ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մրցակցային, բայց իրականում մոնոպոլ. Հայաստանում բենզինը այդպես էլ չի էժանանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրական տվյալներով, այս տարվա հունիսին մայիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության`այս տարվա հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.1 տոկոս գնանկում եւ դիզելային վառելիքի 13.4 տոկոս գնաճ: Իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ` այս տարվա հունիսին բենզինը թանկացել է 10.4 տոկոսով, դիզելային վառելիքը 13.9` տոկոսով:
Նկատենք, որ այս տարվա հունվարի 27-ից ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը սկսեց բարձրանալ` 330 դրամից հասնելով 380 դրամի: Այսօր Հայաստանի բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380 դրամով, պրեմիում տեսակի բենզինը` 400 դրամ, սուպերը`420 դրամ:

Այս առիթով նույնիսկ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բենզինի հայաստանյան շուկայում ուսումնասիրություններ անցկացրեց: Սակայն ապարդյուն: Քանի որ ըստ հանձնաժողովի` բենզինի ձեռքբերման գնի բարձրացման հետեւանքով երկրի ներսում մատակարարումներ իրականացնող ընկերությունների կողմից վաճառքի գինը բարձրացել է մինչեւ 50 դրամով՝ կազմելով 380 դրամ՝ 1 լիտրի հաշվով:
Ինչպես հայտնի է`բենզինի ոլորտում գործունեություն իրականացնում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Սի Փի Էս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն, ինչպես նաեւ «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն:
Իսկ վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ»եւ «Լուկօյլ» ընկերություններից:

Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ նավթամթերքի ինքնարժեքը բարձր է: Արդյունքում բենզինը մեր հանրապետությունում վաճառվում է թանկ գնով: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ Հայաստանը կարող է բենզին ներկրել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ այն անհամեմատ էժան է: Զարմանալի է նաեւ այն, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում իջնում է, Հայաստանի բենզինի շուկան դրան չի արձագանքում եւ այդքան արագ չի իջեցնում գինը, իսկ ահա նավթի գների բարձրանալու դեպքում մեզ մոտ միանգամից բարձրանում է նաեւ բենզինի գինը:
Ըստ տնտեսագետների՝ իրականում այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունում առկա է մրցակցային ցածր մակարդակ: Ինչը վառ արտահայտված է բենզինի շուկայում: Այդ շուկայում գործող մի քանի սուբյեկտներ, որոնք իբր թե ստեղծում են մրցակցության տպավորություն, իրականում իրար հետ փոխհամաձայնեցված են թանկացնում գները: Այս ամենից հետո ավելորդ է խոսել այն մասին, որ բենզինի ներկրմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, եւ այդ ոլորտը մոնոպոլ չէ:




Լրահոս