Համայնքային ծառայության զարգացումը կարևորագույն քայլ է տեղական ժողովրդավարության կայացման գործում

Համայնքային ծառայության զարգացումը կարևորագույն քայլ է տեղական ժողովրդավարության կայացման գործում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է համայնքային ծառայողների վերապատրաստման համակարգի բարելավման նպատակով կազմակերպված քննարկմանը: Միջոցառմանը ներկա էր նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը:

Ողջունելով ներկաներին` Վաչե Տերտերյանը նշել է, որ այսօր խնդիր է դրված ընթացիկ բարեփոխումները մշտապես զուգակցել համայնքային ծառայության, մարդկային ռեսուրսի համարժեք զարգացման անհրաժեշտությամբ: «1996 թվականից, երբ ներդրեցինք տեղական ինքնակառավարման համակարգը, անմիջապես սկսեցինք առնչվել այս խնդրի հետ: 2004-2005 թվականներին ընդունեցինք համայնքային ծառայության մասին օրենքը, ինչով արմատավորեցինք համայնքային ծառայությունը տեղական ինքնակառավարման համակարգում : Սա համակարգային երևույթ էր և կարևորագույն առաջին քայլն էր տեղական ժողովրդավարության կայացման գործում»,- ասել է Վ. Տերտերյանը` հավելելով, որ այսօր արդեն այդ համակարգը նոր բարեփոխման փուլում է:

Քաթրին Շեֆերն էլ իր խոսքում նույնպես նշել է, որ մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային նշանակություն ունի տեղական ինքնակառավարման համակարգում և այս ծրագրի շուրջ բազմաթիվ քննարկումներր են եղել նախարար Դավիթ Լոքյանի հետ: Թիմի ղեկավարն անդրադարձել է նաև ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը` մասնավորապես Գերմանիայում տարված մեկշաբաթյա արդյունավետ աշխատանքին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Գույքագրման վերլուծության» արդյունքները, ՏԿԶ նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Արա Ռոստոմյանը ներկայացրել է հունիսի 12-18-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա նահանգ ուսուցողական այցելության արդյունքները, որի ժամանակ նախարարության, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերի համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարները ծանոթացել են Բավարիա նահանգի կառավարության տարբեր մակարդակների վարչական ապարատների կառավարման կառուցվածքներին, գործառույթներին և գործընթացներին, ինչպես նաև անձնակազմի զարգացման հիմնահարցերին: Այցի նպատակն էր կազմակերպել գիտելիքի և փորձի փոխանակում հանրային ծառայությունը կանոնակարգող օրենսդրական դաշտի, համայնքային ծառայողների հավաքագրման գործընթացների, հաստիքային առանձնահատկությունների, վարձատրության, կարիերայի զարգացման, որակավորման և վերապատրաստման վերաբերյալ:
Երևանյան միջոցառման ավարտին հետագա գործունեության վերաբերյան տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են նոր առաջարկներ: