Որքան արժեն «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի տարբեր շրջաններ տեղափոխող տաքսի ծառայությունների գները

Ինչպես հայտնի է` «Զվարթնոց» օդանավակայանից «Աէրոպրոտ Սերվիս» ընկերությունը զբոսաշրջային երթուղիների համար բարձր սակագներ է առաջարկում:

Օրինակ`օդանավակայանից դեպի Երեւան նույն ընկերությունը առաջարկում է 4000-6000 դրամ, Էջմիածին`4000-5000, Ծաղկաձոր`16000-18000, Սեւան`17000-19000, Գյումրի`21000-23000, Դիլիջան`23000-26000, Գորիս`44000-47000, իսկ ահա Ստեփանակերտ`70000-73000 դրամ: Մինչդեռ Երեւանից նշված ուղղություններով կարելի է ճանապարհորդել ավելի մատչելի գներով: Այսինքն այս ընկերությունը մի քանի անգամ թանկ գին է առաջարկում օդային ճանապարհով Երեւան ժամանող զբոսաշրջիկներին:

Այս խնդրի շուրջ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ հանդիպում է տեղի ունեցել օդանավակայանի ղեկավարության հետ: «Այդ հանդիպման ժամանակ իրենք պարտավորվեցին երկրորդ, երրորդ տաքսի ընկերություններին թույլ տալ աշխատել: Այժմ օդանավակայանը բանակցություններ է վարում այդ ընկերությունների հետ, բայց պահանջները խիստ են, քանի որ ավտոմեքենաները պետք է լինեն որակով, իսկ վարորդները` կոկիկ: Շատ շուտով այս հարցին լուծում կունենանք»,- վստահեցրեց նախարարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն մեկ ընկերության հետ պայմանավորվածություն կա: Ապա նկատեց, որ ցանկացած մրցակություն բերում է գների իջեցմանը:

«Այնուամենայնիվ, նախարարությունը իրավսու չէ իրենց վրա սակագին հաստատել: Եւ չնայած սրան`մենք շարունակելու են պահանջել իջեցնել գները: Դրա արդյունքը կլինի այն, որ երկրորդ կամ երրորդ ընկերությունը դաշտ մտնի եւ մրցակցությունը բերի գների իջեցման»,- լրացրեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Այս ամենի արդյունքում զարմանալի է, թե ինչպես ստացվեց, երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսեց ուսումնասիրել տաքսի ծառայությունների ոլորտը, ինչու «Զվարթնոց» օդանավակայանում մոնոպոլիա սահմանած «Աէրոպրոտ Սերվիս»-ը չհայտնվեց իրենց տեսադաշտում: