարանները
Բացի դատական համակարգում սեփական կադրերին տեղավորելու գործառույթից՝ Վազգեն Ռշտունին ձգտում է փոխել նաեւ մի շարք դատարանների նախագահների: Իսկ եթե նա ձգտում է, խարդավանքներ հյուսելով, իր ընկերական կապերն օգտագործելով՝ կկարողանա ՀՀ նախագահի նստավայրում գերակա դարձնել հենց իր տեսակետը:
Իսկ ինչպե՞ս է գործում Ռշտունին: Բոլոր այն դատավորները, որոնք թիրախավորված են նրա կողմից, ցանկացած վճիռ կայացնելուց հետո սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի, քանի որ հենց բողոքարկում եղավ, հասավ վերաքննիչ դատարան, անպայման ենթակա է բեկանման: Այդպես նախ պատրանք է ստեղծվում, թե արդարությունը վերաքննիչում հաղթեց, համ էլ դատավորները, որոնք անցանկալի են իր համար, դրվում են հարվածի տակ:
Օրինակ՝ եթե Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկը որեւէ քրեական գործով վճիռ է կայացնում, տուժող կամ մեղադրյալ կողմը դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարան, նախագահ Վազգեն Ռշտունին անձամբ է որոշում ինչպես վարվել բողոքի հետ: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ եթե իր ցանկալի դատարանը չի կայացրել վճիռը, ապա ներկայացված բողոքը քննվում է, բեկանվում եւ ուղարկում է նույն դատարան՝ նոր քննության, ինչը հնաբնակ դատավորների մոտ լուրջ դժգոհությունների տեղիք է տալիս:
Իսկ եթե, օրինակ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որեւէ գործով վճիռ կայացնի, եւ կողմերից մեկը բողոքարկի այն ՀՀ վերաքննիչ դատարանում, ապա դատական համակարգում վստահ են, որ վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը անգամ վարույթ չի ընդունի: Ընկերական կապեր կան:
Այսկերպ Վազգեն Ռշտունին ցանկանում է իրեն մատուցել իբրեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միակ արժանի փոխարինող, ով տիրապետում է համակարգին ամբողջությամբ: Սակայն նրա հաշվարկները կարծես թե ճիշտ դուրս չեն եկել:
Ո՞վ կլինի Վճռաբեկի նախագահ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ 2018 թ. ապրիլին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ինքնաբերաբար ազատվում է այդ պաշտոնից, եւ նրան փոխարինելու պետք է գա այն մարդը, ով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 165 հոդվածով նախատեսված պահանջներին: «Վճռաբեկ դատարանի դատավոր կարող է նշանակվել քառասուն տարին լրացած անձը»: Քանի որ Վազգեն Ռշտունին ծնվել է 1980թ. եւ մյուս տարի կդառնա 38 տարեկան, ուստի նրա անունը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուների շարքից ինքնաբերաբար դուրս է գալիս, եթե, իհարկե, նախագահականում չորոշեն շրջանցել օրենքի պահանջը:
Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ամենահավանական թեկնածուն այս օրերին, որ քննարկվում է ՎԴ նախագահի պաշտոնում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է: Նախկին դատավորը 2011 թվականից մինչեւ 2017 թվականը, լինելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, բոլոր ընտրություններին մեծ ծառայություն է մատուցել իշխանություններին եւ արժանի է գնահատանքի:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում, սակայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ես նմանատիպ հարցով որեւէ մեկնաբանություն չունեմ»: Մեր այն հարցին, որ եթե նման առաջարկ լինի, կվերադառնա՞ք դատական համակարգ, Մուկուչյանը պատասխանեց՝ երբ կլինի, խոստանում եմ առաջինը Ձեզ տեղեկացնել:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ԽԻՍՏ ԼԻՆԵԼ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամների, ինչպես նաեւ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական գործընթացը փոթորկել է քրեակատարողական հիմնարկների կյանքը: Դատական նիստերի օրերին «օդը կանգնում է» բանտերում:
Տեւական ժամանակ է, ինչ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների, ինչպես նաեւ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստերն անցնում են լարված մթնոլորտում: Դատական նիստերից առաջ փորձ է արվում խուզարկել փաստաբաններին, սակայն նրանք դիմադրում են՝ փաստարկելով, որ դատական համակարգն իրավունք չունի նման խուզարկության: Ու քանի որ կալանավորվածները հարազատների հետ չեն տեսակցում, փորձում են փաստաբանների միջոցով որոշակի բաներ փոխանցել, գործողություններ կազմակերպել, ինչը իրավապահները ցանկանում են տապալել: Սա է պատճառը, որ նշանակված դատական նիստերի օրերին քրեակատարողական հիմնարկներում եւ դատարաններում ուղղակի քաոս է սկսվում: Իրավապահ համակարգի ողջ ուշադրությունը բեւեռվում է քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների կողմ, մյուս դատարաններում այլ գործերով նիստերի ժամանակ այլ կալանավորների պարզապես դատարան չեն բերում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ, օրինակ, հունիսի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի նախկին ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի մասով հարուցված քրեական գործով դատական նիստը: Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանը: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կալանավորին չեն բերել դատարան:
Իսկ ինչն է պատճառը, որ Գեւորգ Բրուտյանին Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չեն ներկայացնում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կամ Ժիրայր Սէֆիլյանի գործերով դատական նիստերի օրը հրահանգ կա այլ կալանավորների դուրս չհանել բանտերից: Իրավապահների ողջ ուժերը կենտրոնացած են խմբավորման անդամների եւ Ժիրայր Սէֆիլյանի վրա՝ որպես ծայրաստիճան վտանգավոր հանցագործների:
Իսկ մյուս կալանավորվածների իրավունքները փաստացի ոտնահարվում են, քանի որ նրանց գործերով դատական նիստերը հետաձգվում են:
Հ.Գ. «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանը հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ իրենց պաշտպանյալը երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում ենթարկվել է խոշտանգման եւ ծեծի: Ըստ պաշտպանների՝ Խանդոյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Խանդոյանին ծեծել եւ խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԵՐՕՐՅԱ ԷԼԻՏԱՐ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ

Factor.am-ը դեռեւս մեկ ամիս առաջ գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա եւ նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակը` խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով եւ որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։ Պաշտպանության նախարարությունը հունիսի 28-ին պատասխանել է մեր գրավոր հարցմանը:

Սկսենք այն պաշտոնյաներից, որոնց զավակները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։
Նրանք են՝
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկ Կարապետյանը։
Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկի՝ տարբեր նախարարական պորտֆելներ կրած, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին՝ նախկին դատավոր Արտակ Զախարյանը։
ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկի՝ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները։
Գյումրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանի որդին՝ մշտապես սկանդալային պատմություններում հայտնվող Սպարտակ Ղուկասյանը։
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների որդիների թվում են նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը։
«ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր, նախորդ գումարման խորհրդարանի հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։
ԱԺ գործող պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանի որդին՝ «Արփա-Սեւան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը։
Հայրենիքին իրենց պարտքը չեն մատուցել նաեւ Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի որդին՝ Վարդան Ցոլակյանը,
Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը,
գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդին՝ Էդուարդ Առաքելյանը,
նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը։
Ուշագրավ է, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել անգամ Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը։
Վերջում նշենք, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել նաեւ Հայաստանի վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը։ Թե ինչ հիմքով են նշված անձինք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, պաշտպանության նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ դա անձնական տվյալ է։
Պաշտպանության նախարարության պատասխանում ներկայացված են նաեւ այն պաշտոնյաների զավակները, որոնք օրենքով սահմանված հիմքերով տարկետման իրավունք են ստացել։
Նրանք են՝
ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդիները՝ Ալեքսանդր եւ Բորիս Առաքելյանները։ Նրա մյուս որդին, ինչպես արդեն նշվեց, ազատվել է ծառայությունից։ Գեներալ Սեյրան Սարոյանը եւս իր մյուս որդուն՝ Աշոտ Սարոյանին, զերծ է պահել ծառայությունից` տարկետման հիմքով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս