Մաքսակետում հափշտակում են Հայաստան ներմուծված դիզվառելիքը. թիրախում Բարսեղ Բեգլարյանն է

Մաքսակետում հափշտակում են Հայաստան ներմուծված դիզվառելիքը. թիրախում Բարսեղ Բեգլարյանն է

Դիզվառելիք ներմուծող հայտնի ընկերություններին մաքսակետերում թալանում են: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձինք «Ֆլեշ» եւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից երկաթուղային տրանսպորտով ներմուծված հեղուկ վառելիքից տեւական ժամանակ հափշտակություններ են իրականացրել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1-ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանը մաքսակետի կշեռքավարների հետ որոշել է ստեղծել մի խումբ եւ Հայաստանի Հանրապետությունում գործող «Ֆլեշ» ու «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից Այրում-Ջիլիզա մաքսային կետով երկաթուղային տրանսպորտով ՀՀ ներմուծված հեղուկ վառելիքի շարժակազմերից հափշտակություններ կատարել:

Իսկ ինչ պետք է անեին կշեռքավարները՝ Սանդրո Առաքելյանը, Ռոմեո Ղուլիջանյանը, Արայիկ Սահակյանը: Նրանք հենց այն պաշտոնյաներն են, որոնք անձամբ են չափագրում եւ վագոնների կափարիչները կապարակնքում: Եվ ահա իրենց այս լիազորությունների շրջանակում էլ գործի են անցել: Պարզեցինք, որ վերջիններս 2014թ. դեկտեմբերից մինչեւ 2015թ. փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում երկաթուղով վերոնշյալ ընկերությունների կողմից ՀՀ ներմուծվող վառելանյութի շարժակազմերից, վառելանյութի չափագրման եւ վագոնների կափարիչները կապարակնքելու ընթացքում պարբերաբար հափշտակել են դիզվառելիքը:

Իրավապահները՝ ունենալով տեղեկություններ, որ մաքսակետում դիզվառելիքի պակաս է արձանագրվում, սկսել են ստուգումներ իրականացնել, որի արդյունքում էլ ազգային անվտանգության ծառայությունը հափշտակված 495 լիտր հեղուկ վառելիքը հայտնաբերել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Այրում-Ջիլիզա կայարանի անվտանգության ծառայության անձնակազմի վագոն-տնակի հարեւանությամբ:

Փաստորեն մաքսակետում անգամ չեն խնայել անգամ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին: Բանն այն է, որ մաքսակետերում ստեղծել են բանդա եւ այդպես թալանել են հայտնի ընկերություններին:

Կատարված արարքի համար Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1-ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանին, մաքսակետի կշեռքավարներ Սանդրո Առաքելյանին, Ռոմեո Ղուլիջանյանին, Արայիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրոդ կետերով` գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հավելենք, որ վերոնշյալ պաշտոնատար անձինք այն աստիճան զգուշ են գործել, որ շուրջ մեկ տարի թալանել են դիզվառելիքի խոշոր ներկրողներին, սակայն մնացել են անպատիժ:

Տեղեկացնենք, որ խումբը ընդհանուր հաշվով «Ֆլեշ» ՍՊԸ-ից 1մլն 78 հազար դրամի, իսկ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ից 1մլն 15 հազար դրամի չափով բենզին է հափշտակել:

Քնար Մանուկյան