Ումի՞ց է 39 մլն դրամի չափով նվեր ստացել քաղաքապետի կինը. Տարոն Մարգարյանի ունեցվածքը զգալի ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն բանին, որ երկրում գնալով աճում է աղքատությունը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում զգալի ավելացել է:
Եթե նա 2011 թվականին հայտարարագրել է, որ ունի 115 մլն դրամի չափով դրամական միջոց, ապա հիմա այն կազմում է 250 մլն դրամ:
Նա քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրել է նոր հայտարարագիր, որտեղ նշված է, որ ունի երկու բնակարան, երկու ավտոտնակ, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություն, մեկ այգետնակ, անհատական բնակելի մեկ տուն, Mercedes-Benz S 450 մակնիշի մեկ ավտոմեքենա:
Բացի այս, մեկ ընկերությունում ունի 25 հազար դրամի չափով բաժնեմաս: Քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 5 մլն դրամ:

ArmLur.am-ը պարզեց, որ 2013 թվականից սկսած Տարոն Մարգարյանի ունեցվածքում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, քաղաքապետը 2013 թվականին ունեցել է երեք ավտոտնակ, երկու հատ բնակարան, անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն, մեկ ամառամոց, արտադրական նշանակության մեկ շինություն, երեք հատ ավտոմեքենա:
Բայց 2014 թվականին քաղաքապետը 15 մլն դրամով վաճառել է մեկ ավտոմեքենա եւ 156.5 մլն դրամով` մեկ հողամաս: Իսկ անցած տարի նա 25 մլն դրամով վաճառել է Mercedes-Benz G 500 մակնիշի ավտոմեքենան: Նկատենք, որ քաղաքապետը 2013 թվականին ներկայացրել է, որ ունի հասարակական նշանակության երկու, իսկ 2017-ին նշված է, որ ունի մեկ շինություն: 2013-ին նշել է, որ ունի երեք, բայց 2017-ի հայտարարագրում նշված է, որ ունի երկու ավտոտնակ: Իսկ հողամասն ու երկու ավտոմեքենաները վաճառել է:

Իսկ նրա կինը`Գոհար Սարգսյանը հայտարարագրել է ունեցած 50 մլն դրամի չափով դրամական միջոցը: Ի դեպ, նշենք, որ նույն 50 մլն դրամը նա ունեցել է նաեւ 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականներին:
Քաղաքապետի տիկնոջ հայտարարագրերի մեջ փոփոխություն նկատվել է միայն 2012 թվականին, երբ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած նվերը` ավելի քան 39 մլն դրամի չափով: Թե ումից է նա ավելի քան 80 հազար դոլարի չափով նվեր ստացել, այդպես էլ պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չկա:




Լրահոս