Քանի համայնք է խոշորացվել Լոռու մարզում, և որոնք կխոշորացվեն այս տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2015թ-ին Հանրապետությունում մեկնարկեց մի գործընթաց, որն ընդունված է անվանել համայքների խոշորացում: Փորձնական ծրագիրն իրականացվեց հանրապետության Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Լոռիում թվով յոթ՝ Աթան, Լորուտ, Ահնիձոր, Շամուտ, Մարց, Քարինջ համայնքները միավորվեցին Թումանյան խոշորացված համայնքի կազմում, որտեղ 2016-ի տերվարի 14-ին անցկացվեց նոր համայնքի ՏԻՄ ընտրություններ:

Համայնքների խոշորացման երկրորդ փուլով Հանրապետությունում ձևավորվեց 18 խոշորացված համայնք, որին Լոռու մարզը մասնակցություն չունեցավ: Խոշորացման երրորդ փուլը չի շրջանցում Լոռին, այն կկայանա նոյեմբերի 5-ին, որին Լոռու մարզից ընդգրկված են 61 համայնքներ: Գործընթացի արդյունքում դրանք կընդգրկվեն 10 խոշորացված համայնքների կազմում

«Տաշիրի տարածաշրջանից երեք՝ Տաշիր, Մեծավան և Սարչապետ, Ստեփանավանի տարածաշրջանում՝Ստեփանավան և Լոռի Բերդ համայնքները, ինչպես նաև Գյուլագարակ համայնքը, իսկ Թումանյանի տարածաշրջանից Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքները կդառնան խոշորացված համայնքներ»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի ՏԻՄ և համայնքային ծառայության բաժնի պետ Ժիրայր Ղուկասյանը:

Ըստ կառավարության գործունեության ծրագրի՝ նախատեսված է մինչև 2019 թվականը միավորել մնացած տարածաշրջանների համայնքները ևս: Կխոշորացվեն Գուգարքի, Սպիտակի տարածաշրջանների համայնքները, իսկ նախկին Թումանյանի տարածաշրջանից Չկալով և Դսեղ համայնքները:
Ֆինանսական միջոցների տնտեսում ու դրա հաշվին նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավում, որը կառավարության տեսլականն է, ինչին բնակիչներն ու շատ համայնքների ղեկավարներ թերահավատորեն են մոտենում.

«Նույն բանն ա լինելու, ձևական փոփոխություններ են անում»,-այսպես են մեկնաբանում գյուղացիները. «Գյուղերը քաղաքներին միացնելը սխալ է, այստեղ թե մշակութային խնդիրներ կան ու թե այլ տիպի հարցեր»:
Համայնքների խոշորացումը նախատեսում է նաև աշխատատեղերի կրճատումներ:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս