Չոր եղանա՞կն է պատճառը, թե՞ մաշված պոմպակայանները. աստղաձորցիների բողոքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ ոռոգման ջրի խնդիր ունեն: Նրանք ջուր չունենալու պատճառով չեն կարողանում իրենց կարտոֆիլի հողատարածքները ոռոգել: Այս խնդրի լուծման պահանջով էլ երեկ աստղաձորցիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը:

Աստղաձորի բնակիչների կողմից բարձրաձայնած հարցերի շուրջ երեկ նույնիսկ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է խոսել` հայտարարելով, որ եթե գյուղացին ջուր է ուզում, ապա պետք է դրա համար վճարի: «Իրենք ասում են, որ հայտարարված 510 հեկտարից ընդամենը 80 հեկտարի պայմանագրեր ունեն, հետեւաբար, 80 հեկտարի ջուրը տրամադրվել է, եթե ուզում են ջուր ունենալ, պետք է վճարեն ջրի համար ու պայմանագիր կնքեն: Ջրպետկոմիտեի մեկնաբանությունն եմ ես փոխանցում, որ իրենք ասել են` «եկեք պայմանագիր կնքեք, ջուրը ստացեք», գյուղացիները հրաժարվում են պայմանագիր կնքելուց»,- իրեն հատուկ ցինիոզմով հայտարարել է գյուղնախարարը:

«Գեղարքունիք» ՋՕԸ-ի տնօրեն Ռոբերտ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով աստղաձորցիների բողոքի ակցիային՝ ասաց, որ ստեղծված խնդրի պատճառը եղանակային չոր պայմաններն են: «Տարին չորային է, եւ ջրի պահանջարկը շատ է, քան նախորդ տարիներին: Մեր պոմպակայաններն ամբողջ հզորությամբ աշխատում են: Ժողովուրդը ավելի շատ ջրամատակարարում է ուզում, բայց մեզ հետ չունի կնքած պայմանագիր: Մենք խնդրին լուծում կտանք այն դեպքում, երբ իրենք մեզ հետ պայմանագիր կնքեն, եւ ՋՕԸ-ն կսպասարկի այդ տարածքները», – հայտարարեց Մինասյանը:

Իսկ ահա Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, մեկնաբանելով Ռոբերտ Մինասյանի խոսքը, վրդովված նկատեց. «Ո՞վ ասեց, որ մարդիկ պայմանագիր չունեն կնքած: Եթե ջուր չկա, ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը: Այն մարդիկ, ովքեր կնքած պայմանագիր ունեն, միեւնույն է` ջուր չունեն: Ամբողջ գյուղը կանգնած է ոռոգման ջրի խնդրի առաջ»:

Նա զրույցի ավարտին հայտարարեց, որ ոռոգման ջրի խնդրի պատճառը մաշված պոմպակայաններն են: «Դրանք վերանորոգման կարիք ունեն: Մարզպետարանում այս խնդիրը քննարկվել է, հարցը լուծման փուլում է գտնվում»,- վստահեցրեց գյուղապետը: Նրա խոսքով, խնդրի լուծումը գտնվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի տիրույթում, որն էլ պետք է կարգավորի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս