ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության 5 կասկածելի գործարքները. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

factor.am-ը գրում է. «Հայաստանի իշխանությունները մշտապես հանդես են գալիս որոշումների կայացման թափանցիկության, հանրային քննարկումների կարևորության,  կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի և էլի նման  ականջահաճո  հայտարարություններով:  Դա, սակայն, ամենևին չի խանգարում, որ  ժամանակ առ ժամանակ` հանրությունից բառի ուղիղ իմաստով թաքուն, առանց որևէ քննարկման և նվազագույն թափանցիկության` կայացվեն որոշումներ և կնքվեն գործարքներ, որոնցից  փչող կոռուպցիայի գաղջահոտը դժվար է թաքցնել: Ընդամենը օրերս  կառավարությունը հերթական նման որոշումը կայացրեց:  Ներկայացնում ենք վերջին  5 կասկածելի ու աղմկահարույց գործարքները՝ սկսելով ամենաթարմից: 2017թ. հունիսի 23-ի նիստում գործադիրը որոշեց Երևանի Նորագավիթ թաղամասին հարող 163,2 հեկտար տարածքը տրամադրել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին:

Մի կողմից կառավարությունը հայտարարում է հավասար մրցակցության ապահովման մասին, մյուս կողմից՝ տանիք է դառնում առանց այն էլ գյուղոլորտը կլանող ընկերությանը՝ մյուսներին մրցակցությունից դուրս մղելով: Դժգոհություն առաջացավ, ու կառավարությունը ստիպված եղավ լրացուցիչ մեկնաբանմամբ հանդես գալ. ասաց՝ թերահավատությունը ժամանակի ընթացքում կփոխվի: Սա միակ արտոնությունը չէր «Սպայկային»: 2016թ. ապրիլի 15-ի նիստում կառավարությունը երեք տարով հետաձգեց Եվրոպայից թվով 200 ավտոմեքենա ներմուծելու համար ավելացված արժեքի հարկի վճարումը: Բարձրաստիճան այցեր այստեղ հաճախ են կատարվում՝ նախագահը, վարչապետը ամեն տարի այցելում են «Սպայկա» ընկերություն: Կառավարության բարեհաճ վերաբերմունքը զգացվել էր դեռ 2013 թվականի մայիսի 16-ին, երբ հրո ճարակ դարձավ ընկերության՝ 15 հազար քմ տարածք ունեցող սառնարանային տնտեսությունը։ Այդպես էլ պատճառը չիմացանք: Բացի այն, որ ապահովագրված էր, հրդեհը դեռ չմարած՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն խոսում էր փոխհատուցման մասին: Այդ օրերին կարկուտը ոչնչացրել  էր Արմավիրի տասնյակ  գյուղերի բերքը, բայց կառավարությունն այդպես էլ չփոխհատուցեց: Ազատ մրցակցության վերաբերյալ ճառեր ասող կառավարությունը, ոլորտում գիգանտ ընկերությանը մշտապես նոր հնարավորություն է տալիս:

«Սպայկան»  էլ գյուղմթերքի արտահանման հետ մեկտեղ անցավ կաթնամթերքի արտադրության ոլորտ, դարձել է շուկայում գին թելադրող, ինչից մթերող գյուղացիները խիստ դժգոհ են: Հաճախ են ճանապարհ փակում՝ ծիրանի և այլ միրգ-բանջարեղենի արտահանման գնի իջեցման դեմ: Եվ այս ամենի ֆոնին՝ 163 հեկտար տարածքի նվիրատվություն: Ընդ որում, նախագիծն օրակարգ մտավ կառավարության՝ ժամկետի փոփոխությամբ անցկացված նիստի վերջին պահին: Հաջորդ մութ պատմությունը կապված է «Որոտանի կասկադի» վաճառքի հետ: 2015թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարությունում ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը: Կառավարությունը վաճառքը թույլ էր տվել դեռ 2013-ի նոյեմբերի 21-ին՝ Տիգրան Սարգսյանի օրոք: Վաճառվում էին 3 ՀԷԿ-երը, թունելները, առբերիչ խողովակները, ջրընդունիչները, հողը և այլն: «Որոտանի կասկադն», այսպիսով, վաճառվեց 180 միլիոն ԱՄՆ դոլարով՝ «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը` հաջորդող տարիներին ևս 70 միլիոն դոլար ներդրում անելու և համալիրն արդիականացնելու պայմանով: Կառավարությունը կայացրեց ոչ թե մասնավորեցման, այլ ՓԲԸ-ի կողմից գույքի օտարման գործարք՝ բանակցային ճանապարհով: Սա թույլ տվեց գույքը չներառել մասնավորեցման ցանկում և չներկայացնել ԱԺ՝ խուսափելով հարցի քննարկումից:  180 միլիոն դոլարը կամ 86 միլիարդ 137 միլիոն 200 հազար դրամը հայկական կողմին  վճարվեց 2 փուլով` 2015 թվականի հուլիսի 30-ին և 2016-ի օգոստոսի 1-ին: Ուշագրավ է նաև, թե ինչի վրա է ամերիկյան` այդքան տարփողված խոշոր ներդրումը  ծախսվել. 14 մլրդ դրամը մտել է պետբյուջե՝ որպես ավելացված արժեքի հարկ, 15.5 մլրդ դրամը՝ շահութահարկ: 17.5 մլրդ դրամը փոխանցվել է ՊՆ-ին՝ որպես շահութաբաժին: 5 մլրդ դրամ որպես փոխառություն տրվել է էներգոհամակարգի ընկերություններին: Գումարի մի մասն էլ ուղղվել է 2015-16 թվականներին հոսանքի գնի սուբսիդավորմանը՝ «Էլեկտրիկ Երևան» շարժման արդյունքում: Որոշակի գումար է հատկացվել  նաև «Նաիրիտ» գործարանի 1800 նախկին աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը:

Այդպես էլ մութ մնացին բազմաթիվ դրվագներ՝ ինչպե՞ս էր որոշվել համալիրի արժեքը, ինչո՞ւ էր կայացվել գույքի օտարման որոշում, ինչո՞ւ այն  չընդգրկվեց մասնավորեցման ծրագրում, ինչո՞ւ խորհրդարանը տեղյակ չէր եղել գործարքից, ինչո՞ւ վաճառվեց  իր արժեքից մի քանի անգամ էժան, ինչո՞ւ  և ինչպե՞ս օրենքի խախտմամբ  վաճառվեցին  նաև ջրամբարները և, ի վերջո`  ինչո՞ւ  Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից բացառիկ նշանակություն ունեցող պետական այս կառույցը մասնավորեցվեց: 2015թ. օգոստոսի 20-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասը օտարել «Յուքոմ» ՍՊԸ-ին: Լինելով օտարերկրյա ներդրում, եվրոպական մշակույթի կրող կազմակերպություն՝ «Օրանժը» չդիմացավ հայաստանյան մրցակցությանը ու վաճառվեց կառավարական տանիք ունեցող ընկերության: Ֆինանսների այդ ժամանակվա նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմը» բավականին արտոնյալ վիճակում էր:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս