ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Ծաղկավան համայնքի բնակիչ Սահակ Խաչատրյանը առանց որևէ դրդապատճառի որոշել է կյանքից զրկել համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին: Արդյունքում վերջինս համայնքի ղեկավար Ղազարյանին պատկանող Պրադո մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի դռան բռնակի վրա դրսից լցրել է ցինկի ֆոսֆիդ, սակայն Սահակ Խաչատրյանը հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել:
Տեղեկացանք, որ այս արարքի համար Սահակ Խաչատրյնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածով: (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով եւ 104 հոդվածի առաջին մասի` 1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, հատկանիշներով»: Նշենք, որ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
ArmLur.am-ի հետ զրույցում Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը հայտնեց, որ իրեն եւս անհասկանալի է, թե ինչու է Խաչատրյանը նման քայլի գնացել «Մենք իրար հետ որեւէ խնդիր չենք ունեցել եւ բավականին մտերիմ ենք եղել: Իր հետ խոսում եմ, ասում եմ ինչու ես նման բան արել, պատասխանում է, թե խմած է եղել, բան չի հիշում, էլ նման բան չի անի: Ամեն դեպքում պարզ չէ»:
Ըստ gյուղապետի` այս ամենի հետեւում պատվիրատուներ կան, ասել է, թե Ծաղակավանի բնակիչ Սահակ Խաչատրյանին օգտագործել են, որ նա համայնքի ղեկավարի մեքենայի մեջ ցինկի ֆոսֆիդ`մկնդեղ լցնի եւ այդ ճանապարհով նրան սպանի. «Խաչատրյանը իմ հանդեպ նման բան չէր անի, սա պատվիրատու ունի»:
Իսկ թե ովքեր կարող են լինել պատվիրատուները, վերջինս ասաց, որ կասկածներ ունի, բայց կասկածները հիմք չեն, որ մարդուն մեղադրի:
Իսկ ինչպես է համայնքի ղեկավարը պարզել, որ իր դեմ դավադրություն է իրականացվում, նա հայտնեց, որ նկատողներն են եղել, որ Խաչատրյանը մեքենայի շուրջ գործողություններ է իրականացնում եւ իրեն հայտնել են, ինչից հետո պարզվել է եղելությունը:
Քնար Մանուկյան