Երևանում կգործեն զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման կենտրոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջիկների տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: Ընթացիկ աշխատանքների համակարգումը կիրականացվի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանի կողմից:

«Հաշվի առնելով մայրաքաղաքում զբոսաշրջիկների տարեցտարի նկատվող հոսքերի ավելացումը՝ ակնհայտ է, որ Երևանի կենտրոնական հատվածներում տեղեկատվության աջակցության կենտրոնների ստեղծման անհրաժեշտություն կա:
Ընդ որում, զբոսաշրջիկներին սպասարկելուց բացի, այդ կետերը մեր համաքաղաքացիների համար կարող են դառնալ նաև որպես կոմունալ և այլ տեսակի վճարումներ կատարելու լրացուցիչ հարթակներ:
Հնարավորին կարճ ժամանակում համատեղ քննարկեք և ներկայացրեք առաջարկություններ, որպեսզի արդեն այս տարվանից տեղեկատվության աջակցության այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների, և թե՛ քաղաքի հյուրերի համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս