ԵՄ երկրները պետք է ճանաչեն Արցախը. չեխ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակն է, որ Եվրոպական Միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Նրա խոսքով՝ ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու հանգամանքն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, որն այս ընթացքում մշտապես ներկայանում է ավագ ընկերոջ կարգավիճակով եւ խաղաղությամբ ապրելու մասին զուտ հայտարարություններ անում:

Հիշեցնենք, որ Արցախ այցելելու եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Եվրամիության խորհրդարանի պատգամավոր Շտետինան իր գործընկերներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ) եւ Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) հետ հայտնվել էին Ադրբեջանի «սեւ ցուցակում», ապա Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում էին հայտարարել նրանց նկատմամբ: Սակայն այդ փաստը չի խանգարում, որ Շտետինան շարունակի գործունեություն ծավալել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի:

«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան:

-Պարո՛ն Շտետինա, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումն ինչպե՞ս եք տեսնում: Կարծես թե հանդիպումները եւ բանակցություններն այնքան էլ չեն բարձրացնում խնդրի լուծման հավանականությունը:

-Իհարկե, այդ կոնֆլիկտը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, եւ որքան հնարավոր է շուտ, քանի որ մահանում են անմեղ մարդիկ, մահանում են ադրբեջանցիներ, մահանում են հայեր: Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը Հայաստանի եւ Արցախի կողմն է: Եթե այս հարցում նրանց չաջակցենք, ապա նշանակում է չընդունել Հարավային Կովկասի պատմական ձեւով բաժանումը, սակայն նման բան չեն կարող թույլ տալ: Ես մեկ խնդիր եմ տեսնում. Արցախն արդեն 20 տարուց ավել է, ինչ առանձին պետություն է, չնայած այն դեռ ոչ ոք չի ճանաչել, նույնիսկ Հայաստանը: Չնայած դրան՝ Արցախն ունի իր առանձին քաղաքականությունը, ժողովրդավարական համակարգ, հաջողակ տնտեսություն: Արցախն իրավմամբ առանձին պետություն է, եւ ես կարծում եմ, որ արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը:

-Հայաստա՞նը պետք է առաջինը ճանաչի այն:

-Ո՛չ, պետք է այնպես անել, որ Եվրոպական երկրները սկսեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Դա շատ կարեւոր հանգամանք կլինի:

-Իսկ ինչո՞ւ մինչ այժմ դա չի արվել եւ չի արվում:

-Գիտեք, պատասխանն այնքան էլ դժվար չէ: Հարցն այն է, որ կա Հայաստան, որն ունի շատ հարուստ հակառակորդ` Ադրբեջանը: Նրա հետ բոլորը ցանկանում են առեւտուր անել, ինչն այս դեպքում շատ ավելի կարեւոր է, քան Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները: Ահա գլխավոր պատճառը: Ադրբեջանը բուրում է գազով եւ նավթով, այդ պատճառով էլ չկա աջակցում Արցախին եւ Հայաստանին:

-Չնայած անընդհատ հնչող կոչերին, օրեր առաջ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի դադարում: Սա արդյո՞ք խոսում է նոր պատերազմի հավանականության մասին:

-Բարդ է կանխատեսել, սակայն պատերազմի բռնկման վտանգը միշտ էլ առկա է: Պետք է հաշվի առնել, որ վերջերս սահմանին Ադրբեջանի կողմից կրկին սադրանքներ եղան, եւ միգուցե դրանք շարունակվեն: Պետք է հասկանալ սակայն, որ կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը շատ ամուր է, եւ Ադրբեջանը չունի այնքան ռազմական եւ քաղաքական ուժ` հաղթելու ղարաբաղցիներին: Լեռնային Ղարաբաղը վաղուց` դեռ 25 տարի առաջ հաղթեց այդ պատերազմում եւ ունակ է հաղթելու նաեւ մնացած բոլոր պատերազմները:

-Ադրբեջանը շարունակում է սպառազինվել եւ այդ տեխնիկան կիրառել սահմանին: Դա չի՞ նշանակում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր գործողությունների:

-Պետք է հաշվի առնել, որ միայն Ադրբեջանը չէ, որ նոր տեխնիկա է գնում, Հայաստանը նույնպես: Ռուսաստանի աջակցությունն այս հարցում Հայաստանը եւս ունի, եւ այն տեխնիկան, որ ցուցադրվեց Հայաստանի կողմից, դա եւս աջակցման ապացույց է:

-ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ե՞ւս կարող ենք դիտարկել բիզնես շահերի տեսանկյունից: Ամեն դեպքում, դա խնդի՞ր չէ:

-Ես միշտ ասել եմ, որ այս կոնֆլիկտն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին: Ես սա ասել եմ ոչ միայն ՀՀ խորհրդարանի անդամներին, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին: Ում է կոնֆլիկտն անհրաժեշտ, իհարկե, Ռուսաստանին, նրանց քաղաքականությունն այժմ էլ շարունակվում է եւ այն շարունակվում է ձեռնտու մնալ նրանց: Ես չգիտեմ, թե ինչ ձեւ է Ռուսաստանը տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծումը, սակայն կոնֆլիկտն ամեն դեպքում նրանց ձեռնտու է: Այժմ Ռուսաստանը ներկայանում է ավագ եղբոր տեսքով, ով ցանկանում է, որ բոլորը խաղաղ ապրեն, եւ այդ կերպ կարողանում է վաստակել հակամարտող բոլոր կողմերի վստահությունը:

-Իսկ ի՞նչ շահագրգռվածություն ունի ԵՄ-ն եւ արդյո՞ք ունի իրական լծակներ՝ այս խնդրի վրա ազդեցություն գործելու համար:

-Ֆեդերիկա Մոգերինին մի առիթով շեշտել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել պատերազմով: Այս ամենն ինձ հաճախ Ուկրաինայի հանդեպ Եվրոպայի քաղաքականությունը, որտեղ տնտեսական շահերը գերակայում են քաղաքական իրավիճակի հանդեպ: Եթե այս պարագայում եվրոպական քաղաքական գործիչներ կան, ովքեր վախենում են Մոսկվայից, ապա կան ոմանք էլ, որոնք վախենում են Բաքվից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս