Ձեռք բերված զենքերը կիրառելու համար դեռ մարդիկ են պետք

Ձեռք բերված զենքերը կիրառելու համար դեռ մարդիկ են պետք

Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի զորամասեր այցի ժամանակ մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումներին, անդրադարձել զինված ուժերի պատրաստվածության խնդրին:

«Իհարկե, որևէ կասկած չկա, որ մեր բանակն օր օրի ուժեղանում է: Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջև:

….Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ և խիզախությամբ… Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում»,- հայտարարել է նա:

Ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է չհամաձայնվել Սերժ Սարգսյանի մտքերի հետ: Բայց նկատենք, որ կռվի դաշտում մարդու` որպես գլխավոր գործող անձի դերակատարության մասին խոսում է Սերժ Սարգսյանը, որի նախագահության օրոք Հայաստանից արտագաղթը հասել է աներեւակայելի չափերի:

Պաշտոնական տվյալներով Հայաստանից այս ինը տարիներին արտագաղթել է մոտավորապես 350-400 հազար մարդ: Իսկ սա ենթադրում է, որ այս տարիներին նվազել է նաեւ խելացի ու աննահանջ մարտիկների քանակը: Այնպես որ, համաձայնեք, ձեռք բերված զենքերն ու զինատեսակները դեռ բավարար չեն, հարկավոր են նաեւ դրանք կիրառողներ, այսինքն` աննահանջ մարտիկներ:

Արման Գալոյան