Ինչ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այսօր ՀՀ արտգործնախարարը կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարներին ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով, որի շրջանակներում էլ հնարավոր է կայանա վերը նշված հանդիպումը: Այդպիսի հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ հայտնի էր դարձել դիվանագիտական աղբյուրներից, Նալբանդյանը եւս չէր բացառել հուլիսին նման հանդիպման հնարավորությունը:

Ինչպես նախորդ պաշտոնական հանդիպումներից առաջ, այս անգամ եւս սահմանում իրավիճակ համեմատաբար ավելի լարված է: Իսկ ինչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից: Նախ նշենք, որ այսօր նախատեսված հանդիպումից օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցավ Ալխանլիի միջադեպը (երբ պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը քաղաքացիական զոհեր ունեցավ), որը միջազգային աննախադեպ մեծ արձագանք ունեցավ: Հենց այդ հայտարարություններից հետո միջազգային կազմակերպությունները բարձրաձայնեցին ռազմական ճանապարհով խնդրի լուծման անթույլատրելիության մասին, իսկ օրինակ ԵԽԽՎ-ն բարձրաձայնեց Արցախի կարգավիճակի հարցը:

Ահա հենց այս իրավիճակում է Վիեննայում տեղի ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Թե ինչ օրակարգ է լինելու, պարզ չէ՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումների արդյունքում առաջացած իրավիճակը:
Ընդգծենք եւս մեկ կարեւոր հանգամանքի մասին. այս ընթացքում չեն կատարվել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ոչ մեկը, իսկ հայկական կողմը մշտապես նշում է դրանց կատարման կարեւորության մասին, որից էլ պետք է բխի բանակցությունների հետագա ընթացքը: Այսօր կայանալիք հանդիպման ընթացքում կամ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի նոր իրավիճակում ինչ-որ սկզբունքներ մշակելու համար, կամ էլ իրավիճակը մնալու է այնպիսին, ինչպիսին ներկայումս է:

Հավելենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարեւորության մասին երեկ բարձրաձայնել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Քիշնեւում Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ասուլիսում: «Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների համար ողջ պատասխանատվությունը», – նշել էր նա:

Հ. Գ. Մինչ փորձ է արվում շարունակել բանակցությունները, երեկ գիշեր դարձյալ սահմանին մեկ զոհ ունեցանք:




Լրահոս