ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան գլխավորած փոխգնդապետը փախավ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան գլխավորած փոխգնդապետը փախավ

Ինչպես հայտնի է` հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել էր Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:

Այս մասին իրենց պաշտպաններին հայտնել էին «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը:

Ավելին, Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը նշել էր. «Գագիկ Եղիազարյանն այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սէֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ: Այդ անձն է եղել, այսպես կոչված, օպերացիայի պատասխանատուն, երբ Գագիկ Եղիազարյանը պահանջել է, որպեսզի ընկերներին չհարվածեն եւ բռնության չենթարկեն, այդ անձը մի 10 ուղեկցողների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց եւ սկսել ծեծի ենթարկել նրան»,- պատմեց փաստաբանը:

Մխիթար Ավետիսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ նշել էր, որ պաշտպանյալը ներկայացրել էր. «Միջադեպի ժամանակ Մխիթար Ավետիսյանը դիմել է փոխգնդապետ Ղազարյանին եւ ասել` նայեք, եթե խնդիր չկա, լուծեք այս հարցը (խոսքը Արեգ Կյուրեղյանի ձեռքից վեցրված գրության մասին է), այդ պահին փոխգնդապետը հրել-գցել է Ավետիսյանին, մյուսները քարշ տալով` տարել են նրան»:

Եվ ահա Հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:

Արդյունքում, ՀՔԾ քննիչները մեկ շաբաթ անց միայն որոշեցին այցելել քրեկատարողական հիմնարկներ եւ հարցաքննության ենթարկել ծեծի ենթարկված խմբավորման անդամներին:

Ու մինչ ՀՔԾ քննիչները հարցաքննում են Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը ակտիվորեն շարունակում է իրականացցնել իր ծառայությունը: Այսօր մեր թղթակիցը նկատել է, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով դատական նիստի ժամանակ Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը իրականցնում էր ծառայությունը:

Նիստի ընդմիջման ընթացքում վերջինս բավականին ազատ շրջում էր դատարանի դահլիճում եւ ArmLur.am-ի թղթակիցը վերջինիցս հետաքրքրվեց, թե արդյոք նա է փոխգնդապետ Ղազարյանը, որը ղեկավարել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին ծեծի ենթարկելու օպերացիան, գնդապետը քմծիծաղով նշեց, թե ինքը չէ Ղազարյանը: Մեր թղթակիցը շարունակեց հետաքրքրվել, թե ինչու է ծեծի ենթարկել խմբավորման անդամներին, արդյոք նրան հրավիրել են հարցաքննության, Ղազարյանը շտապ լքեց դատարան շենք հրաժարվելով պատասխանել հարցերին:

Մանրամասները` տեսանյութում: