Արտառոց դեպք Շիրակում. «կացարանն ու հաճախորդները` մեզնից, պոռնկությունը` քեզնից». մայր ու աղջիկ բիզնես են հիմնել

Արտառոց դեպք Շիրակում. «կացարանն ու հաճախորդները` մեզնից, պոռնկությունը` քեզնից». մայր ու աղջիկ բիզնես են հիմնել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։

Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել է նաև 64-ամյա կնոջ դուստրն իր անչափահաս երեխաների հետ։

Գտնվելով ֆինանսապես անբարենպաստ վիճակում և չկարողանալով հոգալ բնակարանի ծախսերը՝ տանտիրուհին իր դստեր հետ միասին առաջարկել է իրենց տանը բնակություն հաստատած ամուսնալուծված կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ։

Նախաքննության տվյալներով՝ ստանալով համաձայնությունը՝ ավելի քան մեկ տարի մայր ու աղջիկ նպաստել են ամուսնալուծված կնոջ պոռնկությամբ զբաղվելուն՝ այդ նպատակի համար տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 64-ամյա կնոջը և վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: