Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ ապօրինի վճարնե՞ր է հավաքագրել. բացօթյա սրճարանների ապամոնտաժման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց ապամոնտաժել Թումանյան փողոցի բացօթյա սրճարանները: Իսկ մինչ այդ ուղտի ականջում քնած էր:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական պարզաբանման՝ Թումանյան փողոցի բացօթյա սրճարանների գործունեությունը խոչընդոտում էր հետիոտնի անցուդարձը` չնայած այն բանին, որ երկար ժամանակ այս բացօթյա սրճանները կային, գործում էին: Այն ժամանակ քաղաքապետին չէր հետաքրքրում, որ դրանք խանգարում են հետիոտնին: Հետաքրքիր է, թե ինչու քաղաքապետը որոշեց հենց ամառային շրջանում «մտածել» հետիոտնի մասին:

Տեղեկացնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի արդյունքում այսօր քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, Առեւտրի եւ սպասարկումների վարչությունները հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների աջակցությամբ իրականացրել են մայրաքաղաքի Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչեւ Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում առկա բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքներ:

ArmLur.am-ն ականատես եղավ, թե ինչպես են քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները՝ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի հրահանգով քանդում բացօթյա սրճարանների ծածկերը, իսկ աթոռները, սեղանները տեղափոխում այլ տարածք` այդկերպ վնասներ հասցնելով տնտեսվարողներին:

Քաղաքապետարանը զգուշացնում է նաեւ, որ այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ եւ կիրառվելու են բոլոր այն վայրերում, որտեղ սեզոնային սրճարաններն ու հասարակական սննդի օբյեկտները շահագործող տնտեսվարողները գերազանցել են իրենց գործունեությունը կազմակերպելու համար քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքները:

Երեւանի քաղաքապետարանն այս առիթով տարածել է նաեւ հաղորդագրություն այն մասին, որ այս աշխատանքները նպատակ չունեն սահմանափակելու կամ արգելելու սեզոնային այս գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների առեւտրային գործունեությունը:

Եթե քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, նպատակ չունի սահմանափակել տնտեսվարողների գործունեությունը, ապա ինչու հիմա որոշվեց «սահմանափակել նրանց գերազանցած գործունեությունը»:

Չէ՞ որ նրանցից տարիներ շարունակ տեղական բազմապիսի տուրքեր են գանձվել:

Ստացվում է, որ բացօթյա ապօրինի սրճարանների համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ ապօրինի վճարներ է հավաքագրել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս